30 07 2019

Քաղաքապետարանին ջուրը չի հերիքում

Քաղաքապետարանին ջուրը չի հերիքում

Մայրաքաղաքի կանաչ գոտիների թերի ոռոգման հիմնական պատճառը ոռոգման ջրի անկանոն մատակարարումն է: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երեւանի քաղաքապետարանը:

Հաղորդագրության մեջ ասվում է. «Ամռան ամիսներին, երբ ջերմաստիճանը մայրաքաղաքում հաճախ հատում է 40 աստիճանի սահմանագիծը, կանաչ տարածքների պատշաճ և խնամված տեսքն ապահովելու համար անհրաժեշտ է կազմակերպել պարբերական ոռոգում:

Ընդ որում, օդի չորության և անբարենպաստ հողային կառուցվածքի պայմաններում Երևանի ոռոգման համակարգը շուրջ 10-ն անգամ գերազանցում է, օրինակ, ԱՊՀ մյուս մայրաքաղաքների ցանցերը:

Մեկ տարեշրջանի ընթացքում մայրաքաղաքում 1 հա կանաչ զանգված ոռոգելու համար անհրաժեշտ է 8-9 հազ. խմ ջուր, իսկ խիստ տապի պայմաններում՝ 12-14 հազ. խմ: Այնինչ, մի շարք պատճառներից ելնելով, որոնցից հիմնականներն են՝ ջրատարների ընթացիկ վերանորոգումը, ջրի ճնշման անկումը, ֆիզիկապես որոշակիորեն մաշված խողովակաշարերը, կանաչ գոտիները թերի են ոռոգվում, ինչն էլ իր հերթին ոչ միայն լիարժեք կանաչ տարածքներ չի ապահովում, այլև կարող է նպաստել հրդեհավտանգ իրավիճակի ի հայտ գալուն:

Ջրի ոչ լիարժեք ապահովման պատճառներից մեկն էլ մի քանի վարչական շրջաններ սնուցման նույն աղբյուրից ոռոգման ջուր մատակարարելն է (Աջափնյակ-Դավթաշեն, Քանաքեռ-Զեյթուն-Արաբկիր-Կենտրոն): Ներկայումս նախագծանախահաշվային փաստաթղթեր են մշակվում՝ ոռոգման ցանցերն ըստ վարչական շրջանների հնարավորին առանձնացնելու համար: Մինչ այդ, Երևանի քաղաքապետարանը միջոցներ է ձեռնարկում առկա իրավիճակում մայրաքաղաքի կանաչ տարածքների ոռոգման պարբերականությունն ավելացնելու և կանաչ գոտիների տեսքն ու նպատակային նշանակությունը վերականգնելու նպատակով:

Հիշեցնենք, որ Yerevan.today-ն այսօր՝ հուլիսի 30-ին իր հրապարակման մեջ անդրադարձել էր խնդրին և հիմնական պատճառներից մեկը համարել այն, որ խոտածածկ տարածքները ոչ միայն ոռոգմամբ չի ապահովվել, այլև խոտհունձ չի իրականացվել, որը նպաստել է հրդեհների բռնկմանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ