29 07 2019

ԱԺ նախագահը շարունակում է քննադատությունների կենտրոնում լինել. վերլուծություն

ԱԺ նախագահը շարունակում է քննադատությունների կենտրոնում լինել. վերլուծություն

2019թ-ի հուլիսի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարարագրվել է 369 հոդված, որոնցից 97-ը եղել է բացասական, 17-ը՝ դրական, 255-ը՝ չեզոք։ ԱԺ նախագահը շարունակում է քննադատությունների կենտրոնում լինել։ Պատճառները շատ են, իսկ մամուլի աչքից դրանք չեն վրիպում։ Նախ` քննադատվեց Արարատ Միրզոյանի ԱՄՆ այցը։ Մամուլում հարց առաջացավ, թե բավականին մեծ պատվիրակությամբ ու այդքան երկար ժամանակով Արարատ Միրզոյանն ի՞նչ կարևոր հարցով է գտնվում գործուղման մեջ։ Այդ այցի շրջանակում Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել և մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ նա հիմնականում հանդիպել է դեմոկրատ կոնգրեսականների հետ և ընդամենը մեկ հանրապետական կոնգրեսականի է տեսել։ Մամուլում հիշեցնում են, որ ԱՄՆ նախագահը հանրապետական է, իսկ Կոնգրեսում մեծամասնությունը դեմոկրատները չեն։

Մամուլում քննադատության են ենթարկվում նաև ԱԺ-ում սպասվող հաստիքային և կառուցվածքային փոփոխությունները։ Այդ փոփոխությունների հետևանքով գուցե շատ աշխատակիցներ կորցնեն աշխատանքը կամ զրկվեն պետծառայողի կարգավիճակից։ Այս փոփոխությունները ԱԺ-ն փորձել է նուրբ իրականացնել, բայց հրապարակումները վկայում են, որ աշխատակազմում դժգոհություններ կան։ Այս նախագիծը քննադատել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը և նշել է, որ այս նախագիծն իշխող կուսակցությունը ցանկանում է օգտագործել անցանկալիներից ազատվելու համար։

Հայաստանում նախատեսվում է ստեղծել հակակոռուպցիոն երկու նոր մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Փորձագետների մոտ էլ զարմանք է առաջացել այն բանից հետո, երբ Արարատ Միրզոյանը այդ օրինագիծը ներկայացրել է որպես իրենը։ Մամուլի հրապարակումների համաձայն, եղել է ձևավորված հանձնաժողով, որն աշխատել է այդ օրինագծի մշակման վրա։ Ըստ մամուլի հրապարակումների, օրեր առաջ նաև լարված իրավիճակ է եղել Արարատ Միրզոյանի և Սասուն Միքաելյանի միջև։ Դեռևս շարունակվում է քննարկվել ՔՊ համաժողովը։ Հրապարակման համաձայն, թեժ մթնոլորտն այնքան է դուրս եկել վերահսկողությունից, որ Սասուն Միքաելյանն ապտակել է Արարատ Միրզոյանին։

Արարատ Միրզոյանը փաստացի քաղաքական գործունեությամբ աչքի չի ընկնում և հիմնականում քննադատվում է կամ միջանձնային հարաբերությունների կամ գործուղումների պատճառով։ Բացի այդ, Արարատ Միրզոյանին փաստացի մեղադրանք է ներկայացվել տաբեր միջոցներով աշխատակիցներից ազատվելու համար։ Արարատ Միրզոյանը պետք է վերը նշված հարցերի և միջազգային գործողումների մասով կարևոր հարցերի պատասխանի, հիմանավորի 60.000 դոլարանոց գործուղման նպատակը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ