ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը օգոստոսի 14-ի դռնբաց նիստում քննարկել և եզրակացություն է տվել «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագծին՝ հիմք ընդունելով փաստաբան Անդրանիկ Վահանյանի դիմումը, որում վերջինս նշում է, որ օրենքի նախագիծը սահմանափակում է մրցակցությունը, արգելափակում է շուկա նոր տնտեսվարողների մուտքը, ինչպես նաև ոչ մրցակցային պայմաններ է ստեղծում շուկայի գործող մասնակիցների համար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից։
Մասնավորապես, դիմողը հղում է կատարել օրենքի նախագծի այն դրույթներին, որոնք վերաբերում են ապրանքի գովազդի և ցուցադրության, որոշակի տարածքներում կամ որոշակի տարածքներից համապատասխան հեռավորության վրա ծխախոտային արտադրանքի իրացման և զեղչի կիրառման արգելքներին: Հանձնաժողովը, ուսումնասիրելով ապրանքի գովազդի և ցուցադրության արգելքի ազդեցությունը տնտեսական մրցակցության վրա, արձանագրել է, որ այն կարող է սահմանափակել տնտեսական մրցակցությունը: Տվյալ դեպքում կարող են առկա լինել մրցակցության սահմանափակման դրսևորումներ այն առումով, որ արդեն շուկայում գործող սուբյեկտները ստանում են մրցակցային առավելություն, քանի որ տարիներ շարունակ հնարավորություն են ունեցել գովազդել և ներկայացնել իրենց կողմից իրացվող ապրանքները` սպառողների շրջանում ձևավորելով որոշակի հավատարմություն և այդպիսի պայմաններում շուկա նոր մուտք գործող տնտեսվարող սուբյեկտների համար կարող են ստեղծվել խոչընդոտներ: Բացի այդ, մրցակցության անհավասար պայմաններ կարող են ստեղծվել նաև այն պատճառով, որ օտարերկրյա տնտեսվարողները արտասահմանյան կայքերի և այլ ոչ տեղական միջոցներով հնարավորություն ունեն գովազդել կամ իրացնել իրենց արտադրանքը, ինչը հասանելի է նաև տեղացի սպառողին, մինչդեռ ՀՀ-ում տնտեսվարող սուբյեկտները հնարավորություն չեն ունենա ցուցադրել իրենց արտադրանքը: Միաժամանակ, Հանձնաժողովն անհրաժեշտ է համարել անդրադառնալ տնտեսական մրցակցության սահմանափակման պայմաններում նախագծի համապատասխան հոդվածներով նախատեսված կարգավորումների թույլատրելիությանը հանրային շահի տեսանկյունից:
Այսպես, ՀՀ սահմանադրության 59-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները և դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով՝ հանրային շահերի պաշտպանության նպատակով: Այսինքն, մրցակցության սահմանափակումը կարող է թույլատրվել միայն օրենքով այն դեպքում, երբ առկա է հանրային շահ: ՀՀ սահմանադրության 85-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի առողջության պահպանման իրավունք: Նախագծի ընդունումը նպատակ ունի հաշվի առնելով միջազգային փորձը, իրականացնել օրենսդրական փոփոխություններ` համահունչ ՀՀ կողմից 2004 թվականին վավերացված Առողջապահության Համաշխարհային կազմակերպության «Ծխելու դեմ պայքարի» Շրջանակային կոնվենցիայի պահանջներին, ինչպես նաև պայմանավորված է ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի «Ծխելու դեմ պայքարի ռազմավարությանը և այդ ռազմավարության 2017-2020 թվականների միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» N33 արձանագրային որոշման պահանջների իրացմամբ: Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ գործող «Ծխախոտի իրացման, սպառման օգտագործման սահմանափակումների մասին» օրենքի ընդունումից ի վեր ծխախոտային արտադրատեսակների իրացման, սպառման օգտագործման, դրանով պայմանավորված ոչ վարակիչ հիվանդություններով հիվանդացության և մահացության ցուցանիշների նվազում ոչ միայն չի արձանագրվել, այլ հակառակը, ինչը վկայում է ոչ արդյունավետ հակածխախոտային պետական քաղաքականության մասին, որի հիմնական պատճառներից են նաև առկա ոլորտային օրենսդրության բացերը: Վերը նշվածի կապակցությամբ Հանձնաժողովն ուսումնասիրել է նաև միջազգային փորձը: Մասնավորապես Եվրոպական միության արդարադատության դատարանի մեծ պալատի կողմից քննության առնված Գերմանիայի Դաշնային Հանրապետության դիմումն ընդդեմ Եվրոպական խորհրդարանի և Եվրոպական միության խորհրդի, որն առնչվում էր ծխախոտային արտադրանքի գովազդի և հովանավորչության վերաբերյալ արգելքներին, Անգլիայի և Ուելսի արդարադատության բարձրագույն դատարանի դիմումը` Եվրոպական խորհրդարանի և խորհրդի 2001 թվականի հունիսի 5-ի թիվ 2001/37 դիրեկտիվի մեկնաբանման վերաբերյալ, որը վերաբերում էր ծխախոտային արտադրանքի մակնշմանը և որոշակի տեսակի ծխախոտային արտադրանքի օգտագործման արգելմանը, ծխախոտի ցուցադրության արգելքները դատական կարգով վիճարկվել են նաև Նորվեգիայում և Շոտլանդիայում: Բոլոր դեպքերում դատարանները եկել են այն եզրակացության, որ հանրային շահը և առողջության պաշտպանությունը գերակա են: Վերոգրյալի հիման վրա Հանձնաժողովն ամրագրում է, որ նախագծով սահմանված կարգավորումները բխում են ՀՀ կողմից իրականացվող ծխախոտի դեմ պայքարի և առողջության պահպանության հանրային շահից:
Այսպիսով` հաշվի առնելով վերոնշյալ իրավական կարգավորումները, Նախագիծը, Նախագծի հիմնավորումը և նպատակը, ինչպես նաև միջազգային փորձը՝ հանձնաժողովն իր որոշմամբ ամրագրել է, որ «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագծով սահմանված` ծխախոտային արտադրանքի գովազդի և ցուցադրման արգելքի վերաբերյալ կարգավորումները կարող են սահմանափակել տնտեսական մրցակցությունը, սակայն բխում են հասարակության առողջության, հետևաբար` հանրային շահերի պաշտպանությունից և չեն կարող դիտարկվել որպես տնտեսական մրցակցության օրենսդրությանը հակասող դրույթներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը