«Ադեկվադ» նախագծի համահեղինակ Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան էջում հաղորդում է, որ Պետռեգիստրը գրանցել է «Ադեկվադ» հասարակական կազմակերպությունը։ Նա ներկայացրել է Ադեկվադիզմը՝ իր պատկերացմամբ:
«Ես համոզված եմ, որ մեր երկիրը դառնալու է հզոր, հարուստ պետություն։ 21-րդ դարը, անկասկած, մերն է լինելու»։ Սա Վազգեն Սարգսյանի ամենա հայտնի խոսքերից է: Այս խոսքերը հնչեցնելուց հետո Հայաստանը մտավ 21-րդ դար ու քսան տարի դիմակայեց իր դեմ տարվող հետևողական, տոտալ և անդադար գրոհներին: Դիմացավ քսան տարի և հետո փլուզվեց: Հայաստանը նորից գրավեցին նրանք, ում Վազգեն Սարգսյանը ժամանակին հեռացրել էր:
Վազգեն Սարգսյանը ստեղծագործ մարդ էր և, ինչպես բոլոր ստեղծագործողները, շատ էմոցիոնալ էր: Իր այս խոսքում էլ նա նշել էր, որ «Մենք զգայական ազգ ենք և միշտ չէ, որ զգայականությունը վնաս է տալիս, շատ հաճախ զգայականությունը օգուտ է տալիս»: Նա բնազդաբար զգում էր, որ Հայաստանն իրոք ունի բոլոր նախադրյալները 21-րդ դարը սեփականաշնորհելու, սակայն, ինչպես դա հաճախ է լինում ստեղծագործ մարդկանց հետ, գործնականում չհաշվարկեց այդ դարը գրավելու քայլերը...
Անկախ նրանից, թե ինչից էր ոգեշնչվել Սարգսյանն այս խոսքերն ասելիս, իր այդ պնդման մեջ, անշուշտ, կար տրամաբանություն: Հայաստանը նորանկախ պետություն էր, որը, գտնվելով աշխարհի համար կարևորագույն խաչմերուկներից մեկում, ուներ տարածաշրջանի ամենամարտունակ բանակը և ամենակուռ հասարակությունը: Առանց Հայաստանի դիրքորոշումը հաշվի առնելու մեր տարածաշրջանով ո՛չ նավթամուղ էր կարող անցնել, ո՛չ երկաթգիծ, ո՛չ էլ որևէ այլ ենթակառուցվածք: Այս գործոնները ճիշտ շահագործելու դեպքում մեզ հետ ստիպված էին լինելու հաշվի նստել աշխարհի «մեծերը»: Սա զգում էր Վազգեն Սարգսյանը, ու գիտեին աշխարհի «մեծերը»:
Զանգվածի ու էներգիայի պահպանման օրենքը ոչ միայն ֆիզիկայի հենասյունն է, այլ նաև տնտեսության և, ըստ այդմ, քաղաքականության: Երբ «դարը» ինչ-որ մեկինն է դառնում, ապա այն նույն պահին դադարում է լինել ինչ-որ այլ մեկինը: Դու քո «դարը» չես կարող ստեղծել, այն կարող ես միայն խլել նրա ձեռքից, ում այն պատկանում էր մինչ այդ: 1998 թվականի հոկտեմբերի 29-ին ստորագրվեց նավթամուղ կառուցելու Անկարայի հռչակագիրը, դրանից մեկ տարի անց սպանվեց Վազգեն Սարգսյանը:
Հետագայում Անկարայի հռչակագրի տակ ստորագրեցին Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, ՈՒզբեկստանի ու Ղազախստանի նախագահները` ԱՄՆ էներգետիկայի նախարար Բիլ Ռիչարդսոնի հովանավորությամբ: Վազգեն Սարգսյանի սպանությունից երեք շաբաթ անց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Ստամբուլյան գրասենյակում ստորագրվեց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը կառուցելու մասին արդեն միջպետական համաձայնագիրը: Համաձայնագիր, որը չէր կայանա, եթե Հայաստանը կարողանար պահել Շահումյանը կամ գոնե չկորցնել Վազգենին:
Դեռևս 1993 թվականից պլանավորվող և 1999-ին վերջապես սկիզբ առած ծրագրով Եվրոպան սկսեց լուծել իր էներգետիկ անվտանգության խնդիրները, ԱՄՆ-ը սկսեց տարանջատել Միջին Ասիան ՌԴ-ից, տարածաշրջանային խաղացողները լուծում էին իրենց տեղական խնդիրները: 21-րդ դարը հայկականի փոխարեն դարձավ ադրբեջանական, քանի որ Ադրբեջանում, ի տարբերություն Հայաստանի, գտնվեց մեկն, ով, կոտորելով սեփական ժողովրդին, եկավ իշխանության։ Կոտորածն էլ բարեհաջող գցեց հայերի վրա:
«Մեր դարի» գաղափարի վախճանը շատ օրինաչափ էր և, որից դասեր պետք է քաղվեն: Մենք պարտավոր ենք ուսումնասիրել, վերլուծել և հետևություններ անել Հայաստանի նորագույն պատմության կարևորագույն դրվագներից, այլապես դատապարտված ենք լինելու անընդհատ բարոյական հաղթանակներ կրել: Իսկ բարոյական հաղթանակ, նույնիսկ այս դեպքում, միանշանակ կար: Վազգեն Սարգսյանը գուցե և ռազմավարական պլանավորման հսկա չէր, բայց չէր կարող չգիտակցել` ում հետ է խաղի մեջ մտել: Սա մեր ժողովրդի պատմության հերթական դրվագներից էր, երբ խենթը կամ ծուռը խիզախություն և համառություն է դրսևորում և մահանում՝ տանելով միայն բարոյական հաղթանակ, դառնալով միայն անկոտրուն կամքի խորհրդանիշ՝ անտեսելով «անկոտրուն» միտքը, ցավոք...
«Անկոտրուն» մտքի պակասը պատճառ դարձավ վերջին 1600 տարվա բարոյական հաղթանակների ու ֆիզիկական պարտությունների շարանի, որոնք մեր մեջ արմատավորեցին այն, ինչ էքզիստենցիալիստ փիլիսոփաներն անվանեցին «ressentiment» (թարգմանաբար՝ վրդովմունք, խռովք, հիշաչարություն, դառնություն): «Ressentiment»-ը առաջանում է, երբ մարդիկ, սեփական անհաջողություններից առաջացած սուր հուզական վիճակի՝ ֆրուստրացիայի մեղքը, բարդում են այլոց վրա: Պարտությունների ու դրանց հետևանքների արդյունքում գոյացած ստորադասության ու թերարժեքության զգացումը արմատավորել է արժեքային համակարգ ու բարոյականություն, որոնք կոչված էին օգնել պայքարել ֆրուստրացիայի աղբյուր համարվող առարկայի դեմ կամ առնվազն արհամարել այն: Այդ արժեհամակարգն այնուհետև շահագործվում էր, որպեսզի ստորադասվեր թերարժեքության պատճառ դարձած սուբյեկտը: Այսինքն, օբյեկտիվորեն հաղթած պարսիկները, հռոմեացիները, թուրքերը, արաբները, թաթարները հանրային գիտակցության մեջ նենգափոխվում ու դառնում էին սուբյեկտիվորեն պարտված, որպեսզի քողարկվի սեփական մեղավորությունը: Էգոն ստեղծում էր կեղծ թշնամի, որպեսզի քողարկի սեփական թերությունները: Երբ չէր հաջողվում գտնել այդ թշնամուն օտարների մեջ, թշնամու դեր էին ստանձնում ներքին օղակները՝ Հայ Առաքելական Եկեղեցին, իշխանները, ղարաբաղցիները ու բոլորովին վերջերս՝ ՀՀԿ-ն ու հարուստներն առհասարակ: Սա, կոպիտ ասած, խորքային «աբիժնիկության» բանաձևն է:
Տարածված կարծիք կա, որ հայերը հակակրանք ունեն ցանկացած իշխանության հանդեպ։ Ընդհանուր առմամբ ճիշտ լինելով՝ այս ձևակերպումն, այնուամենայնիվ, թերի է: Հայերը խորը արմատացած ատելություն ունեն ուժեղի հանդեպ: Քանի որ հայերը չէին կարողանում լինել ուժեղ, նրանք սկսեցին ատել ուժեղին և ուժը, ըստ այդմ, ճիշտն ու լավը: Այս ֆենոմենը շատ լավ է բացատրել Նիցշեն իր «Բարոյականության ծագումնաբանություն» աշխատության մեջ: Վերոհիշյալ «Ressentiment»-ի, կամ, ինչպես նշեցի, «աբիժնիկության» արդյունքում ձևավորվում է երկու բարոյականություն՝ հաղթողի բարոյականությունն ու պարտվողինը, կամ, ինչպես Նիցշեն է նշում, ստրուկինը: Հաղթողի արժեհամակարգը հիմնված է լավի ու վատի գիտակցման վրա, մինչդեռ ստրուկինը՝ լավի ու չարի: Ընդ որում, եթե հաղթողի համար լավը ազնվականությունն ու արիությունն է, ապա ստրուկի համար չար է այն ամենն, ինչը լավ է հաղթողի համար, իսկ լավ է այն ամենն, ինչը վատ է համարվում հաղթողի կողմից: Ստրուկը սեփական ստորությունը, խարդախությունը, ծուլությունն ու այլ արատներ արդարացնում է՝ ուժեղին ընդդիմանալով: Նույն տրամաբանությամբ մերժվում է բարոյականության հենասյուն հանդիսացող պատժի գաղափարը: Եթե հաղթողի հոգեբանություն ունեցողի մոտ պատիժը լավը վատից տարբերակելու հիմնական միջոցն է, արդարությունը վերականգնելու առանցքը, ապա ստրուկի մոտ պատիժը ասոցացվում է միայն չար ուժերի կամայականության հետ: Ստրուկի մոտ լավը նշանակում է լինել անպատիժ, իսկ պատժվելը ցանկացած պարագայում չարիք է: Ստրկամիտների ապստամբության ցանկացած դրսևորում ուղղորդվում է քաոսով և անարխիայով՝ հենց պատժի անհրաժեշտության չգիտակցելու պատճառով:
Սա է արժեքային ինվերսիան, որը «աբիժնիկությունը» խորը արմատավորել է հայ հասարակության մեջ: Հայաստանում հոգեպես ամուր լինելը քեզ դարձնում է նախանձի և, ըստ այդմ, ատելության առարկա: Հոգեպես ամուր մարդը լավագույն դեպքում որակվում է գոռոզ, արդարը որակվում է անխիղճ, զուսպը՝ սնոբ, կիրթը՝ ծախված: Նիցշեի հավաստմամբ այս արժեքային ինվերսիան անխուսափելիորեն հանգեցնում է «ստրկամիտների ապստամբության»: Մինչդեռ ադրբեջանցիների բախտը բերել էր նրանով, որ նրանք ո՛չ երկիր են երբևէ ունեցել, ո՛չ պատմություն, ո՛չ Բաբելոն էին տեսել, ո՛չ էլ Բյուզանդիա: Նրանց ինքնագնահատականն օբյեկտիվորեն չէր կարող լինել ուռճացված և, հետևաբար, նրանք զուրկ են եղել հանրային թերարժեքության բարդույթներից: Պետք էր դաշտ մշակել՝ մշակել են, պետք էր ոչխար արածացնել՝ արածացրել են, պետք էր 12 երեխա ունենալ՝ ունեցել են: Ապրել են գոմերում ու առանց որևէ ֆրուստրացիայի:
Գերմանացիներն, ի տարբերություն ադրբեջանցիների, ունեին թե՛ պատմություն, թե՛ կայսրություն, բայց բոլոր վայրիվերումներով հանդերձ Գերմանիան միշտ վերականգնվում էր, քանի որ ուներ Հեգել, Նիցշե, Վեբեր ու Շելեր, ում խոսքերն այնքան լույս էին պարունակում, որ չէր կարող չլուսավորել նույնիսկ ամենա խավարամիտ ու հպարտ գերմանացուն: Այս հանճարները թույլ չէին տալիս իրենց հասարակություններին ֆրուստրացիան բուժել կեղծ արժեհամակարգերով, փոխարենն անընդհատ մարտահրավերներ էին ստեղծում: Մարտահրավերներ, որոնց հաղթահարումը ամոքում էր հոգեբանական վերքերը: Ընդ որում, այս բոլոր փիլիսոփաների ասելիքները մեծ առումով հիմնվում էին Հոմերոսի, Պլատոնի, Ցիցերոնի, Հին Կտակարանի, Ռուսսոյի և այլոց գաղափարների վրա: Գաղափարների, որոնք իրենց հերթին խարսխվում էին միշտ նույն 4 համամարդկային առաքինությունների վրա՝ խոհեմության, ողջախոհության, արիություն և արդարության:
Մենք` հայերս, ցավոք, մեծ մասամբ խուսափեցինք թե համաշխարային լուսավորիչների և թե մեր տեղական «Նարեկացիների» լույսից: Իրավիճակն ավելի էր սրվում այն փաստից, որ մեր մեջ լույսի միակ աղբյուրը եկեղեցին էր, իր հուդայական դոգմաներով, որոնք ի սկզբանե «ստրկամտության» հողի վրա էին մշակված: Հռոմեական կայսրությունում քրիստոնյաներն էին «Ressentiment»-ի մեջ գտնվող «ստրուկները», որոնք օրինաչափորեն ապստամբեցին և, ոչ պակաս օրինաչափությամբ, քանդեցին կայսրությունը: Մենք 21-րդ դար մտանք այն համոզմամբ, որ մեղավորը մեզ պարբերաբար իշխած պարսիկներն էին, թուրքերը, ռուսները, հայ «թալանչիները», բայց ոչ երբեք մենք ինքներս, հենց մեր մեջի ստրուկը, «աբիժնիկը»: Ու այդ «մեղավորներին» պատժելու համար ստեղծում էինք կուռքեր, կեղծ մեսիաներ, որոնք մեզ համար բարոյական հաղթանակներ էին կորզում, կեղծ հաղթանակներ, որոնք մենք արժեքային ինվերսիայի միջոցով առասպելացնում էինք: Վատը սարքում էինք լավ, իսկ լավն անվանում էինք չարիք:
Վազգենի ասած մտքի մեջ էր պարունակվում մեր հազարամյա պատմությունը՝ իր ողջ հմայքով և թշվառությամբ: Մեր գենետիկ հիշողությունը, մեր իղձերը, մեր խենթ բնավորությունը, մեր չարաբաստիկ արկածախնդրությունը, մեր արհամարհանքը բնագիտության և արարչի օրենքների հանդեպ: 21-րդ դարը դեռ մերը չդարձավ հենց վերոհիշյալ «ressentiment»-ի և դրա չհաղթահարված հետևանքների պատճառով:
Ճիշտը ուժեղն է, ճիշտը արին է: Ճիշտն ու ուժը նույն բանն են: Սա է բառացի բանասիրական իրողությունը: Հռոմում virtue, հույնեիր մոտ ἀρετή, հայերիս մոտ առաքինի: Լինել ճիշտ ու լինել ուժեղ բոլոր քաղաքակրթություններում նույն բանն է նշանակում, ու հազարամյակներ շարունակ ունի ընդամենը 4 բաղկացուցիչ՝ խոհեմություն, ողջախոհություն, արիություն ու արդարություն: Մենք ո՛չ Նիցշեներին լսեցինք, ո՛չ էլ գոնե մեր Նարեկացուն:
Եթե լսեինք, թույլ չէինք տա, որ Վազգեն Սարգսյանը և իր խունտան, այո՛, հենց խունտան, բնակչության աչքերում դիտվեր որպես չարիք: Թույլ չէինք տա, որ հանրությունն ատելությամբ լցվեր Վազգենի ճառագայթած ուժի/ճշտի հանդեպ: Թույլ չէինք տա, որ Վազգենի մասին խոսելիս գեթ մեկի մտքով անցներ՝ «հերիք ա խմես մեր արյունը» միտքը, ուր մնաց այդ միտքը արտաբերելը: Թույլ չէինք տա տոնել Վազգենի մահը, շահարկել այն ու տարիներ անց նույն իրադարձությունը կեղծ կարեկցանքով հիշել: Ամենաճարտարախոս հռետորը մեզ չէր համոզի, որ պատերազմի օրոք լույսը հողին էին տալիս կամ որ հիմնարկների մասնավորեցումն ու կոլխոզների կազմաքանդումը ճիշտ է: Մեզ չէին կարենա համոզել, որ Քոչարյանը չորս միլիարդ է տարել, իսկ Սաշիկը՝ մնացածի կեսը: Չէին կարենա համոզել, որ արյուն թափած ռազմահայրենասերները պատրաստ են հող հանձնել, իսկ կյանքից աբիժնիկ ստրկամիտները պատրաստ են այդ հողը կյանքի գնով պահել: Թույլ չէինք տա, որ Մանվելից սարքեն «տուշոնկա գողացող», իսկ շարքային խաբեբայից սարքեն հերթական կեղծ մեսիա, անկախ նրանից, թե օտար ափերից որքան գումար էր գալու մեր՝ այս պաշարված ամրոցում խառնակչությամբ զբաղվողների համար:
Ամեն ինչ օրինաչափ էր։ Մենք պարտվեցինք, որովհետև պիտի պարտվեինք: Մենք չէինք ճիշտը, մենք չէինք ուժեղը: Ատելով մեզ իշխող օտարածին ուժեղին՝ մենք սկսեցինք ատել ուժն առհասարակ, և օրհասական պահին մենք մեր ուժեղներին սպանեցինք, քանի որ նախանձից ելնելով չէինք կարում հանդուրժել նրանց գոյությունը: Հաղթելու համար մենք պիտի լինեինք առաքինի: Հաղթելու համար մենք պիտի լինեինք շատ ավելի խոհեմ, շատ ավելի ողջախոհ, շատ ավելի արի ու շատ ավելի արդար ինքներս մեր նկատմամբ: Հաղթելու համար մեր անգրագետներն ու անզուսպ լաչառները պիտի լսարան չունենային, մեր պացիֆիստները պիտի վախենային պացիֆիստի պիտակից, ոչ թե պատերազմում զոհվելուց: Հաղթելու համար մեր դասալիք զինվորները պիտի մահվան դատապարտվեին: Պիտի պատժվեին, բոլորը մանուկ հասակից պիտի իմանան ինչ է պատիժը, ու այն պիտի լինի անխուսափելի: Հաղթում են վահանի հետ կամ վահանի վրա, ոչ թե սիրով: Սիրում են հաղթելուց հետո, նրան ում հաղթում են: Ճիշտը միշտ նույնն էր Հոմերոսից մինչև Սարտր, Աքիլեսից մինչև Վազգեն:
Հատկանշական է, որ մենք միշտ առանձնացել ենք արդարության կարևորմամբ, թեկուզ և հաճախ վրեժխնդրությունն էր հագեցնում արդարության սովը: Թվում է, թե մեր ողջ պատմության ընթացքում հենց արդարությունն էր մեզ համար ամենակարևոր արժեքը: Այսինքն, չորս կարևոր առաքինություններից առնվազն մեկը, ամենա կարևորը միշտ եղել է մեր սրտում: Ցավոք, ինքներս մեր հանդեպ արդար, ասել է թե, ազնիվ լինելու փոխարեն ձգտել ենք արդարություն պահանջել արտաքին աշխարհից:
Հայկը և իր ցեղը անարդար էր համարում Բելին ու Բաբելոնը, հետևաբար լքեց այն: Հայկի ժառանգներն անարդար էին համարում պարսիկներին ու Հռոմին ու «լքեցին» Մեծ Հայքը: Նրանք անարդար գտան այն աստծուն, ով կարող էր իր զավակին հուշել, որ սեփական կնոջը կարելի է ներկայացնել որպես քույր՝ սեփական անվտանգության և նյութական բարեկեցության դիմաց ու հոգու խորքում չընդունեցին այդ աստծուն և իր որդուն: Մեր պապերը անարդար համարեցին օսմաններին ու «լքեցին» Կարսն ու Վանը: Մեր հայրերը անարդար համարեցին Մոսկվան ու «լքեցին» արդյունաբերությունը, կոլխոզները, գիտահետազոտական ինստիտուտները: Մնալով այս պաշարված կղզյակում միայնակ՝ մենք անարդար համարեցինք ոչ միայն «խունտայի պարագլուխ» Վազգենին, այլ նաև Լևոնին, Ռոբերտին, Սերժին ու շատ շուտով անարդար կհամարենք նաև Նիկոլին... Սակայն անարդար համարելու հետ մեկ տեղմենք ոչ թե արդար դատեցին ու պատժեցինք, այլ վրեժ լուծեցինք, «աբիժնիկական» վրեժ` հաղթողի արդարության ու պատժի փոխարեն:
Սա մի կողմից համառության ու դրա հետևանքների մասին տխուր պատմություն է, մյուս կողմից անհավանական, անհավատալի, առասպելական աստիճանի անկոտրուն կամքի ու հավատքի մասին է խոսում: Վերջ ի վերջո երկրորդ բաժակից հետո ցանկացած հայի հոգում արթնացող դաշնակցականը բղավում է՝ «մահ կամ ազատություն»` ուղղակիորեն կրկնելով Հայկ նահապետի և իր բոլոր ժառանգների կյանքի խորագիրը:
Մեր հոգու խորքում ծվարած այս աներևակայելի ու անկոտրուն ձգտումն առ արդարություն՝ ոչ միայն մեր տեսակի հիմնական և հենասյունային առանձնահատկությունն է, այլ նաև այն ներքին ուժը, որն ունակ է մեզ դուրս մղել բարոյական հաղթանակների այս անվերջ շղթայից: Այս շղթան պիտի կտրվի, առնվազն որովհետև այլևս «լքելու» տեղ չկա, չկա այն հյուսիսը որտեղ չքվելով` մենք կխուսափենք տոտալիտար լիբերալիզմի չանչերից: Բարոյական հաղթանակն այլևս հնարավոր չէ, մարտի մեջ մտնելուն ու հաղթելուն այլընտրանք այլևս չկա:
21-րդ դարը կարող է դառնալ մերը, միայն եթե մենք ընդունենք մարտը: Մարտ առաջին հերթին հենց ինքներս մեր դեմ: Մեր մեջի «ստրուկի», լավն ու վատը տեղերով փոխած «աբիժնիկի» դեմ: Մարտ` հանուն իրական բարոյականության գաղափարների վերականգնման, մարտ` հանուն ճշտի, հանուն լավի, հանուն ուժի: Ուժ, որն արտացոլվում է կամքով, այլ ոչ մկաններով կամ բանակով ՝ : Խոհեմ, ողջախոհ ու արի դառնալու կամքով: Բանակը, տնտեսությունն ու բարեկեցությունը ընդամենը կամքի արտացոլումն են:
Ընդ որում, հաշվի առնելով մեր բնական արեալից մնացած չնչին հողակտորը, բնական ռեսուրսները և տեխնոլոգիական առաջընթացը` մենք դատապարտված ենք լինել ոչ թե պարզապես խոհեմ, ողջախոհ, արի ու արդար, այլ ամենախոհեմը, ամենաողջախոհը, ամենաարին ու ամենաարդարը: Ինչպես գիշատիչներն են դատապարտված լինել սննդային շղթայի էլիտայում, այդպես էլ մենք ենք դատապարտված լինել մարդկային տեսակի էլիտայում, այլապես կհարմարվենք, կձուլվենք ու կկորչենք:
Մենք դատապարտված ենք մահվան բոլոր այն դեպքերում, երբ չենք ձգտում լինել ամենալավը: Ութ միլիարդանոց այս մոլորակի վրա մեր երեք միլիոնը կամ կլինի լավագույնը, կամ կմահանա: Չկա հարմարվող փոքրամասնություն, հարմարվողը միաձուլվում է մեծամասնության հետ, դառնում միջակ, միջին վիճակագրական: Փոքրամասնությունը միայն կարող է լինել կամ ճնշող, կամ չլինել առհասարակ: Մենք պետք է մոտենանք Աստծո լույսին, ճանաչենք բնության օրենքները, կրթվենք, կատարելագործվենք, լինենք ամենից լավ, ապրենք ամենից լավ, ու բարձրանանք ամենից վեր:
Սա է նպատակը, որին պետք է ուղղել այն էներգիան ու պասիոնարությունը, որը կուտակվել է դարերով կուտակված վրդովմունքի, խենթության ու բնածին արդարության պահանջի արդյունքում:
Այն, ինչ քայքայվել է հազար տարուց ավել, անշուշտ, հնարավոր չի լինի վերականգնել, բարելավել, շտկել ու 21-րդ դարի մարտահրավերներին համահունչ հունի վրա գցել մեկ տարում կամ նույնիսկ մեկ տասնամյակում: Եթե Մովսեսից պահանջվեց 40 տարի, որպեսզի իր «ստրուկներին» կերպարանափոխված դուրս բերի անապատից, ապա անկախ տեխնոլոգիական և տեղեկատվական պրոգրեսից, մեզ անհրաժեշտ կլինի առնվազն նույնքան` մեր «ստրուկներին» դուրս բերելու «անապատից»:
Հասարակական վարքագիծը ձևավորելու համար ժամանակն, անշուշտ, ռազմավարական գերակայություն է, և մարտավարական պլանավորումն անհրաժեշտ է նախատեսել՝ ելնելով հենց այդ ռազմավարական գերակայությունից: Մեզ համար ժամանակ շահելու ամենահավանական երաշխիք կարող է հանդիսանալ միայն ազգային պետությունը: Պետություն, որը, թե՛ տնտեսական, թե՛ աշխարհաքաղաքական և թե՛ գաղափարական նկատառումներից ելնելով, դատապարտված է լինել պաշարված ամրոց: Պետք է կերտել պաշտպանիչ օղակներ, ամրոցից դուրս կառուցել մարտահրավերներին համապատասխան պատեր, իսկ ներսում վարել իրավիճակին համահունչ տնտեսական և սոցիալական քաղաքականություն: Ռազմավարական նպատակից է բխում կերտել այնպիսի ենթակառուցվածքային ներուժ, որը թույլ կտա պատերազմել 40 տարի շարունակ՝ գտնվելով շրջափակման մեջ և վարելով բազմահարկ շրջանաձև պաշտպանություն` դիվանագիտական, տնտեսական, սոցիալական, գիտական և այլ հարթություններում:
Պետության կառավարման մոդելը և տնտեսությունը պիտի, առաջին հերթին, կարողանան ապահովել մարտունակ բազմահարկ պաշտպանիչ ենթակառուցվածքներ, երկրորդ հերթին` դրական ժողովրդագրական դինամիկա, երրորդ հերթին` պատշաճ կրթություն իր քաղաքացիների համար, չորրորդ հերթին` վստահելի դաշնակցային հարաբերություններ այն արտաքին սուբյեկտների հետ, որոնց հետ մեր պետությունն ունի շահերի բնական ընդհանրություն: Սրանք են չորս հիմնական մարտավարական գերակայությունները:
Վերոհիշյալ մարտավարական գերակայությունների հասնելու նպատակով օպերատիվ մակարդակում անհրաժեշտ է ձեռնարկել բարեփոխումների լայնածավալ աշխատանք:
Պաշարված ամրոցում յուրաքանչյուր մարդ քաղաքացի լինելուց զատ նաև զինվոր է՝ անկախ սեռից և տարիքից: Յուրաքանչյուր անձ պիտի հստակ իմանա իր տեղն ու անելիքը, թե՛ պասիվ պաշտպանական գործողությունների ընթացքում (աշխատավայրում կամ կրթական հաստատությունում) և թե՛ ակտիվ պաշտպանական գործողությունների ժամանակ (առաջնագծում կամ թիկունքում): Դիվանագիտական կորպուսը, զինված ուժերը, քաղաքացիական հասարակությունը, պետական հաստատությունները և սփյուռքի կենսունակ օղակները պիտի ինստիտուցիոնալ կերպով նախապատրաստվեն հարատև, տասնամյակներ ձգվող մարտական գործողություններին:
Հաշվի առնելով ներկայիս ժողովրդագրական միտումները և գլոբալ միգրացիոն տենդենցները՝ անհրաժեշտ է առանձնահատուկ ուշադրություն դարձնել տեղեկատվական քաղաքականությանը: Դրա հետ մեկտեղ ներդնել ծնելիությունը խրախուսող օրենսդրական, հարկային, կենսաթոշակային և գաղափարախոսական հիմքեր: Միջին վիճակագրական զույգը այսօրվա Հայաստանում չի կարող ունենալ ընդամենը 1.3 երեխա և հուսալ, որ պետությունն իր բնական ռեսուրսներից կփոխհատուցի դրանից բխող կենսաթոշակային ճեղքվածքը: Անհրաժեշտ է նաև սատարել այնպիսի հանրույթների ստեղծմանը, որոնք կամավոր հիմքով պատրաստակամ կլինեն օրինակ ծառայել և զսպել պոստ-մոդերնիզմի քայքայիչ ազդեցությունը իրենց հասարակության վրա: Այս համատեքստում անհրաժեշտ է շեշտել նաև Հայ Առաքելական Եկեղեցու բացառիկ դերը:
Անհրաժեշտ է ներդնել կրթական և առհասարակ դաստիարակչական հիմնական երկու նարատիվներ՝ ձգտել համամարդկային 4 առաքինություններին՝ խոհեմություն, ողջախոհություն, արիություն և արդարություն և քաղաքացիական 3 սկզբունքներին՝ պետություն, պատասխանատվություն, հակազդեցություն: Սկսած մանուկ հասակից քաղաքացիները պետք է դաստիարակվեն, կրթվեն, զարգանան՝ ձգտելով վերոհիշյալ երկու նարատիվներին: Այս նպատակով պետք է շահագործել ոչ միայն բուն ուսումնական հաստատությունները, այլ մշակութային, սպորտային և երիտասարդական միջոցառումների ողջ գործիքակազմը: Գիտական մակարդակով հատուկ շեշտ պետք է դրվի պատմությունը և մասնավորապես հայոց պատմությունը օբյեկտիվորեն և համապարփակ լուսաբանելու վրա: Հայոց պատմագիտությունը, իր վերջին 1600 տարվա բոլոր անփառունակ տապալումներով հանդերձ, պետք է հիմք հանդիսանա հայկական քննադատական մտքի զարգացման համար: Պետք է օբյեկտիվ, իրավական և պատմագիտական քննության հիման վրա փակվեն ոչ միայն նախնադարյան մութ էջերը, այլ նաև ՀՀ նորագույն պատմության խնդրահարույց դրվագները, ինչպիսիք են՝ հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը, հուլիսի 17-ը, ապրիլի 23-ը:
Արտաքին քաղաքական դոկտրինի հենասյունը պետք է դառնա հարաբերությունների կարգավորումը և զարգացումն՝ ըստ բնական շահերի համադրելիության: Դիվանագիտական ջանքերը պետք է միտվեն առաջին հերթին այն ուղղություններին, որտեղ կա օբյեկտիվ փոխշահավետ համագործակցության հիմք: Հարկավոր է զերծ մնալ ոչ միայն մեր հանդեպ բացահայտ թշնամական վերաբերմունք դրսևորող սուբյեկտների, այլ նաև նրանց աջակիցների ու հովանավորների հետ հարաբերություններ հաստատելուց: Շահը պետք է ընկած լինի արտաքին քաղաքականության հիմքում` հստակ չափելի ու շոշափելի, այլ ոչ եթերային շինծու արժեհամակարգային հեքիաթները:
Վերոհիշյալ բարեփոխումների իրականացման և ենթակառուցվածքների կերտման նպատակով անհրաժեշտ է կոնսոլիդացնել և պաշտպանել ողջ ազգային ռեսուրսային բազան՝ լինի դա բնական ռեսուրս, ֆինանսական կապիտալ, թե սպառման շուկա: Անհրաժեշտ է ներդնել պրոգրեսիվ հարկային մեխանիզմ ֆիզիկական անձանց համար և ռեգրեսիվ մեխանիզմ իրավաբանական անձանց համար: Հիմնարկների խոշորացումը պետք է խրախուսվի ոչ միայն հարկային արտոնություններով, այլ նաև պրոտեկցիայով՝ թե՛ ներմուծման դեմ և թե՛ արտահանման համար: Ներմուծումը փոխարինելով տեղական արտադրանքով՝ անհրաժեշտ է նաև զսպել սպառողականությունը, խրախուսել խնայողությունները և կապիտալ ներդրումները: Ուսման վարձը պետք է ծախսերից կնունքի ու ծնունդի քեֆի ծախսից, ինքնազարգացմանն ուղղված ներդրումները պետք է գերադասվեն նոր հեռախոսի կամ հագուստի ծախսերից: Անհրաժեշտ է վերականգնել շքեղության հարկումն առնվազն մինչև աղքատության մակարդակը չիջնի 10%-ի: Պետությունը պետք է վերահսկի ոչ միայն սեփական թերարժեքության բարդույթները շքեղությամբ քողարկող անձանց քայքայիչ ազդեցությունը, այլ նաև վնասակար սովորությունների շահագործումը: Ալկոհոլի, ծխախոտի ու շահումով խաղերի շուկաներում գոյացած շահույթը պետք է լիարժեք վերահսկվի պետության կողմից:
Այս և բազմաթիվ այլ բարեփոխումներ հնարավոր կլինի իրականացնել միայն ամուր հիմքերի վրա կառուցված պետականություն ունենալու դեպքում: Անհրաժեշտ է բացառել օտարերկրյա գործակալների ազդեցությունն իշխանության բոլոր չորս ճյուղերի վրա: Պետք է բացառել նաև մարդու իրավունքների կեղծ դիսկուրսի առաջխաղացումը, ինչպես նաև կոլեկտիվ բարեկեցությունից և այդ բարեկեցության հիմնական երաշխիք հանդիսացող պետությունից անհատին ավելի վեր դասելը: Մարդկանց չեն համահարթեցնելու` պնդելով, որ նրանք հավասար են: Հավասար կարող են լինել միայն կենդանիները, որոնք հավասար լինելուց զատ նաև չունեն ազգություն, կրոն, ընտանիք, անցյալ... ու ապագա:
Պետությունը պետք է դադարի ընկալվել որպես ծնող կամ հայրենիք, այլ պետք է ընկալվի որպես զավակ: Իր բոլոր քաղաքացիների զավակ, ում լքելը անբարոյական է, ում կերակրելը բոլորի պարտքն է, ում հաջողությունները բոլորիս ամենամեծ պարգևն է: Այս պետությունում իշխանությանն է պատկանելու ոչ միայն բռնություն կիրառելու մենաշնորհը, այլ նաև դրա կիրառման սպառնալիքի մենաշնորհը: Այս պետությունում որոշում կայացնելու մեխանիզմը չի փոփոխվելու անկախ նրանից, թե քանի հոգի է դա պահանջում փողոցներում, սոցցանցերում և այլուր: Սա լինելու է արժանի մարդկանց պետություն, և պետությունը մարդկանց փոխհատուցելու է ըստ արժանիքների՝ սկսած ձայնի իրավունքից, վերջացրած թոշակով և հուղարկավորման վայրով: Այս պետությունում անբարոյականության համար սահմանված պատիժը լինելու է արդար, ծանր և անխուսափելի: Արդարադատության դեմ ցանկացած ոտնձգություն` լինի դա ֆիզիկական, տեղեկատվական թե քաղաքական, համարվելու է ոտնձգություն պետության դեմ:
Սա է կուռ և ունիտար հասարակություն և պետություն ստեղծելու, մեր կորսված 21-րդ դարը վերականգնելու ճանապարհը: Գերտերությունների ճանապարհին ընկած այս քարը նրանք չպիտի կարողանա անտեսել: Մեզ հետ պիտի հաշվի նստեն ոչ նրա համար, որ մենք հնազանդորեն կատարում ենք հրահանգները, այլ որովհետև չենք կատարում ու մարսում ենք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը