Թատրոնի ներկայացումների համար գումարներ եմ տրամադրում սեփական միջոցներից, նաև` օգտագործում եմ թատրոնի գործընկերների տրամադրած գումարները, քանի որ ներկայացումների համար թատրոնը գումարներ չունի: Այս մասին ապրիլի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը:
«Շատ շտապ անհրաժեշտ էր «Կարմեն»-ի և «Կախարդական սրինգ»-ի համար հանդերձներ կարել տալ, դեկորներ գնել, որ հյուրախաղերով Դուբայ մեկնեինք: Պետությունն այդ հարցում մեզ չի օգնել: Ի դեպ, պետությունը պարտավորվել էր մոտ 50 հազար դոլար տրամադրել ավիատոմսերի ձեռք բերման համար, բայց հեղափոխությունից հետո ասացին, թե փող չկա: Դե չկա, չկա, այլ տեղերում փնտրեցինք ու, փառք Աստծո, գտանք այլ հովանավորների, որոնք պատրաստակամ էին օժանդակել Դուբայում կայանալիք շրջագայությանը»,- ասաց նա:
Անդրադառնալով թատրոնում հայտնաբերված խախտումներին` Օրբելյանը նշեց, որ դրանք իր` պաշտոնը ստանձնելուց առաջ են եղել` 2014-2016 թթ: Հիշեցրեց` ինքն աշխատանքի է անցել 2017-ի փենտրվարին, երբ թատրոնում արդեն աուդիտ էր ընթանում:
Ի պատասխան խնդրանքին՝ մեկնաբանելու լուրերը, թե հեռանալուց հետո պատրաստվում է իր հետ վերցնել մի քանի երաժշտական գործիք, մասնավորապես՝ դաշնամուրը, Կոնստանտին Օրբելյանն ասաց, որ ոչ մի տեղ ոչինչ տանել չի պատրաստվում: Նա հավելեց, որ Երեւանում գոյություն ունի Կոնստանտին Օրբելյանի անվան երաժշտական դպրոց, եւ «եթե որեւէ մեկը հանկարծ որեւէ տեղ տեղափոխվի, ապա դա կտարվի այդ դպրոց»։
Կոնստանտին Օրբելյանն անդրադարձավ նաև այն լուրերին, որ ինքն այդ պաշտոնին ազատվել է Սերժ Սարգսյանի ընտանիքի հետ ունեցած մտերիմ հարաբերությունների պատճառով և մասնավորապես նրա կնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ, որն էլ պնդել է նրա նշանակման մասին:
«Ես չեմ նշանակվել իշխանությունների կողմից, այլ նշանակվել եմ, որովհետեւ ես Կոնստանտին Օրբելյանն եմ և եթե Օրբելյանը պետք է այս երկրին, ապա Կառավարությունը միջոց կգտնի ինձ հրավիրելու համար: Կարծում եմ, որ թեկնածուները շատ են եղել, եւ ես չեմ խնդրել այդ պաշտոնի համար: Ի դեպ, մշակույթի նախարարի պաշտոնակատարը վերջերս շատ է սխալվում: Նա անգամ ասել է, որ ինձ իբրեւ թե քիչ էր մնում նշանակեին Գեղամ Գրիգորյանի մահվան օրը: Այնպես որ, ես չգիտեմ, թե ինչով է նա առաջնորդվում», -ասաց Օրբելյանը՝ հավելելով, որ Հայաստանում մոտ 3 մլն մարդ է ապրում եւ նրանց ճնշող մեծամասնությունը ապրել եւ աշխատել է ինչպես խորհրդային իշխանության , այնպես էլ ՀՀ նախկին իշխանությունների ժամանակ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը