03 03 2019

Ռուբեն Հախվերդյանը վիրավորել է արցախցիներին․ պաշտոնյաների արձագանքը

Ռուբեն Հախվերդյանը վիրավորել է արցախցիներին․ պաշտոնյաների արձագանքը

Ռուբեն Հախվերդյանը, հյուրընկալվելով Համլետ Ղուշչյանի «Բաց օրը» հաղորդմանը, արցախցիների մասին ասել է․ «Վաբշե մաքրվեք ստեղից, վեկալեք, գնացեք ձեր մշակույթով, ձեր մուղամներով, ձեր նամազներով։ Հազիվ Երևանը մի քիչ մաքրվել, քաղաք էր դարձել էս քաղաքը, բայց Ղարաբաղից թուրքական երաժշտությունը եկավ ու արմատակալեց»։

Սկանդալային հարցազրույցը մեծ արձագանք է գտել։ Հախվերդյանի հայտարարությանն արձագանքել են ՀՀ և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները, Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, անդրադառնալով Ռուբեն Հախվերդյանի սկանդալային հարցազրույցին, գրել է․

«Խիստ դատապարտելի եմ համարում մեր հայրենիքի արցախյան հատվածի մասին այսպիսի վիրավորական գնահատականները և այն էլ հանրային ճանաչում ունեցող մարդկանց կողմից։ Հարցազրույցում արվում են խիստ խտրական ու անգամ ներքին թշնամանք հրահրող արտահայտություններ։ Սա չի կարող ընդունելի լինել։ Արցախահայության բարձր արժանապատվությունն ու պատիվը ողջ հայության միասնության լուսավոր խորհրդանիշներից է»,– գրել է նա։

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն այս թեմայով գրել է․

«Ամոթ Ռուբեն Հախվերդյանին ու որոշ չափով Համլետ Ղուշյանին՝ հայության արցախյան հատվածի մասին խիստ խտրական ու վիրավորական արտահայտությունների համար: 

Ցավում եմ, որ մեր ազգի մեջ այդպես մտածող «մտավորականներ» կան, որոնք ի վիճակի են հայության շրջանում տարանջատում մտցնել այդ կարգի վիրավորական ընդհանրացումներով: Հուսամ՝ նրանք վաղ թե ուշ կգիտակցեն իրենց արտահայտությունների վտանգավորությունն ու դատարկությունը:

Հ.Գ. այս արձագանքը կատարում եմ որպես և՛ Մարդու իրավունքների պաշտպան, և՛ պարզապես հայ: Իսկ եթե այլ կարգավիճակով լինեի, ապա արձագանքս շատ ավելի կոշտ կլիներ»։

ԱՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն էլ գրել է․

«Բարոյապես եւ ստեղծագործական առումով լինելով վաղուց սպառված՝ նախկին երգահան ու երգիչ ռուբեն հախվերդյանը, ով արդեն վաղուց որեւէ արժեքավոր գործ ստեղծելու ունակ չէ, կրկին վիրավորանքների հեղեղ է թափում հայ ժողովրդի վրա՝ հայհոյելով արցախահայությանը: Այս ամենից ապշերոնյան էժանագին խավիարի գարշելի հոտ է փչում: Նրա նմաններով պետք է զբաղվեն համապատասխան կառույցները՝ ԱԱԾ-ն, Առողջապահության նախարարությունը, ավելի կոնկրետ՝ որեւէ հոգեբուժարան»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ