Հայ վարորդները Ռուսաստանում մի շարք խնդիրների են բախվում, որոնցից ամենագլխավորը խտրական վերաբերմունքն է։ Օրինակ՝ երթևեկության կանոնների թեկուզ փոքրիկ խախտման համար կարող են արտաքսվել։ Yerevan.Today-ին այս մասին ահազանգեց Ռուսաստանաբնակ վարորդներից Հայկ Բարսեղյանը։
Նրա խոսքով, շատ վարորդներ գալով Հայաստան՝ պարզում են, որ այլևս չեն կարող վերադառնալ, քանի որ «սև ցուցակ»-ում են։ «Վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն 7-րդ վարորդն է, որ պատահական իմանում է սև ցուցակում լինելու մասին»,- ասաց Հայկ Բարսեղյանը, որը բնակվում է Սանկտ Պետերբուրգում։
«Մենք գնացել ենք Դաշնային միգրացիոն ծառայություն, որտեղ մեր հայրենակիցներից մեկը ներքին կարգով ասել է, որ Հայաստանի կառավարության հետ խնդիրներ կան։ Մենք տեղում կարողանում ենք ոստիկաններին գումար վճարել (մոտ 5000 ռուբլի), որպեսզի մեզ բաց թողնեն, բայց ինչքա՞ն կարող է դա շարունակվել, վերջապես պետք է հարցին լուծում տրվի»,- ասաց մեզ դիմած քաղաքացին:
Նա ասաց, որ բազմիցս դիմել են ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, բայց ստացել են պատասխան, որ խնդիրն իրենց ուժերից մեծ է․ «Էդմոն Մարուքյանը պատճառաբանել է, թե մեզ գրավոր նամակ է պետք, ես դա էլ եմ ուղարկել Ազգային Ժողով, դրանից հետո պատճառաբանել է, որ այս խնդիրն իրենց ուժերից վեր է և իրենք չեն կարող լուծում տալ, քանի որ խնդիր ունեն ռուսական իշխանությունների հետ»:
Ըստ քաղաքացու, վարչապետը խնդրից տեղյակ չէ, այլապես կլուծեր։ Մարուքյանը նաև ասել է, որ այս հարցը պետք է լուծվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի միջամտությամբ, սակայն Հայկ Բարսեղյանը կարծում է, որ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն անգործությոն է ցուցաբերում այս հարցում:
Վարորդները սրտնեղում են նաև, որ ԵԱՏՄ անդամ երկրներից միայն Հայաստանի քաղաքացիների նկատմամբ է այդ կարգը գործում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը