20 04 2019

Կարևոր հարցեր, որոնց Փաշինյանն այդպես էլ չպատասխանեց

Կարևոր հարցեր, որոնց Փաշինյանն այդպես էլ չպատասխանեց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 19-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ պատասխանեց օգտատերերի մի շարք հարցերի։ Այն հարցերին, որոնք շատ «լայք» էին հավաքել։

Փաշինյանին ուղղվել է շուրջ 4200 հարց: Դատելով պատասխանի արժանացած հարցերից, կարելի է ենթադրել, թե ինչ սկզբունքով են այդ «լայքերն» ավելացել։

Եվ հարց է առաջանում՝ արդյո՞ք վարչապետն իր թիմում կամ ապարատում չի կարող հանձնարարել մեկ-երկու բանիմաց անձանց, որ ոչ թե «լայքով» առաջնորդվեն, այլ՝ հասկանան բարձրացված խնդրի էությունը և վարչապետին ներկայացնեն առավել կարևոր և խնդրահարույց թեմաները:

Մենք առանձնացրել ենք վարչապետի էջին օգտատերերի գրած մի քանի հարց, որոնց պատասխանները վարչապետից, թերևս, ակնկալում է հասարակության լայն ու մտահոգ զանգվածը և որ դրանց այդպես էլ որևէ անդրադարձ չեղավ:

Ստորև ներկայացնում ենք դրանք․

«Պարոն Փաշինյան, տեսակետ կա, որ Դավիթ Սանասարյանի շուրջ զարգացումներում կա կուլիսային շահերի բախում։ Ինչպիսի՞ դիրքորոշում կունենաք, եթե պարզվի, որ հենց դրա հետևանքով է Սանասարյանը հայտնվել մեղադրյալի կարգավիճակում»։

«Պրն Փաշինյան, ե՞րբ ենք դադարելու ամաչել մեր միջպետական ճանապարհների խայտառակ վիճակից: Հանուն արդարության ասեմ, որ արագաչափերի հատվածներում փոսեր չեն լինում, էդքան տեղը երևի կախարդած ա...»։

«Պարո՛ն Փաշինյան, ե՞րբ եք հրաժարական տալու» (ի դեպ, այս հարցը 100-ից ավելի հավանության է արժանացել)։

«Մեծարգո պարոն վարչապետ, ի՞նչ եք կարծում, քանի՞ տարի է պահանջվում Ձեզնից և Ձեր իշխանություններից, որպեսզի որևէ խնդրի դեպքում ՀՀ քաղաքացիների դժգոհությունների, բողոքների ի պատասխան, չմեղադրեք անցած իշխանություններին, այլ պատասխանատվությունը Ձեզ վրա վերցնեք»։

«Հարգելի Վարչապետ, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում ե՞րբ էականորեն կբարելավվեն պայմանները հատկապես նոր սկսող բիզնեսի համար, չէ՞ որ դա նաև նոր աշխատատեղ է խոստանում, այսինքն՝ պետության շահերից է բխում նաև: Հարևան Վրաստանում անգամ 3 տարի հարկ չեն գանձում նորաստեղծ բիզնեսից, և շատ այլ զարգացած երկրների պես խրախուսում են, աջակցում են նորաթուխ գործարարներին, մեզ մոտ գոնե ակնկալում ենք վերանայել հարկային օրենսգիրքը»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ