Ադրբեջանի իշխանությունները վերջապես համաձայնել են վերադարձնել հայկական ծագումով Ռուսաստանի քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալստյանին, ով երեք տարի է, ինչ ձերբակալված է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա քույրը՝ Մարիանա Միրզոյանը՝ իր երախտագիտությունը հայտնելով իր պայքարին աջակցած անձանց, այդ թվում՝ Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին: «Առջեւում անարդարության եւ ստի դեմ պայքարի նոր փուլ է»,- նշում է Միրզոյանը։
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը գրել է․ «Բաքուն երեք տարի ձգձգում էր արտահանձնման հարցը՝ հավանաբար դրա դիմաց որոշ շահութամաս շորթելով Ռուսաստանից։ Գրեթե նույն կերպ Լուկաշենկոն փորձում էր ինձ Բաքվին արտահանձնելու դիմաց գազի վճարումների համար ժամանակ շահել: Այդուհանդերձ, Մարատին փոխանցել են ռուսական կողմին: Նրան այնուհետև կտեղափոխեն Կրասնոդար, և հուսով եմ, որ Ռուսաստանի իշխանությունները ազատ կարձակեն նրան համաներման կամ պայմանական վաղաժամկետ ազատման սկզբունքով»։
Ավստրիական Do&Co ընկերության աշխատակից Մարատ Ուելդանովը 2016թ․ հունիսի 6-ին գործուղվել էր Բաքու, որտեղից նա կապի դուրս չէր եկել։ Նա մեղադրվում է թմրանյութերի անօրինական պատրաստման, արտադրության, ձեռքբերման, պահպանման, փոխադրման, առաքման մեջ։ 2017թ․ ապրիլի 28-ին դատարանը Մարատ Ուելդանով-Գալստյանին դատապարտել էր 8 տարվա ազատազրկման։
Համարյա երեք տարի անց Ադրբեջանի իշխանությունները համաձայնել են վերադարձնել Մարատին Ռուսաստանին՝ պատիժն այնտեղ կրելու համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը