18 08 2019

«Խաղողօրհնեքի» հանդիսավոր կարգ՝ Կաթողիկոսի հանդիսապետությամբ

«Խաղողօրհնեքի» հանդիսավոր կարգ՝ Կաթողիկոսի հանդիսապետությամբ

Օգոստոսի 18-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին մեծ հանդիսավորությամբ նշել է Ս. Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Այս բերկրառատ օրվա առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանությունը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, Ս. Գայանե վանքում մասնակցել է Պատարագի սրբազան արարողությանը: Պատարագիչն էր Մայր Աթոռի Եկեղեցական  հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Ներկայացնելով տոնի խորհուրդը՝ պատարագիչ Սրբազանը մասնավորապես ընդգծել է.

«Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Հայ Եկեղեցու տերունի ու տաղավար տոներից է և առանցքային նշանակություն ունի մեր քրիստոնեական հավատքի համար։ Նախ այս իրողությունը մեր Փրկչի հրաշափառ Հարությունից հետո, մահկանացուներիս միջից առաջին հարության դեպքն է։ Աստվածամոր հարությունը և երկինք վերափոխությունը կատարվեց Աստվածորդու հարության ու համբարձման նմանողությամբ։ Եվ ինչպես Հիսուս երեք օր անց կնքված գերեզմանում հարություն առավ և օրեր անց համբարձվելով՝ կանգ առավ հրեշտակների ինը դասերից յուրաքանչյուրում, նույնպես և Տիրամայրը՝ երրորդ օրը հարություն առավ, պատանքները թողեց գերեզմանում և Փրկչի հետ հրեշտակների ինը դասերում կայանելով՝ բարձրացավ երկինք։ Դրա համար էլ Վերափոխման տոնը Հայ Եկեղեցում նշվում է ինն օր շարունակ»։

Վազգեն եպիսկոպոսը նաև հատկանշական է համարել, որ Վերափոխման սուրբ պատմությունը յուրօրինակ դաստիարակչական նշանակություն ունի ընտանեական կյանքում, ծնողների և զավակների փոխհարաբերություններում՝ հաղորդելով մայրական սեր ու գուրգուրանք, հավատարմություն և սրբություն, պատասխանատվություն, երախտագիտություն ու խոնարհում։

Սրբազան Հայրն անդրադարձել է նաև Հայոց Եկեղեցում կատարվող Խաղողօրհնեքի նշանակությանն ու ավանդույթին՝ ի մասնավորի հաստատելով. «Հիսուս Ավետարանում որպես որթատունկ է ներկայացվում, իսկ գինին՝ Տիրոջ արյուն Սուրբ Հաղորդության խորհրդի համար։ Այսօր օրհնվում են դաշտերն ու այգիներն առատ բերքատվության համար։ Եվ կրկին փառք մեր հավատքի հայր Ս. Գրիգոր Լուսավորչին, որ կրոնական տոներին միավորել և շաղախել է ժողովրդական ավանդություններն ու սովորությունները՝ դարձնելով  դրանք համազգային տոնախմբություններ, ինչպիսիք են Համաբարձման՝ Ջանգյուլումը, Պայծառակերպության տոնին՝ Վարդավառը և այսօր էլ Խաղողօրհնեքը»:

Վերջում Սրբազան Հայրը հորդորել է հավատացյալներին աղոթքով ու բարեսիրությամբ խնդրել Աստծուց խաղաղության ու բարօրության մեջ պահել Հայոց աշխարհը՝ հայ ժողովրդին պարգևելով միմյանց նկատմամբ անսահման սեր ու քաղցրություն, որ Աստվածընկալ Ս. Խորան և Աստվածաբնակ տաճար Մարիամ Աստվածածինը շարունակի բարեխոսել ու հովանավորը լինել Հայոց աշխարհին, մեր Ս. Եկեղեցուն և Մայր Աթոռ Ս. Էջմիածնին։

Հավարտ Ս. Պատարագի, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Ս. Տրդատի բաց խորանին կատարվել է «Խաղողօրհնեքի» հանդիսավոր կարգը:

Վերջում օրհնված խաղողի ողկույզները բաժանվել են հավատավոր ժողովրդին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ