Լոռու մարզի Վանաձոր քաղաքի վաճառակետերում շրջայց է կատարել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, արձանագրվել է մսավաճառների սանիտարական անձնագրերի բացակայությունը, մսի մասնատման կոճղերի հիգիենիկ ոչ պատշաճ վիճակը, համապատասխան արտահագուստի բացակայությունը և այլն: Այս մասին օգոստոսի 7-ին, տեղեկացնում է ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի լրատվության ծառայությունը։
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է թարմ մսի իրացման կետերի՝ սահմանված նորմերին համապատասխանության նկատմամբ վերահսկողությունը հանրապետության ողջ տարածքում:
Լոռու մարզի միս-մսեղիքի իրացման ցանցում անցկացվող մշտադիտարկման շրջանակներում՝ Վանաձորի շուկայում տեղակայված մսի վաճառակետերում տիրող սանիտարահիգիենիկ վիճակին ծանոթանալու ստուգայց են կատարել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
Վանաձորյան մսի տաղավարներում թեև արձանագրվել են որոշ խախտումներ, սակայն, ինչպես խոստովանել է ՍԱՏՄ ղեկավարը, ինքն ավելի վատ պատկեր էր սպասում:
Բացի երկու-երեք իրացման կետերից, որոնք փակ են եղել (ամենայն հավանականությամբ՝ պաշտոնատար անձանց այցի մասին տեղեկացված լինելու պատճառով), մնացած բոլոր վաճառակետերն ունեցել են սառնարաններ, տաք և սառը հոսող ջուր, ուղեկցող համապատասխան փաստաթղթեր, սանիտարահիգիենիկ բարվոք պայմաններ:
«Մեր աշխատանքում հաջողության հասնելու կարևորագույն պայման է հետևողականությունը: Բոլոր փակ վաճառակետերը պետք է ստուգվեն և եթե չհամապատասխանեն սահմանված նորմերին, դրանց գործունեությունը պետք է կասեցվի»,- ՍԱՏՄ Լոռու մարզային կենտրոնի ղեկավարին հանձնարարեց Գեորգի Ավետիսյանը:
Հայտնաբերված խախտումներից են եղել մսավաճառների սանիտարական անձնագրերի բացակայությունը, մսի մասնատման կոճղերի հիգիենիկ ոչ պատշաճ վիճակը, համապատասխան արտահագուստի բացակայությունը և այլն: Թերությունները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:
Շրջայցից հետո Լոռու մարզպետարանում տեղի ունեցած աշխատանքային քննարկաման ընթացքում խոսվել է նաև փողոցային առևտրի անթույլատրելիության մասին:
«Այդ խնդիրը մեր անմիջական ուշադրության տիրույթում է, հետևողական աշխատանք է տարվում փողոցներում սննդամթերքի վաճառքն արգելելու և բնակչությանն ամենատարբեր հիվանդություններից ու վարակներից զերծ պահելու համար»,- վստահեցրեց մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում Գեորգի Ավետիսյանը հնարավորություն է ունեցել նաև Լոռու մարզի համայնքների ղեկավարներին ներկայացնել թարմ մսի իրացմանը ներկայացվող պահանջները: Նա մեկ անգամ ևս հիշեցրել է, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2019թ. օգոստոսի 1-ից սկսել է մշտադիտարկում հանրապետության հանրային սննդի բոլոր խոշոր օբեկտներում՝ ստուգելու օգտագործվող թարմ մսի սպանդանոցային ծագման հավաստիությունը:
Բանախոսը տեղեկացրել է, որ հանրապետությունում գործող սպանդանոցների քանակն այս պահին արդեն բավարար է պետպատվերի և հանրային սննդի օբեկտների թարմ մսի պահանջարկը բավարարելու համար՝ ընդգծելով, որ 2020թ. հունվարի 15-ից թարմ մսի սպանադանոցային ծագումը պարտադիր կլինի սննդի շղթայի բոլոր օպերատորների համար:
«Վստահեցնում եմ՝ վերահսկողությունը լինելու է հետևողական, շրջայցերը՝ պարբերական, արվելու է ամեն ինչ թերությունների ու խախտումների բացահայտման և վերացման համար: Կգործեն նաև իրավական ակտերով սահմանված վարչական պատասխանատվության բոլոր միջոցները»,- ասաց ՍԱՏՄ ղեկավարը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը