06 05 2019

Ինչո՞վ աչքի ընկավ իշխանությունը նախորդ շաբաթ․ լուսանկարներ, տեսանյութեր

Ինչո՞վ աչքի ընկավ իշխանությունը նախորդ շաբաթ․ լուսանկարներ, տեսանյութեր

Ինչո՞վ աչքի ընկավ Հայաստնի իշխանությունը նախորդ շաբաթ, ի՞նչ արեցին երկիրն ու ժողովրդի կյանքը բարեփոխելու համար: Քաղաքական շաբաթը մեկնարկվեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի այցով։ ՌԴ վարչապետը Երևան էր ժամանել մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Սակայն երկօրյա այցի ընթացքում հասցրեց դառնալ հայկական սոցիալական հարթակի շաբաթվա ամենաքննարկված քաղաքական գործիչը։ Ամեն ինչի մասին, սակայն, հերթով՝ ըստ շաբաթվա օրերի։

29.04.2019

  1. Երևանի ամենախառը ու փնթի փողոցը կարելի է համարել Նար-Դոսի փողոցը, որտեղ միմիայն բացօթյա և փողոցային առևտուրն է գերիշխում: Ապրիլի 29-ին, ապամոնտաժվեցին Նար-Դոս փողոցի մի քանի կրպակ: Թե ինչ սկզբունքով էին ընտրվել, հասկանալի չդարձավ։
  2. Երևանի քաղաքապետը մեկ այլ ուշագրավ հայտարարությամբ ևս աչքի ընկավ․ Հայկ Մարությանին բնավ դուր չեն եկել մեծահարուստների տների կողքին դրված աղբամանները «Շրջելով Հաղթանակ զբոսայգու դիմացի մայթում՝ մեծահարուստների տների կողքին, տեսնում ես նոր աղբամաններ: Հենց այսօր հանու՛մ եք այդ աղբամանները եւ դնում այն հատվածներում, որտեղ մեր հազարավոր քաղաքացիներն են անցնում»,- հրաման արձակեց քաղաապետը։
  3. ԱԱԾ-ն հերթական անգամ ապացուցեց, որ Նիկոլ Փաշինյանի՝ «Կոռուպցիան Հայաստանում իսպառ վերացել է» հայտարարությունը սուտ է․ բերման ենթարկվեց ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության օպերլիազոր, որը քաղաքացուց կաշառք էր վերցրել՝ 200 հազար դրամ։ 

 

30.04.2019

  1. Հայաստան այցելած ՌԴ վարչապետին իր տանը, որն այժմ կառավարական ամառանոցներն են, հյուրընկալեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ասաց, որ ամենաթանկարժեք հյուրերին մենք սովոր ենք տանը հյուրընալել: Պարզվեց, որ սովորություն է ամենաթանկարժեք հյուրերին հյուրընկալել նաև թանկարժեք կահույքով: Antifake.am կայքը հրապարակեց տեղեկություն, որ 3 օրով «Bogart Interior Salon»-ից վարչապետը կահույք էր վարձակալել։

  2. Իսկ ԵՏՄ նիստի ժամանակ տեղի ունեցավ միջադեպ, որը երկու օր շարունակ ամենաթեժ քննարկման թեման էր։ Պատճառը Նիկոլ Փաշինյանի ռուսերեն բառամթերքն էր։ Բացատրությամբ հանդես եկավ ինքը՝ վարչապետը։ Իսկ թե ինչու էր պետական լեզուն հայերենը հռչակած Հայաստանում Փաշինյանը խոսում ռուսերեն, այլ քննարկման առիթ է։ Փաշինյանն ու Մեդվեդևն այցելել էին նաև Երևանի ակումբներից մեկը, փախլավա կերել ու պարել․ քանի որ ուտելու և պարելու գործընթացում խոսելը, առավել ևս՝ ռուսերեն խոսելը պարտադիր չէ, Նիկոլ Փաշինյանը «կիքս» չտվեց։
  3. Նախորդ շաբաթ զարմանալի բան պարզվեց․ խորհրդարանում մանրակրկիտ ստուգում են ոչ միայն մտնողներին, այլև՝ դուրս եկողներին: Երբ այս մասին բարձրաձայնվեց, խորհրդարանի աշխատակազմի ղեկավարությունը հայտարարեց, որ մեղավորը նախորդ իշխանությունն է: ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարության ներկայացուցիչներն էլ նորերին մեղադրեցին ստախոսության մեջ: 
  4. Այսպես ասած՝ «Նոր Հայաստանի» ամենասկանդալային կոռուպցիոն դեպքի՝ ՊՎԾ գնումների չարաշահումների գործով կիզակետում հայտնված Դավիթ Սանասարյանը խոստացավ կտրել իր ձեռքը այն լրատվամիջոցում, որն առաջինը կտեղադրի՝ իր կաշառք վերցնելու տեսանյութը։ Ի պատասխան, առաջարկ եղավ կտրել ականջը, եթե չկարողանա ասել, թե որտեղից իրեն 6 հազար դոլարանոց հագուստ։
  5. Լրահոսի մեջ մի քանի անգամ հայտնվեց նաև խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը։ Ասել էր, թե 2007-ին մի կարճ ժամանակ ֆիկտիվ կերպով անդամակցել է ՀՀԿ-ին։ ՀՀԿ-ից հերքեցին՝ նշելով, որ դա մի պահ չի եղել, եղել է տասնյակ տարի, և վերջում էլ ոչ թե նա է դուրս եկել, այլ՝ հեռացրել են, քանի որ այլ կուսակցության ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր։ Այսինքն, «Իմ քայլ»-ի ցանկում պատգամավոր ընտրվելիս, համաձայն հաղորդագրության, Պապոյանը դեռ ՀՀԿ անդամ էր։ Ավելին, պարզվեց նաև, որ Պապոյանը թեև հայտնում է, թե կիսում է Լևոն Տեր-Պետրոսյանի հայացքները, սակայն 2008 թվականի մարտի 1-ին մասնակցել է Լևոն Տեր-Պետրոսյանի տան դիմաց կազմակերպված ակցիաներին։ 

01.05.2019

Հայաստանը նշեց աշխատանքի օրը: Վարչապետը բոլոր առիթներով հայտարարում է, թե բացել է 51 հազար աշխատատեղ։ Պարզվեց, սակայն, որ դրանք ընդամենը ստվերից դուրս բերած աշխատատեղերն են, իսկ իրականում փակվել է 76 հազար աշխատատեղ։ Փաստացի, 20 տոկոս պաշտոնական գործազրկության մեջ գտնվող երկրում դեռ սպասվում են օպտիմալացումներ։

 

02․05․2019

  1. Կառավարության գործողությունների դեմ բողոքեցին շրջիկ սրճարանների աշխատակիցները։ Ասացին, որ հիասթափված են, քանի որ քաղաքային իշխանությունը հոսանքազրկել է բիզնեսը։ Բողոքի ցույցը կառավարության շենքի դիմաց էր։

  2. Պարզվեց, որ Հայաստանի հարուստ պաշտոնյաներից մեկը՝ ՊՎԾ պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը, խայտաբղետ ֆինանսական կարողությունը կուտակել է միլիոնատեր քեռու և հարուստ կնոջ շնորհիվ։ 
  3. Մի խումբ երիտասարդներ հավեր էին բերել ԱԺ բակ։  ՀՅԴ երիտասարդ ակտիվիստները բողոքում էին եկամտային հարկի համահարթեցման դեմ՝ պահանջելով կառավարությունից ժողովրդին հավի տեղ չդնել։

  4. Կառավարությունը մերժեց պատգամավոր Էդմոն մարուքյանի առաջարկը, այն է՝ թափանցիկ դարձնել պաշտոնյաների ծախսերը։ Վարչապետը դա դիտեց որպես տեռորիստական ակտը հեշտացնող միջոց և ծաղրեց երբեմնի գործընկերոջը։

 

03.05.2019

  1. Տաքսիների մի խումբ վարորդներ փակեցին Երևանի Կորյուն-Աբովյան խաչմերուկը: Վարորդները բողոքում էին մեծ տուգանքներին և կայանելու համար նշան չլինելուց։ Մեղադրում էին ՃՈ ղեկավարությանը պայմանավորվածությունը խախտելու մեջ։ Ճանապարհը բացեցին երկար բանակցություններից հետո։
  2. Աշխատանքային շաբաթն ավարտվեց խրախճանքով․ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Երևանի Սարյան փողոցում մասնակցեց գինու փառատոնին։  Սելֆիներ, ուղիղ եթեր, համտես․․․ մի խոսքով՝ վարչապետի սիրելի և ավանդական գործողությունները բոլորը մեկում։

04․05․2019

Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզում մասնակցեց «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին: Վարչապետի այցը, շրջայցերն ու ելույթներն այնքան միապաղաղ էին, որ համացանցում առավել հիշատակման արժանի դարձավ հյուրասիրությունից օգտվելը։

 

 

 

 

 

 

 

Շաբաթվա ընթացքում մի քանի անգամ տագնապեցնող լուրեր լսվեցին հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանից։ Ապրիլի 29-ին Տավուշի մարզի Բաղանիս գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ Ադրբեջանական կողմը կրակոցներ էր արձակել․ այս ուղղությամբ կրակոցներ վերջին անգամ եղել էին 2018 թ.-ի սեպտեմբերի 12-ին։ Ապրիլի 30-ին Տավուշի  մարզում Բարեկամավանի գյուղի դիրքերում հակառակորդի կրակից գլխի շրջանում վիրավորվել էր  պայմանագրային զինծառայող 32-ամյա Արգիշտի Սամվելի Սեփխանյանը։ Մայիսի 3-ին հակառակորդի դիպուկահարները կրակել էին արցախյան զորամասի հացի ավտոմեքենայի ուղղությամբ։ Մայիս 4-ին՝ ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել  ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը: Նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Եվ այս ամենը՝ Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև պայմանավորվածությունների ֆոնին։

05․05․2019

Կիրակի օրը՝ մայիսի 5-ին, թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, թե՛ ժողովուրդն անցկացրեցին հիմնականում անաղմուկ։

Արմինե Արմենակյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ