03 05 2019

Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է

Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է

1993թ․ ՄԱԿ գլխավոր ասամբլեան մայիսի 3-ը հռչակեց Մամուլի ազատության համաշխարհային օր։

Այս որոշումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի աշխատանքի արդյունքն էր։ Կազմակերպությունը 1991թ․ «Աշխարհում մամուլի ազատության ապահովմանը նպաստելու մասին» բանաձևում նշել էր, որ ազատ, այլընտրանքային և անկախ մամուլը ցանկացած ժողովրդավարական հասարակության անհրաժեշտ բաղադրիչն է։

Ամսաթիվն ընտրվել է ի պատիվ աֆրիկյան մամուլի անկախության և այլընտրանքայնության ապահովմանը նպաստելու մասին Վինդհուկյան հռչակագրի, որն ընդունվել է 1991թ․ մայիսի 3-ին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ ՄԱԿ-ի կողմից Վինդհուկում կազմակերպված սեմինարի ժամանակ։

Մամուլի ազատության համաշխարհային օրը միջազգային հանրությանը ամեն տարի հիշեցում է այն մասին, որ մամուլի ազատությունը և մտքերի ազատ արտահայտումը այն հիմնական իրավունքներն են, որ ամրագրված են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում։ Մամուլի ազատության առումով առաջատար երկրներն են՝ Նորվեգիան, Հոլանդիան, Շվեդիան, Բելգիան, Դանիան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Լյուքսեմբուրգը, Անդորրան և Ֆինլանդիան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ