19 03 2019

Ավելի հարմար պայմաններ՝ հայ-իրանական սահմանը հատողների համար



Պետական եկամուտների կոմիտեն, մինչև Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետի արդիականացման աշխատանքների մեկնարկը նախաձեռնել է մաքսակետի ընթացիկ վերանորոգման աշխատանքներ, որոնք կոչված են ապահովելու կառույցի բնականոն գործունեությունը: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերիծառայությունից:

Մեղրիի մաքսային կետում վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են:

Արդյունքում բարելավվել են շենքային պայմանները, կատարվել են ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ, վերանորոգվել է սանհանգույցը: Բարեկարգվել է նաև մաքսակետի ամբողջ տարածքը, ամբողջությամբ փոխվել է արտաքին լուսավորության համակարգը, շենքից դուրս կառուցվել է նոր սանհանգույց, թարմացվել են աղբամաններ և այլն: «Մեղրիի մաքսակետը գործում է շուրջօրյա ռեժիմով: Ստեղծված են բոլոր պայմանները՝ սահմանահատումը որակյալ կազմակերպելու համար: Մաքսակետն ամեն օր սպասարկում է մոտ 1300 ուղևորի և 200-ից ավելի բեռնատար ավտոմեքենա»,-տեղեկացրել է Մեղրիի մաքսային կետ-բաժնի պետ Վլադիմիր Աբունցը:Հայ-իրանական սահմանին աճել է բեռնափոխադրումների ծավալը:

Իրանից hիմնականում ներմուծվում են շինարարական ապրանքներ: Հատկապես վերջին շրջանում զգալի ավելացել է նաև Մեղրիի մաքսակետից օգտվող տնտեսվարող սուբյեկտների թիվը: Վերանորոգման արդյունքում հարավային դարպասում առավել հարմարավետ և հավասար պայմաններ են ստեղծվել հայ-իրանական սահմանը հատողների համար:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ