24 08 2019

Ինչպե՞ս է խոշոր հրդեհ բռնկվել «Մալաթիա մոլում»․ պարզաբանում է ԱԻՆ աշխատակիցը

Ինչպե՞ս  է խոշոր հրդեհ բռնկվել «Մալաթիա մոլում»․ պարզաբանում է ԱԻՆ աշխատակիցը

Լրագրողների հետ զրույցում ԱԻՆ աշխատակիցը հայտնեց, որ «Մալաթիա մոլ»-ում հրդեհը նկուղային մասից էր զարգացել։

Նա նշեց, որ այրվել է և կահույքի արտադրամասը և մեծ քանակի շինանյութ՝ հիմնականում փայտանյութեր:

ԱԻՆ աշխատակիցը հայտնեց, որ բոլոր հրշեջներին աշխատում են շնչառական ապարատներով, այսինքն շնչելու համար ոչ պիտանի տեղամասերում, բարձր ջերմություն, անհասանելի տեղամասեր, ինտենսիվ այրում: Նա հավելեց, որ դեռևս մեծ աշխատանք կա անելու։

«Պայթյունավտանգ նյութեր այս պահի դրությամբ չեն հայտնաբերվել, իրենց ներկայացրել են միայն փայտանյութ: Ամեն մի տեղամասը 800 քմ է, 8 անգամ 800 քմ, չհաշված մյուս հատվածները: Թվերով այս պահին չեմ կարող ասել, թե որքան է կազմում հրդեհի մակերեսը, շատ մեծ է։ Հրդեհը արդեն տարածվել է, հրշեջներին իրենց բոլոր միջոցները ձեռնարկել են հրդեհը մարելու համար: Այս պահին արդեն տեղամասեր կան, որ արդյունավետ հրդեհի մեկուսացման են գնում, մյուս տեղամասերում դեռ չի հաջողվել: Եթե քաղաքացիները չխանգարեն ջրատար մեքենաների աշխատանքին, հուսով եմ ամեն բան բարեհաջող կավարտվի»,-նշեց նա՝ հավելելով, որ  մոտ 2 տասնյակ մարտական հաշվարկ է ներգրավված աշխատանքներին, գումարած քաղաքից ներգրավված ջրատարները եւ սեփականատիրոջ կողմից բերված մեքենաները:

Առևտրի կենտրոնի սեփականատեր Սամվել Ալեքսնյանը, ով ևս դեպքի վայրում է, ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ զրույցում նշեց, որ հրշեջ մեքենաներն ուշացոումով են շատացել, «եթե այն ժամանակ շուտ եկած լինեին, սենց չէր լինի»։

Օսիպյանը հարցրեց, թե որ կողմում կարող է կրակը տարածվել, իսկ Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Պռոստը վառվում ա, չորս կողմն էլ տարածված է: Սկզբից 4 հատ 2-տոննանոց մեքենա է եկել»: Գործարարը նշեց, որ չգիտի, թե որն է հրդեհի պատճառը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ