ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է մի խումբ անձանց կողմից խոշոր չափերի շորթման դեպք:
Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` ՀՀ երկու քաղաքացիներ զինակոչիկի վերաբերյալ «ցանկալի» բժշկական եզրակացություն ստանալու պատրվակով, հանդիպել են Երևանի բժշկական կենտրոններից մեկի բաժանմունքի վարիչի հետ, որի ընթացքում նախապես պլանավորված «սցենարով», վարել են գումար պահանջելու և ստանալու մասին համապատասխան զրույց և ձայնագրել այն:
Հետագայում, սպառնալով հրապարակել բաժանմունքի վարիչի վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկություններ պարունակող ձայնագրությունը, պահանջել են 1500 ԱՄՆ դոլար գումար:
2019թ. հունիսի 20-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների վերահսկողության ներքո 1500 ԱՄՆ դոլար գումարը փոխանցվել է նշված անձանց, ինչից հետո նրանք ձերբակալվել են:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Մեղադրանք է առաջադրվել երկու անձի, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Կատարվում է նախաքննություն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը