12 10 2019

ԱԺ աշխատակազմը հերթական անգամ խախտեց Սահմանադրությունը. Արսեն Բաբայան

ԱԺ աշխատակազմը հերթական անգամ խախտեց Սահմանադրությունը. Արսեն Բաբայան

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀՀ ԱԺ աշխատակազմը հերթական անգամ խախտեց Սահմանադրությունը

Ազգային ժողովի աշխատակազմում Սահմանադրություն խախտելն արդեն ունի խրոնիկ բնույթ։ Եթե ինձ հարցնեն, թե ինչպե՞ս կներկայացնես ԱԺ աշխատակազմը, ապա շատ պարզ՝ սահմանադրախախտման չեմպիոն։

Խախտումը կրկին տեղեկատվություն ստանալու սահմանադրական երաշխիքի ոտնահարումն է, սակայն այս անգամ հետաքրքրական է մեկ այլ, ավելի վտանգավոր երևույթ։

Այսպես․

Պարզվում է, որ ՀՀ Ազգային ժողովում իշխող քաղաքական ուժի պատգամավորների պնդումները, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն անհարգալից է վարվել իրենց հետ, որ չի գնացել Ազգային ժողով, չունի հիմքեր։ Բանն այն է, որ, մեր համոզմամբ, ՀՀ ԱԺ-ից ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին ընդհանրապես չեն հրավիրել ԱԺ նիստին:

Այս համոզման համար հիմք է հանդիսացել այն փաստը, որ Babayan Consulting ընկերության կողմից ԱԺ աշխատակազմին հասցեագրված գրավոր հարցմանը մինչ օրս պատասխան չի տրվել, իսկ պատասխանելու համար օրենսդրությամբ սահմանված ժամկետն ավարտվել է:

Հարցմամբ պահանջել էինք, որպեսզի մեզ տրամադրվի Հրայր Թովմասյանին հրավիրելու գրությունը կամ որևէ այլ տեղեկություն, որը կհաստատեր այդ հրավերի առկայությունը: Իսկ եթե այդպիսիք չկան, ապա պարզաբանում՝ դրա բացակայության մասին:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարին նաև պաշտոնական գրությամբ նախազգուշացրել էինք, որ համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 189.7-րդ հոդվածի՝ Օրենքով նախատեսված տեղեկությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից ապօրինաբար չտրամադրելն առաջացնում է տուգանք:

Մենք պատրաստվում ենք ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարին տուգանելու հայց ներկայացնել դատարան:

Հիշեցնենք, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի կողմից սա արդեն 5-րդ դեպքն է, երբ վերջինս կոպտորեն ոտնահարում է Սահմանադրությունը և կոպտորեն խախտում է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ