25 02 2019

Քննադատությունների տարափ՝ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջին

Քննադատությունների տարափ՝ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջին

Չգիտենք՝ Նիկոլ Փաշինյանը կարդո՞ւմ է իր ֆեյսբուքյան էջին իր գրառման տակ արված մեկնաբանությունները կամ զեկուցո՞ւմ են իրեն, բայց դրանց վերլուծումը հենց Փաշինյանի համար օգտակար կլինի՝ հասկանալու համար, թե քաղաքացին ինչ է մտածում կառավարության մասին։

Կիրակի՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում փոքրիկ գրառում էր արել՝ ընդամենը երկու նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ․ «Մի հարցրու միայն, թե ի՞նչ է արել կառավարությունը ինձ համար: Հարցրու նաև՝ թե իսկ ես ինքս ի՞նչ եմ արել ինձ համար»:

470 օգտատեր կիսվել է վարչապետի գրառմամբ, 700-ից ավելի օգտատեր՝ մեկնաբանություն թողել վարչապետի էջում, 8,3 հազար մարդ տարաբնույթ «սմայլիկ» է դրել։

Նկատելի է, սակայն, որ վարչապետի գրառումը բազմաթիվ քաղաքացիներին պարզապես դուր չի եկել։

Ներկայացնում ենք բազմաթիվ դժգոհ գրառումներից մի քանիսը։

Դավիթ Պոլուսյան - Կառավարությունը պետք է պայման ստեղծի, որ մարդը կարողանա ինչ-որ բան անի։ Եթե բանկերը բիզնես վարկեր են տալիս 10-15 տոկոսով, էլ ի՞նչ բիզնեսի զարգացման մասին կարող է խոսք գնալ։ Եթե կառավարությունը նախորդների համեմատ արևային էներգիայի գնման գինը 48 դրամից իջեցնում է 23-ի, էլ ի՞նչ արևային էներգիայի զարգացման մասին կարող է խոսք գնալ, երբ ինքնարժեքը ավելի բարձր է։ Մի քիչ մտածեք էս ուղղությամբ։

Ալլա Ղազարյան – Մեր ժողովուրդը ամենաաշխատասեր ժողովուրդն է եղել միշտ, այդ ինչո՞ւ հանկարծ դարձան անբան, եթե ամեն ինչ կարգին էր, ինչո՞ւ հեղափոխություն արեցինք․․․

 

Ամիրյան Քրիստինա – Ինչո՞ւ չհարցնեմ, եթե ես արել եմ էդ կառավարության համար, ես, հարևան Ժորիկը, Պողոսը, Պետրոսը որ չանեինք կառավարության համար, հիմա Դավոս դուք չէիք գնա, վարչապե՛տ, Ձեր տիկնոջ հետ։ Ով ինչ իր համար անում էր առաջ, շարունակելու է անել հիմա։ Թավշյա հեղափոխությունը միայն ձեզ համար եղավ։ Հիմա եկել եք ու անամոթաբար աղքատությունը մեր գլխում ա, փոխվել մեզ է պետք, ոչ կառավարությանը։ Ամոթ Ձեզ։ Մենակ հիշեք՝ քայլելով բարձրանալը ավելի հեշտ է, քան գլորվելով հին տաշտակի առաջ հայտնվելը։ Ու գալու է էդ օրը ու ցավոտ ա լինելու «աղքատներիս» ցասումը։ Դուք էլ եք էքս դառնալու ու ավելի շուտ, քան պատկերացնում եք, ձեր շրջագայությունների ցուցակը սեղմեք, որ հասցնեք։

Թամարա Սահակյան – Դե հա, ճոխ պարգևատրումների հետևում փնտրեք անգործության ու սաբոտաժի հետքերը, վիդիտե լի աշխատավարձը քիչ է, դրա համար չենք աշխատում, կոռուպցիայի եք պարտադրում․․․ հանեք թավիշը ու աշխատեք, լավ կլինի։

Մարիամ Ավագյան – Պարոն վարչապետ, ձեր ներշնչման դասընթացները չեն կշտացնում մարդկանց, ավելին, ադեկվատ մարդկանց նյարդայնացնում են, տպավորություն է, որ առաջ կառավարությունն էր մեղավոր, հիմա դուք եք կառավարում և դարձավ, որ մեզնից, ժողովրդից է։ Էդ դեպքում գուցե ձեր անփորձ թիմով հետ քայլեք, փորձառուներին ձեր տեղը զիջեք, գոնե նրանք կուշտ են ու փորձառու, չէ՞ որ ամբողջը մեզնից է կախված՝ անբաններիցս ու հեչ էական չի՝ ով կլինի։

Լուսինե Թադևոսյան – Փաստորեն մեր ուժերո՞վ չի եղել հեղափոխություն։ Էլ ի՞նչ անեինք։ Նախ դուք արեք, հետո պահանջեք։ Քոսոտ աշխատավարձով աշխատում ենք ու հարկեր ենք վճարում, որ ձեր օլիգարխ-գործարարները վայելեն իշխանության բերկրանքը։

 

Էլեն Բաղդասարյան – Դե մենք անում ենք, աշխատավարձի 23%-ը տալիս ենք պետությանը, կենսաթոշակային ենք վճարում, ուսման վարձ ենք վճարում, կոմունալ ենք վճարում, էլ ի՞նչ անի էս ժողովուրդը։

Հարութ Հարությունյան – Ընդամենը երկու տեղ եմ աշխատում ու էլի չեմ հասցնում հարցերս լուծեմ (մի տեղ 24 ժամ, որից հետո 12 ժամ, և գրեթե տանը չեմ լինում), որովհետև ամեն ինչ հիմա ավելի թանկ է, քան մեկ տարի առաջ, եթե Աստված չանի, բժշկի հետ կապված հարցեր ունենաս, ուրեմն նոր վարկի տակ ես ընկնում։

Վահագն Եղիկյան - Պարոն վարչապետ, այո, ամեն մեկն իր կյանքում պետք է ջանք թափի, սեփական քրտինքով արժանավայել կյանքով ապրի, ոչ թե ձեռքը մեկնի սրան-նրան, մուրացիկի նման ողորմություն ուզի։ Սակայն նաև կառավարության պատասխանատու անձինք պետք է արժանավայել կերպով իրենց աշխատանքի արդյունքով ապրեն, ոչ թե դեռ պաշտոն չստացած՝ իրենք իրենց պարգևատրեն պետական փողերով, ու ժողովուրդն էլ ալարկոտ ու անինքնասե՞ր ա։ Թող որ ամեն ինչ արդար լինի վերևից վար, պետականից մինչև հասարակ ժողովուրդ։

Սոնա Հարությունյան – Պարոն վարչապետ, հեծանիվ պետք չէ հորինել, մենք միշտ էլ մեզ հարցեր տալիս ենք։ Հիմա ժամանակն է, որ Ձեզ ու ձեր թիմակիցներին ուղղված հարցերի պատասխանները հնչեն։ Դեռ սպասում ենք։ Համապատասխան անձինք՝ հանձինս Ձեզ, լռում են կամ «արդարացումներ փնտրում»։

 

Մաքս Վարժապետյան - Ի սկզբանե ատամներով ձեզ պաշտպանել եմ ու ամեն օր կռիվ արել բոլորի հետ, անգամ հարազատ մարդկանց հետ ձեզ համար, հետևաբար չփորձեք ինձ սերժական հանել: 

Ես ամեն օր սոված ու ծարավ վճարել եմ հարկերս, սակայն մինչև հիմա աշխատում եմ հասարակական սեկտորում և օգնում եմ մարդկանց:  Իսկ կառավարությունն ու պետական այլ հաստատությունները ինձ հրաժարվեցին օգնել ուսմանս հետ կապված խնդիրներում: ԿԳ նախարարը նենց մի հատ սարկաստիկ պատասխան տվեց ինձ, որ բերանս բաց մնաց: Թքած դրա վրա չնայած: Մինչև այսօր ատելության ու խտրականության հողի վրա հարձակմանս հաշվով լռություն ա: Պետությունը բացահայտ ինձ ցույց ա տալիս, որ չի օգնելու, որ վախենում ա ընդունի հակախտրականության օրենքը, որ ոչ կարողանամ դուրս գամ էս երկրից, ոչ էլ կարողանամ ստեղ հանգիստ ապրեմ: Եվրոպային ներկայացնում եք, որ ապահով տեղ ա, մարդիկ իրար սիրում հարգում են, գործը թափած, հնարավորությունները լիքը: Ո՞ւմ եք խաբում ու խի՞ եք խաբում: Բացի ձեր պոպուլիստական, ֆոբիաներով լի մտքերից դեռ ոչինչ չեմ/չենք տեսել:

Արսեն Վարդանյան- Հեղափոխության առաջին օրերից պայքարել եմ՝ լցված հավատով, լավատեսությամբ: Թե՛ հեղափոխությունից առաջ, թե՛ հեղափոխությունից հետո աշխատել եմ մեծագույն սիրով, առանց որևէ մեկին քծնելու, ինքս իմ ուժերին հավատալով: Ոչ մի ռեժիմ չի խանգարել ինձ աշխատանքս անել ուժերիս ներածին չափով լավ: Հեղափոխությունից հետո սպասում էի կրթական հեղափոխության: Մեր խարխուլ, ողորմելի, ձևի և ոչ երբեք բովանդակության հիման վրա կառուցված կրթական համակարգի արմատական փոփոխություն էինք սպասում ողջամիտ ժամկետում, սակայն Ձեր նշանակած թիմն այս հարցում ոչ մի էական փոփոխություն չարեց, ոչ էլ նախանշեց դրա կատարմանման հեռանկարի մասին: Կրթության նախարարությունը մեկը մեկի հետևից փուչ խոստումներ հրապարակեց, հետո ինքն իրեն ժխտեց, ուսուցչի վարկը բարձրացնելու փոխարեն՝ ամեն կերպ նվաստացրեց և խրախուսանքի փոխարեն՝ միայն պատժի ձևեր հորինեց.... Ես ու ինձ նման բազում այլ երիտասանդներ չենք կարող միայնակ ու առանց պետական միջամտության ինչ-որ բան փոխել: Եթե նավը խարխուլ է, ծակծկված կողերով, ես կարող եմ ընդամենը մի փոքրիկ հատվածի ճեղք վերանորոգել, բայց դա ոչինչ է, պարո՛ն վարչապետ, ոչի՛նչ: Անցել են ժամանակները, երբ պետությունը պետք է հենված լիներ միայն անհատների, նվիրյալների ուժերի ու անձնուրացության վրա. մենք ունենք պետականություն. քաղաքացին իր թիկունքում պիտի զգա պետության ուժն ու հոգածությունը, այլապես ավելորդ են դառնում կառավարությունը, Դուք... Սա ֆիդայական պետություն չէ, սա Հայաստանի Հանրապետությունն է՝ ազատ, անկախ ու արդար... Բավակա՛ն է զոռ տաք պաթոսին, բավակա՛ն է Ձեր պերճախոս լեզվով կոծկեք ամեն բան, բավակա՛ն է միայն խոստումներ տաք: Մենք Ձեզ վստահել ենք, բայց այն, ինչ անում եք այժմ, քչերի սրտով է: Հուսախաբ մի՛ արեք մարդկանց, որոնք Ձեզ անվերապահորեն վստահել են, կամ էլ կարողացե՛ք արժանապատիվ հեռանալ...

Սոսե Ղլեջյան - Որպես 30 տարվա մանկավարժ ոչ մի անգամ կառավարությունների վրա հույս չեմ դրել. մանկավարժի իմ պարտականությունը կատարել եմ ու ստացել ցանկացած պաշտոնյայի քարտուղարուհուց 10 անգամ քիչ աշխատավարձ, որի 1/4-ը որպես եկամտահարկ գանձվել է ինձանից: Իմ ու ընտանիքիս հոգսերը հոգացել եմ աշխատանքից հետո երկրորդ աշխատանք անելով: Եվ այսպես եմ արել, ոչ միայն ես, այլև այս երկրի ուսուցիչների 90 տոկոսը: Ու ոչ մի անգամ ուսուցիչները ցավոք սրտի չընդվզեցին. ըմբռնումով մոտեցան երկրի վիճակին, երբե՛ք ավել գումար չպահանջեցին իրենց տքնաջան ու անշնորհակալ աշխատանքի համար, դեռ մի բան էլ ավելին՝ նրանցից ոմանց դարձրին ընտրակեղծիքների մասնակիցներ՝ վարկաբեկելով և՛ նրանց անձը, և՛ ուսուցչի բարձր կոչումը: Դուք մի՛ մտահոգվեք , մենք եթե այստեղ դեռ ապրում ենք և աշխատում, ուրեմն ինչ որ բան անում ենք և՛ մեզ համար, և ՛ կառավարության համար: Կառավարություն, որին առաջարկում եմ ուսուցչի աշխատավարձը 1 դրույքի համար հասցնել ամսական 450 000դրամի: Ես սա ԿԳ նախարարությունում էլ եմ բարձրաձայնել դեռևս 10 տարի առաջ, բայց պատասխանը եղավ. «մենք աղքատ երկիր ենք»։

Կարեն Բադալյան - Ես արել եմ այն, որ քայլել եմ-քայլել եմ-քայլել եմ և 132 պատգամավոր եմ ընտրել, որպեսզի ամսեկան պետական բյուջեից 600 000 աշխատավարձ ստանան:

Կարեն Գալստյան - Ինքս ինձ համար ընտանիք եմ ստեղծել, տուն եմ կառուցել,ծառ եմ տնկել ու որդի եմ ունեցել, 15 տարի գրանցված աշխատող եմ ու պետությանը հարկ եմ վճարում, մանր բիզնեսով էի զբաղվում բայց ձեր օրոք փակեցի, որովհետև հարկախեղդ արեցիք, վնասով էի աշխատում: Պարոն Փաշինյան մենք հարկեր ենք վճարում, որ դուք արքայավայել ձեր կյանքը վայելեք կառավարական դաչաներում և Եվրոպայում շրջագայությունների մեկնեք։ Էլ ի՞նչ անենք ձեր համար, ասեք անենք։

Հովհաննես Գևորգյան - Պարոն Փաշինյան, այն հարյուր հազարավոր մարդիկ, ովքեր, շաբաթներով տուն չգնալով, հեղեղել էին իրենց քաղաքների ու գյուղերի փողոցները, ամիսներ առաջ պատասխանել են Ձեր հարցին։ Նրանք արել են այն ամենը, ինչ ի զորու էին անել սեփական կյանքի բարելավման համար։ Համենայն դեպս այդ մարդիկ հույս ունեին, որ անում են դա իրենց համար։  Սակայն ժամանակը այլ բան է ցույց տալիս, և շատերի մոտ այլևս այն տպավորությունն է, որ իրենք եղել են ամենահասարակ իշխանամոլության և մեկ անձի իշխանության հասնելու փափագը ի կատար ածելու գործիք։ Հետևաբար ավելի արդար կլինի եթե հենց դուք պատասխանեք ժողովրդի հարցին. Ի՞նչ է արել Ձեր կառավարությունը Հայաստանի Հանրապետության այլևս ոչ այնքան հպարտ քաղաքացու համար։

Արման Հովհաննիսյան – Ի՞նչ պետք ա աներ թալանված ու հարստահարված ՀՀ  քաղաքացին իր համար, խեղճ քաղաքացին հո ֆինանսների կամ ՊԵԿ ի նախարարը չի, որ իրեն 7-8 միլիոն կլորիկ գումար ինքնապարգևատրի, 2.5 միլոն քարտուղարուհուն պարգևատրի, քարտուղարուհու քարտուղարուհին էլ իրեն ինքնապարգևատրի, խեղճ ՀՀ քաղաքացին հո ՊԵԿԻ նախարարի տեղակալ Մաշադյանը չի, որ 23 տարեկան որդուն արդեն միլիոնատեր և Երևանի կայազորի դատախազ դարձնի, ՀՀ քաղաքացին հո մերժված Սերժի գործարար եղբայր Սաշիկը չի որ «հալալ» աշխատած միլարդավոր դոլարներից մի 18 միլիոն դոլար «նվիրաբերի» ի փառս իր անունի բարեգոծության և վասն հայրենյաց, ուր մնաց մեզանից 28 տարի շարունակ թալանած միլարդավոր դոլարները, ինչի՞ ՀՀ քաղաքացին պիտի փակի այն 7 միլարդ պարտքը, որը ինքը չի տեսել և չի ստացել, եվ ուրեմն ի՞նչ անի թալանված, քցված, արդարության ծարավ ՀՀ քաղաքացին։

Ասպրամ Ենգիբարյան - Կառավարությունը զարգացման ծրագիրը պետք է կազմի դե ֆակտո հաշվարկով, այլ ոչ թե հույսը դնի մարդկանց մտավոր եւ գործնական կարողությունների ֆանտաստիկ մետամորֆոզի վրա. ի դեպ դրա աստիճանական զարգացումն էլ առանց միջամտության չի լինի: Իհարկե կան բացառիկ դեպքեր, որ Ձեր ասած լեզուներն են սովորում, մասնագիտական աճ ունենք, բայց միշտ և ներկայումս էլ Հայաստանում գործում է մերձավոր-ծանոթների առաջընթացի սկզբունքի պատը: Ինչ վերաբերում է բիզնեսով զբաղվելուն, բիզնես մտածողություն ամեն մարդ չուն։ Այնպես որ, դուք սկզբում ինքնամաքրվելու և լավ մենեջեր, կադրեր նշանակելու կարիք ունեք: Ոլորտ կա, որ Ձեր նշանակած ղեկավարի չիմացության եւ անփորձության մասին լեգենդներ են ասվում. էլ ինչ բարոյական իրավունք կա նմանն ունենալով այլոցից անհնարը պահանջել։

Սեմ Մինասյան – Եկեք դուք Ձեր բաժինը արեք՝ թող ժողովուրդը գոհ մնա, հետո պահանջեք։ Թե չէ այնպիսի տպավորություն է, որ մի քանի հոգով՝ ձեր դատարկագլուխ կադրերի հետ միասին եք հեղափոխություն արել, իսկ ժողովուրդը ձեռքները ծալած նստել է։ Մենք ձեզ ընտրել ենք, որ ձեզանի՛ց պահանջենք ոչ թե դո՛ւք մեզանից։ Մեզանից հասանելիքը՝ մենք արդեն արել ենք, հիմա ձեր գործելու ժամանակն է, թե չէ դուրս է գալիս, դուք էլ եք սկսել ժողովրդին պատասխանել՝ «Իյա իրո՞ք» սերժական ոճով

Էրիկ Գրիգորյան- Պարոն վարչապետ, կոնկրետ մորս դեպքում ամեն ինչ արել ենք, որ դադարեցվի նրա նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը ու քննչականի ու դատախազի կողմից գործ նկարելը, դիմել ենք Ձեզ քանիցս, Բեյրութում դեսպանությունում Ձեզ զեկուցել են, Ձեր հանձնարարությամբ զեկուցել ենք Ձեր գլխավոր խորհրդականին, ուղարկել ենք դիմում կառավարություն, անձամբ ներկայացրել ենք խախտումները գլխ. դատախազության համապատասխան վարչ. պետի տեղակալին, դիմել ենք ՄԻՊ, մի քանի օր առաջ նաև հանձնել ենք Դսեղում այցի ժամանակ Ձեր թիկնապահին, որ խոստացավ ձեր օգնականին հանձնել: Հարցս՝ բա դու՛ք ե՞րբ եք քայլեր ձեռնարկելու մորս և այլ քաղաքացիների իրավունքները վերականգնելու, քննչականի ու դատախազության «բեսպրեդելը» դադարեցնելու ու մեղավորներին պատժելու ուղղությամբ։

Հանրային կարծիք - Նման մի բան, որ ժամանակին նախկին իշխանություններն էին ասում, դուք վրա էիք տալիս։ Եթե լրիվ մեզնից է կախված, ձեր ֆունկցիան ինչումն է կայանում։ Հենա պաշտոններից հրաժարվեք բոլորդ անխտիր, որովհետև դուք դեռ էնքան ճանապարհ չէիք անցել ու ներդրում ձեր գործով չեք արել էս պետության մեջ, որ ձեզ նման հայտարարություններ թույլ տաք։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ