Երեւանի ավագանին որոշեց քաղաքի բյուջեի եկամուտներն ու ծախսերն ավելացնել 6,9 մլն դրամով:
Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը նշեց, որ այդ գումարից 3,6 մլն դրամը կուղղվի ձմեռային զորակոչի շրջանակներում Երեւանի քաղաքապետարանի ենթակայության կազմակերպություններում այլընտրանքային աշխատանքային ծառայության անցած 11 այլընտրանքային աշխատանքային ծառայողների դրամական բավարարման գումարները վճարելուն, իսկ 3,28 մլն դրամը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում Կարեն Դեմիրճյանի արձանի պատվանդանի կառուցման աշխատանքների իրականացման համար:
«Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Կարապետյանը նշեց, որ նախագծի երկրորդ մասին դեմ է. «Սկզբունքորեն դեմ եմ այս պահին մեր քաղաքաշինական, կրթական, մշակութային իրավիճակում նոր արձաններ դնելուն, այն էլ մի քիչ անհասկանալի ընթացակարգով, առանց մրցույթի, առանց հասկանալու ինչու եւ որտեղ: Եթե մի հոգի կա, որ արժանի է արձանի այս քաղաքում, դա Գրիգոր Հասրաթյանն է, բայց էլի չէի ուզի, որ այսօր դրվի, որովհետեւ ի վիճակի չենք համապատասխան որակի արձան ստեղծենք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը