29 10 2019

Ստյոպա Սաֆարյանը խախտում իրավական ու էթիկական նորմերը․ ՀՌՀ նախագահ․ Առավոտ

Ստյոպա Սաֆարյանը խախտում  իրավական ու էթիկական նորմերը․ ՀՌՀ նախագահ․ Առավոտ

Aravot.am-ը գրում է․ «Ծանոթ եմ պարոն Սաֆարյանի գրառմանը եւ ցավով պետք է նշեմ, որ սա առաջին դեպքը չէ, երբ զանգվածային լրատվամիջոցների գործունեությանը, ազատությանը, տեղեկատվություն ստանալու մատչելիությանը վերաբերվող գնահատականներում նա խախտում է ժողովրդավարական երկրներում գործող իրավական ու էթիկական նորմերը»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ պատասխանելով մեր հարցին՝ թե ի՞նչ գնահատական կտա «Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ»-ի ղեկավար Ստյոպա Սաֆարյանի՝ որոշ լրատվամիջոցների այսօրվա միջոցառումը լուսաբանելու արգելքի մասին:

Պարոն Սաֆարյանը նախօրեին հայտարարել էր, որ «News.am», «Hayeli.am», «168.am», «Yerevan Today», «7or.am», «Livenews.am» կայքերի, «5-րդ ալիք» ու «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունների համար մուտքը փակ է լինելու այսօրվա իր կազմակերպած միջոցառմանը: Այսօր «արգելանքի տակ ընկած» լրատվամիջոցների լրագրողներն, այնուամենայնիվ, փորձել են մասնակցել միջոցառմանը, սակայն Սաֆարյանը թույլ չի տվել ներս մտնել՝ համարելով, որ դա իր իրավունքն է:

Տիգրան Հակոբյանի համար Սաֆարյանի այս մոտեցումը տարօրինակ է.«Քանի որ պարոն Սաֆարյանը հանդիսանում է Հանրային խորհրդի անդամ, ղեկավարում է հասարակական կազմակերպություն եւ դիրքավորում է ինքն իրեն որպես ազատական գաղափարներ կրող անձ: Լրատվամիջոցների բնականոն գործունեությունը խոչընդոտելու Սաֆարյանի փորձերին, գնահատական տվել են  խոսքի ազատությունը պաշտպանող եւ լրագրողական կազմակերպությունները: Որպես Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ, ես կառանձնացնեմ հեռարձակողների նկատմամբ պարոն Սաֆարյանի խտրական վերաբերմունքը: Հիշեցնեմ՝ ՄԱՀՀԻ տնօրենին, որ «Երկիր մեդիա» եւ «ԹիՎի 5» հեռուստաընկերությունները լիցենզավորված հեռարձակող կազմակերպություններ են, որոնց անխափան գործունեությունը երաշխավորվում է ՀՀ Սահմանադրությամբ եւ ոլորտը կարգավորող օրենսդրությամբ, այլ ոչ թե առանձին անձերի եւ կազմակերպությունների ցանկությամբ եւ ընտրությամբ»: 

Aravot.am-ի հարցին՝ արդյոք այս վերաբերմունքը կարելի է դիտարկել ճնշում լրատվամիջոցների նկատմամբ, թե՞ սա պարզապես առանձին գործչի անվստահությունն է առանձին լրատվամիջոցների հանդեպ, Հակոբյանը պատասխանեց. «Լրատվամիջոցների նկատմամբ խտրական քաղաքականություն վարելը, մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը, ոչ իրավական լուծումներին դիմելն արդեն ճնշում է: Անշուշտ, պարոն Սաֆարյանի իրավունքն է իրավացիորեն չվստահել այս կամ այն լրատվամիջոցին, նույնիսկ ատել դրանց, կարծել, որ տվյալ լրատվամիջոցը հակապետական գործունեություն է ծավալել եւ այլն: Սակայն այդ կարծիքը իրավունք չի տալիս ոչ մեկին խախտել իրավական նորմերն ու խոսքի եւ մամուլի ազատության հիմնարար սկզբունքները»: Սաֆարյանն երեկ իր հայտարարության վերաբերյալ պարզաբանում էր գրել ֆեյսբուքյան իր էջում. «Իմ մասնավոր տարածքում, իմ անձնական միջոցառմանը ում ուզեմ, նրան էլ կանչելու եմ: Ում չեմ ցանկանում տեսնել, ոտք չի դնելու: Ինչպես ընդունված է աշխարհի բոլոր հետազոտական կենտրոններում, նման միջոցառումներին կարող են մասնակցել միայն ՀՐԱՎԵՐ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԸ ու դա մամուլի ազատության հետ կապ չունի: Մնացածները կարող են վերահեռարձակել Առաջին լրատվականի եթերը, եթե ուզում են: Մենք մեր դեմ վարվող հիբրիդային պատերազմի գործիքներին ու շարասյուներին մեր տուն չենք թողնում ու չենք թողնելու. դա մեր սուրբ իրավունքն ու պարտականությունն է: Մենք 5-րդ շարասյուների համար 1 միլիմետր անգամ չունենք: Մեր մեդիագործընկերները մեր գլխին տեղ ունեն»: Սաֆարյանի այս պարզաբանման առնչությամբ Հակոբյանն ասաց. «Դժվար է մեկնաբանել տվյալ տրամաբանությունից դուրս պարզաբանումը, բայց փորձեմ. մեր մասնավոր տարածքը մեր տունն է, սեփական խանութը, գրասենյակը:

Իսկ մեր անձնական միջոցառումը մեր ծննդյան օրերն են, հարսանիքներն ու կնունքները: Մասնավոր եւ անձնական չեն կարող լինել նախօրոք հայտարարված հանրային կառույցի կազմակերպած միջոցառումները, որոնց հրավիրվում են հանրային դեմքեր եւ լրատվամիջոցներ: Անշուշտ, յուրաքանչյուր կազմակերպություն ունի փակ միջոցառում անցկացնելու իրավունք, սակայն այս դեպքում հրապարակավ հայտարարվել է այդ միջոցառման մասին եւ հրապարակավ հնչեցվել է անցանկալի լրատվամիջոցների «սեւ ցուցակը», ինչը, կրկնեմ, անթույլատրելի է: Մի բան էլ ավելացնեմ՝ այո, որոշ լրատվամիջոցների կողմից սփռվող տեղեկատվական հոսքերը ուղղորդված են, խիստ միակողմանի եւ մանիպուլյատիվ (մանիպուլյացիաների, hate speech-երի քանակը նվազեցնելու, անաչառ լրատվությունն ապահովելու համար օրենսդրական կարգավորումներ են անհրաժեշտ, ինչի մասին բազմիցս հայտարարել եմ): Սակայն այդ հոսքերը ուղված են ոչ թե պարոն Սաֆարյանի, այլ իշխանությունների, ռեֆորմների, երկրի ազատականացման դեմ:

Ուստի Ստյոպա Սաֆարյանի՝ «մեր դեմ» արտահայտությունը այս կոնտեքստում չափից դուրս հավակնոտ է, հիշեցնում է Լյուդովիկոսներից մեկի տխրահռչակ արտահայտությունը. «պետությունը ես եմ»: Հուսով եմ, պարոն Սաֆարյանի կվերանայի իր մոտեցումները, այլեւս հարվածի տակ չի դնի պետության եւ իշխանությունների կողմից որդեգրած քաղաքականությունը, որի սկզբունքներից է խոսքի ազատության լիարժեք պահպանումը»:»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ