Երևանի Կիևյան փողոց հ. 5 հասցեում կփակցվի ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ։
Որոշումը կայացվեց Երևանի ավագանու նիստում։
Օհանջանյանը ծնվել է 1893թ. Հայաստանի Կալեր գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզ): Նախնական կրթությունն ստացել է Գանձակում: 1913թ. սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում, որի պրոֆեսորական խորհրդի որոշմամբ 1914թ. գործուղվել է Գերմանիա։ 1920թ. վերադարձել է Երևան, աշխատել արական գիմնազիայում, ապա՝ Հայկական կարմիր բանակի քաղլուսվարչությունում՝ կուլտուրկրթական բաժնի վարիչ և «Կարմիր բանակ» թերթի խմբագիր։ 1921թ. գլխավորել է Հայաստանի գիտական ինստիտուտը (Էջմիածին), 1922-1925թթ.` դասախոսել Երևանի համալսարանում։ 1930-1937թթ. եղել է Հայաստանի գիտությունների ինստիտուտի, այնուհետև՝ նյութական մշակույթի պատմության, մշակույթի պատմության, պատմության և գրականության ինստիտուտների գիտական քարտուղարը, հայ հին գրականության ու ժողովրդական բանահյուսության բաժինների վարիչ։ Նրա գրչին են պատկանում «Տիրան-Տրդատի վեպը ըստ Փավստոս Բուզանդի» (1947թ.), «Ագաթանգեղոսի բանահյուսական աղբյուրների հարցի շուրջ» («ՊԲՀ», 1964թ.), «Միթրա-Միհրը «Սասնա ծռերի» մեջ» (1946թ.) աշխատությունները։ Մեծ է նրա վաստակը հայ հին գրականության հետազոտման և գրապատմական հուշարձանների գիտական հրատարակության բնագավառում: Հրատարակվել են նրա «Էջեր հայ միջնադարյան գեղարվեստական արձակից» (1957թ.), «Կորյունը և նրա «Վարք Մաշտոցին»» (1962թ.), «Կիրակոս Գանձակեցի, Պատմություն Հայոց» (1961թ.), «Պատմութիւն Փարէզի և Վեննայի» (1966թ.) աշխատությունները։ 1965թ. եղել է ՀՀ ԳԱ ակադեմիկոս: 1962թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման: Կարապետ Մելիք-Օհանջանյանը մահացել է 1970թ. Երևանում:
Կարապետ Մելիք-Օհանջանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Կիևյան փողոց հ. 5 հասցեում փակցնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել ՀՀ ԳԱԱ նախագահ Ռ. Մարտիրոսյանի կողմից:
Հարցի քննարկումն ու որոշման կայացումը՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը