ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.
«Կատարվեց լյարդի առաջին փոխպատվաստումը Հայաստանում‼️
Երեկ, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում կենդանի դոնորից. լյարդի մի բիլթը աղջկանից փոխպատվաստվել է մորը՝ շանս տալով փրկել վերջինիս կյանքը։ Հայկական բժշկագիտության մեջ այս կարևորագույն միջամտությունը հնարավոր է դարձել առողջապահության ոլորտում հայ-ռուսական համագործակցության շրջանակներում։
Փոխպատվաստումը կատարվել է ամբողջությամբ անվճար Աստղիկ բժշկական կենտրոնում (արտերկրում նման վիրահատության գինը տատանվում է 100.000$ շրջանակներում):
Առողջապահության նախարարությունը կարևորելով փոխպատվաստումային բժշկության զարգացումը այս տարվա հունվարից սկսել էր համագործակցությունը Բելառուսի և Ռուսաստանի մեր գործընկերների հետ։ Նախատեսում ենք նաև 2020թ. բյուջեում ավելացնել փոխպատվաստումների համար հատկացվող միջոցները, որպեսզի կարողանանք ավելի շատ միջամտություններ կատարել՝ փրկելով ավելի շատ կյանքեր։
Առողջություն և արագ ապաքինում եմ մաղթում թե՛ դոնորին, թե՛ ռեցիպիենտին»։
Հարցը քննարկվեց նաև կառավարության՝ ապրիլի 25-ի նիստում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը