19 06 2019

Հանրապետության 6 մարզերում ընթանում են ճանապարհաշինարարական աշխատանքներ

Հանրապետության 6 մարզերում ընթանում են ճանապարհաշինարարական աշխատանքներ

Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի 3-րդ տարվա շրջանակներում հանրապետության 6 մարզերի (Արարատ, Արմավիր, Վայոց ձոր, Արագածոտն, Լոռի, Շիրակ) շուրջ 47 կմ երկարությամբ 8 ճանապարհահատվածներում սկսվել են վերականգնման աշխատանքները։ Հայտարարված են ևս 4 ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքների մրցույթներ։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն հասարակայնության հետ կապերի բաժնից:

Կենսական նշանակության ճանապարհների վերականգնման աշխատանքները ներառում են հողային պաստառի վերականգնում, ճանապարհային պատվածքի վերակառուցում, ճանապարհային անվտանգության ապահովում։ Վերականգնվելու են նաև ջրահեռացման համակարգերը, կատարվելու են կահավորման աշխատանքներ։  

Մ5 միջպետական ճանապարհը, Սարդարապատ և Նոր Արմավիր համայնքներն իրար կապող ավելի քան 6 կմ ճանապարհահատվածում մեկ ամիս է՝ շինարարները գործունեություն են ծավալում։ Այստեղ արդեն իսկ սկսվել են մայթերի կառուցումը, ջրահեռացման համակարգերի վերականգնումը։  

2019 թվականի ընթացքում ծրագրված է հանրապետությունում հիմնանորոգել շուրջ 60 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության ճանապարհներ։ Հիմնանորոգվող ճանապարհներից օգտվում է 29 համայնքների շուրջ 56000 բնակչություն:

Կենսական նշանակության ճանապարհների վերականգնումը հեշտացնում է շուկաների և այլ հիմնական ծառայությունների հասանելիությունը մարզերի բնակչության համար։ Բարեկարգ կենսական նշանակության ճանապարհները գյուղացիական տնտեսություններին և փոքր բիզնեսներին հնարավորություն են տալիս ավելի հեշտությամբ և քիչ ծախսով իրենց մթերքը շուկա հասցնել՝ ըստ այդմ դառնալով տնտեսական աճի և տեղական զբաղվածության խթան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ