01 03 2019

Գեղադիր համայնքի նախկին ղեկավարը 1.7 մլն դրամ է հափշտակել. Քրգործ է հարուցվել

Գեղադիր համայնքի նախկին ղեկավարը 1.7 մլն դրամ է հափշտակել. Քրգործ է հարուցվել

Արագածոտնի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ Գեղադիր համայնքի նախկին ղեկավարի կողմից առանձնապես խոշոր չափերի յուրացում, վատնում և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ։ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և ՀՀ ԱԱԾ Արագածի տարածքային բաժանմունքից տրամադրած օպերատիվ տեղեկությունների հիման վրա Արագածոտնի մարզի Գեղադիր համայնքի նախկին ղեկավարի կողմից յուրացումներ կատարելու վերաբերյալ ՀՀ ոստիկանության Արագածի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Արագածոտնի մարզի Գեղադիր համայնքի նախկին ղեկավար Գ.Գ-ն 2013-2017թթ․ ընթացքում յուրացման և վատման եղանակով հափշտակել է խոշոր չափի՝ 1․730․730 ՀՀ դրամ գումար։

Մասնավորապես՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ համայնքի նախկին ղեկավարը 2015-2016թթ․ կազմված ավտոմեքենայի վարձակալության կեղծ պայմանագրի հիման վրա համայնքի բյուջեից դուրս է գրել և յուրացրել 1․080․000 ՀՀ դրամ:

2017թ.-ին որպես պահակ հրամանագրված անձի անվամբ համայնքի բյուջեից փոխանցված ընդհանուր 456․730 ՀՀ դրամ գումարը վատնելու եղանակով հափշտակել է, իսկ 2013-2016թթ․ ընթացքում յուրացրել է որպես օգնություն ձևակերպված և համայնքի բյուջեից դուրս գրված ընդհանուր՝ 194․000 ՀՀ դրամ գումար։

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ