Կառավարության Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ներկայացնելով նոր որոշման նախագիծը, ըստ որի՝ թույլատրվում է 17 տարեկանում տարկետում ստանալ, նշեց, որ եթե արտասահմանում սովորել ցանկացող դիմորդը համախպատասխանում է տարկետման պայմաններին, արդեն 17 տարեկանում նրան հնարավորություն տրվի տարկետում ստանալու։
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ այս որոշմամբ քաղաքացուն տարկետում կարող է տրվել մինչեւ 18 տարին լրանալը, ինչը օրենքի հետ որոշակի հակասություն ունի.
«Խոսքն ավելի շատ վերաբերում է բուժփորձաքննության անցնելուն: Բոլոր զինապարտները բուժփորձաքննություն են անցնում 18 տարեկանում մինչեւ զորակոչը: Այսինքն օրինակ, ուսանողը գտնվելով Լոնդոնում, պետք է վերադառնա, անցնի բուժփորձաքննություն, ստանա տարկետում եւ շարունակի: Այս նախագծով մենք ասում ենք 17 տարեկանում գնա արտասահման սովորելու, կավարտես, 22 տարեկանում կգաս, նոր բուժփորձաքննություն կանցնես: Մենք առաջարկում ենք, որ եթե նման բան ենք որոշում, փոփոխություն կատարենք նաեւ օրենքում, որովհետեւ զինակոչիկի պարտականությունները ծագում են 18 տարեկանը լրանալիս»,-նշեց պաշտպանության նախարարը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ իր հերթին նշեց, որ կարելի է սահմանել, որ այս կոնկրետ խումբ մարդկանց համար բուժփորձաքննությունն ավելի շուտ տեղի ունենա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը