Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Տարեցների միջազգային օրվա առիթով ուղերձ է հղել, որում ասվում է. «Սիրելի՛ տարեցներ,
Սրտանց շնորհավորում եմ Տարեցների միջազգային օրվա առիթով:
Այսօր մենք բոլորս ևս մեկ առիթ ունենք ավելի շատ ուշադրություն դարձնելու ձեզ՝ շրջապատելու հոգատարությամբ և ջերմությամբ:
Ձեր նկատմամբ ուշադրությունը, արժանապատվության ու իրավունքների նկատմամբ հարգանքը պետք է լինի բոլորիս հոգածության ներքո: Մեր ամենօրյա աշխատանքում մենք պետք է գործադրենք առավելագույն ջանքեր այս արժեքների պահպանման համար, ինչպես նաև ապահովենք ձեր սոցիալական պաշտպանությունը, մասնակցությունը հասարակական կյանքին ու առողջ ծերացումը:
Ձեր հարուստ կենսափորձը, որը նպաստել է մեր հասարակության բազմամյա գործունեությանը, պետք է օրինակ ծառայի երիտասարդ սերնդի համար:
Դուք մեր պատմական արժեքները կրողը և հասարակական զարգացման կայունությունը պահպանողն ու փոխանցողն եք:
Մեր երկրի Սահմանադրությամբ է երաշխավորված տարեցների արժանապատիվ ապրելու իրավունքը: Մարդու իրավունքների միջազգային սկզբունքները ևս պահանջում են լիարժեք երաշխավորել տարեցների իրավունքները, ապահովել նրանց առողջ, լիարժեք և արժանավայել կյանքը:
ՄԱԿ-ի հռչակած այս օրը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը սևեռել տարեցների իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրների վրա և շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր վաստակել են երջանիկ ծերության իրավունքը:
Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում ձեզ՝ ցանկանալով առողջություն և երջանիկ ծերություն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը