Ռուսաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության արգելքի պատճառով Georgian Airways («Վրացական ավիաուղիներ») ավիաընկերությանը հասցված վնասի չափը կազմել է մոտ 25 մլն դոլար, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:
«Ընկերությունը ստիպված է եղել վերադարձնել իրացված ավիատոմսերի 80%-ը: Բացի այդ, կտրուկ կրճատվել է ավիատոմսեր գնել ցանկացողների թիվը, ինչի պատճառով ընկերությունը 25 մլն դոլարի չափով վնաս է կրել: Ցանկանում ենք երախտագիություն հայտնել Վրաստանի կառավարությանն աջակցության համար և հուսով ենք, որ առկա խնդիրները մոտ ապագայում կլուծվեն»,- ասվում է ավիաընկերության հաղորդագրության մեջ:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, Վրաստանի իշխանությունները որոշել են աջակցել ավիաընկերությանն ու մասնակիորեն փոխհատուցել վնասը: Այդ նպատակով կառավարությունը կսուբսիդավորի Հայաստանի միջով Թբիլիսիի և Բաթումիի ուղղությամբ Ռուսաստանի օդանավակայաններից տարանցիկ ավիաչվերթները:
Դրա համար կառավարությունը մոտ 1,2 մլն եվրո է տրամադրել (առանց ԱԱՀ): Ընդ որում, սուբսիդիաներ կստանան միայն 2 ավիաընկերություններ, որոնք տարանցիկ չվերթներ են իրականացնում Երևանի օդանավակայանից՝ 600 հազար եվրոյի չափով: Այդ ավիաընկերությունների հետ համաձայնագիր կկնքի «Վրաստանի օդանավակայանների միավորում» պետական ընկերությունը: Ավիաընկերություններից մեկը Georgian Airways-ն է:
Այդպիսով, յուրաքանչյուր ուղևորի համար Վրաստանի կառավարությունը պատրաստ է վճարել 90 եվրո (առանց ԱԱՀ):
Հիշեցնենք, որ հուլիսի 8-ից Ռուսաստանը դադարեցրել է դեպի Վրաստան ավիաչվերթները՝ կապված Թբիլիսիում ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի այցից հետո սկսված բողոքի ակցիաների հետ: Վրաստանի իշխանությունները չեն բացառում, որ ռուս զբոսաշրջիկների հոսքի կրճատման պատճառով զբոսաշրջային ոլորտի եկամուտները կկրճատվեն 750 մլն դոլարով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը