Մանկավարժին քիչ են վճարում, ուսուցչին քիչ են վճարում, խաղողը գյուղացուց էժան են մթերում, ռեստորանում օրվա հացը վաստակող երգչին հարկում են, որ խնայված միջոցներով Նիկոլ Փաշինյանի համար ավելի քան 55 միլիոնանոց նոր օդանավ գնեն։
Պարզվում է գործող եւ լավ վիճակի մեջ գտնվող օդանավն ինչ-որ մեկի ճաշակով չէ։ Սա բավական է, որ բյուջեից, ժողովրդից 55 միլիոն դոլար վերցնեն եւ օդանավ գնեն։
Իսկ ինչու օդանավ չգնեն, երբ արդեն սովորել են սեփական բարեկեցության համար բյուջեից հսկայական ծախսեր անել։ Կառավարական առանձնատան համար վերցրին երկու միլիոն դոլար, զրահապատ երկու ավտոմեքենաների համար՝ մոտ 700 հազար դոլար, պարբերական թանկ ուղեւորություններ արտերկիր բյուջեի հաշվին, այդ թվում կես միլիոն դոլարանոց ուղեւորություն հարկատուներիս հաշվին ԱՄՆ, վարչապետի եւ նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար մի խումբ թիկնապահներ, եւ այլն, եւ այլն։
Սկսեցին ուղղաթիռային վոյաժներով, հասան օդանավերին։ Այս ճանապարհը տանում է դեպի սուզանով եւ տիեզերանավ, ինչպես Պուշկինի հայտնի հեքիաթում։
Վերոհիշյալ ուսուցիչները, դասախոսները, բժիշկները, գյուղացիները, երգիչները, շինարարները, բոլոր աշխատող մարդիկ այսօր ցնցված են, կարկամած, երբ իմացան, որ վարչապետ Փաշինյանը գաղտնի որոշումով շեշտակի բարձրացրել է նախարարների, փոխնախարարների, մարզպետների աշխատավարձը։
Սա է այսօրվա իրականությունը ֆեյսբուքից, ֆեյքերի միջոցով ստեղծվող կեղծ իրականությունից դուրս։ Մի իրականություն, որտեղ ստեղծվում է նեղ կուսակցական նոմենկլատուրա՝ իմքայլականներով, եւ որտեղ ապրում է շոկի մեջ հայտնված մի ամբողջ ժողովուրդ։
Մի կողմում այդ նեղ նոմենկլատուրան է՝ իր ճոխ, ցոփ ու շվայտ կյանքով, մյուս կողմում այդ նույն ժողովուրդը՝ կքված հոգսերի, վարկերի տակ, որն ամեն օր ավելի ու ավելի բարձր է խոսում ոմանց ցոփ ու շվայտ կյանքի մասին։
Գեղամ Նազարյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը