Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում շորթում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նշված քրգործը հարուցվել է Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 66-ամյա Հենրիկ Նավասարդյանի դիմումի փաստով: Վերջինս ոստիկանության Թալինի բաժին հայտնել է, որ 2018 թ.-ի նոյեմբերին իրեն է զանգահարել Երևանի բնակիչ Արման Սարգսյանը, ներկայացել որպես լրագրող և իրենից պահանջել գումար:
Հ. Նավասարդյանի կողմից մերժողական պատասխան ստանալուց հետո Ա. Սարգսյանը նրան ասել է, որ եթե իրեն չօգնի գումարով, ապա իր մասին կայքում վարկաբեկիչ նյութեր կհրապարակի:
Կայքի տեղեկություններով՝ Ա. Սարգսյանը նմանատիպ բազմաթիվ զանգեր է հնչեցրել մի քանի գյուղապետերի, պաշտոնատար անձանց, առաջարկել՝ իրեն գումար տրամադրեն, որոշ դեպքերում էլ հեռախոսով SMS –ներ է ուղարկել, սակայն մերժում ստանալուց հետո սպառնացել է մարդկանց, որ նրանց մասին վարկաբեկիչ նյութեր կհրապարակի իր կողմից ստեղծված էլեկտրոնային լրատվամիջոցում: Եղել է նաև դեպք, երբ նա Արմավիրի մարզի գյուղապետերից մեկին սպառնացել է, որ եթե գումար չտա, ապա ինքը բողոք կներկայացնի իրավապահներին, որ գյուղապետը իր վրա զենք է պահել ու նման հայտարարությամբ դիմել է ոստիկանություն:
Սկզբնաղբյուրը հայտնում է, որ Հ. Նավասարդյանը Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետն է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը