Հայաստանում հուլիսի 5-ին նշվում է ՀՀ Սահմանադրության օրը: Համաժողովրդական հանրաքվեի միջոցով ՀՀ մայր օրենքն ընդունվեց 1995թ.-ի հուլիսի 5-ին: Սահմանադրությունն ամրագրեց Հայաստանի Հանրապետության բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության, հռչակեց մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, սահմանեց հանրապետության կառավարման ձևը՝ հիմնված օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա։ Սահմանադրությամբ ձևավորվեց կիսանախագահական կառավարման ձև՝ պետության գլխին՝ Հանրապետության Նախագահին վերապահված լայն լիազորություններով։ Տասը տարի անց` 2005 թ. նոյեմբերի 27-ին, երկրում կրկին անցկացվեց սահմանադրական հանրաքվե, որի ժամանակ քաղաքացիները հավանության արժանացրեցին գլխավոր փաստաթղթում առկա փոփոխությունները:
2015 թվականի հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովը 104 կողմ, 10 դեմ և 3 ձեռնպահ ձայներով կողմ քվեարկեց փոփոխված Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու որոշմանը, որը ներկայացրել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Դեմ քվեարկեցին միայն «Հայ ազգային կոնգրես» խմբակցության 7 պատգամավորներից 6-ը, երկու պատգամավոր՝ «Օրինաց երկիր» խմբակցությունից, մեկական՝ «Ժառանգություն»-ից և «Բարգավաճ Հայաստան»-ից:
Նախագիծը հանրաքվեի դնելու օր նշանակեց դեկտեմբերի 6-ը:
Արդյունքները հետևյալն էին. հանրաքվեին ընտրական իրավունք ունեցող 2, 566, 733 քաղաքացիներից մասնակցեցին 1, 302, 368-ը, որոնցից, պաշտոնական տվյալներով, ԱՅՈ քվեարկեցին 825,292 քաղաքացի, իսկ ՈՉ` 421,561 քաղաքացի, անճշտությունների թիվը 555 էր:
Փոփոխությամբ պետության կառավարման համակարգը նախագահականից անցավ խորհրդարանականի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը