Հոկտեմբերի 29-ին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) գրասենյակում կազմակերպվել է «Հոկտեմբերի 27-ից 20 տարի անց. հայացք անցյալին, դասեր և մտորումներ» խորագրով քննարկումը:
Քննարկման կազմակերպիչներն ազդագիր են տարածել՝ արգելելով որոշ լրատվամիջոցների մուտքը քննարկմանը։
«Մուտքը news.am, hayeli.am, 168.am, yerevan today, 7or.am, livenews.am, 5-րդ ալիք ու Երկիր մեդիա հեռուստաընկերությունների և այլ քարոզչամիջոցների առջև փակ է: Սույն լրատվամիջոցներին ներկայացնող լրագրողները, տեսախցիկները դուրս են հանվելու դահլիճից»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ։
Քննարկման հիմնական բանախոսներն են ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, քաղաքական գործիչ Արկադի Վարդանյանը, քաղաքական գործիչ Անահիտ Բախշյանը, Հանրապետություն կուսակցության նախագահ և նախկին վարչապետ Արամ Զ. Սարգսյանը (ենթակա է հաստատման):
168.am-ը քննարկման բանախոսներից փորձել է ճշտել՝ ինչպես են վերաբերում նրան, որ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը նման արգելք է սահմանել միջոցառման լուսաբանման համար։
Արամ Զ. Սարգսյանը նշել է, որ որ չի գնալու այդ քննարկմանը և այլ հարցերի հեռախոսով չպատասխանեց։
Անահիտ Բախշյանը նշել է․ «Չեմ գնալու այդ քննարկմանը, այլ գործեր ունեմ, բայց լրատվամիջոցների համար մուտքի արգելքը սխալ եմ համարում, չեմ ողջունում, բայց, գիտեք, մյուս կողմից՝ Ստյոպա Սաֆարյանն է այդ կենտրոնի ղեկավարը և ինքն է որոշում կայացնում. այլ բան չեմ կարող ասել»։
Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ ասել է, որ ներկա է գտնվելու այդ միջոցառմանը և հանդես է գալու որպես գլխավոր բանախոս։
«Իսկ ինչ վերաբերում է որոշ լրատվամիջոցների մուտքի արգելքին, ապա պետք է ասեմ, որ շատ վատ եմ վերաբերվում այդ որոշմանը, բայց նաև հարգում եմ, քանի որ կազմակերպիչներն են այդպես որոշել։ Ինձ համար նման որոշումն անընդունելի է»,- ասել է Բաբաջանյանը։
Քննարկման մյուս բանախոսեներից՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանից և քաղաքական գործիչ Արկադի Վարդանյանից իրենց տեսակետը ճշտել չի հաջողվել։
«Հրապարակ»-ը նույնպես անդրադարձել է այս թեմային։ Թերթը գրում է․
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ու քաղաքական գործիչ Անահիտ Բախշյանը բոյկոտել են Ստյոպա Սաֆարյանի կազմակերպած քննարկումը՝ Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ։ Այս մասին մեզ ասաց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը՝ ասելով, որ հարգում է վերջիններիս այս որոշումը, քանի որ դա արժանապատիվ որոշում է։
Մենք փորձեցինք կապվել Անահիտ Բախշյանի հետ, սակայն հեռախոսազանգին պատասխանեց նրա քույրը, որը հաստատեց, որ Բախշյանը չի մասնակցելու այդ միջոցառմանը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը