Կառավարությունն այսօրվա նիստում որոշվեց միավորել «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն» և «Հ. Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ները:
Որոշումը հիմնավորվում է հետևյալ կերպ.
«Հաշվի առնելով միևնույն գործառույթներն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների օպտիմալացման վերաբերյալ հանձնարարականը, ինչպես նաև դրանց գործունեության նպատակահարմարության և գործառույթների հստակ ու չկրկնվող լինելու անհրաժեշտությունը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն» և «Հ. Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ները վերակազմավորվում են միացման եղանակով և իրավահաջորդության կարգով գործունեությունը շարունակում է «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:
Իրավական ակտի ընդունումով ակնկալվում է գործառույթների հստակեցում և կրկնությունների բացառում:
Հավելենք, որ կառավարության որոշման նախագծի նախնական տարբերակում Տիգրան Պետրոսյանի անունն ընդհանրապես չկար, սակայն հետագայում որոշվեց պահպանել այն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը