Միլիարդատերերը կարծես մրցավազքում են գտնվում, թե ով է ավելի արտասովոր, տարօրինակ և նույնիսկ ոչ խելամիտ գնումներ կատարում։ Դե իհարկե, երբ դու անսահման կարողությունների տեր ես, կարելի է ծախսել միայն նրա վրա, ինչը չի վաճառվում։ Իսկ այստեղ արդեն ամեն ինչ կախված է երևակայությունից, որը սահմանափակ է միայն ֆիզիկայի օրենքներով։ Եվ նույնիսկ այս դեպքում՝ ոչ միշտ։
AdMe.ru-ն պարզել է, թե ինչի վրա են գումար ծախսում միլիարդատերերը, և ընտրել է 7 ամենաօրիգինալ գնումները։
1․ Քլայվ Պալմեր - «Տիտանիկ II»
Ավստրալացի քաղաքական գործիչ Քլայվ Պալմերը 2013 թվականին հայտնեց, որ կկառուցի «Տիտանիկ II»-ը։ Այն կլինի հայտնի նավի ճիշտ կրկնօրինակը, սակայն կհամապատասխանի անվտանգության ժամանակակից տեխնիկական հնարավորություններին և պահանջներին։ Նավի կառուցումը կավարտվի 2022 թվականին։
2․ Ռիչարդ Բրենսոն - տիեզերական նավ
Ռիչարդ Բրենսոնը՝ Virgin Group ընկերության հիմնադիրը, 200 միլիոն դոլար է ծախսել իր տիեզերանավի կառուցման վրա։ Մոտ ժամանակներս նա մտադիր է ուղեծրային ճամփորդություններ կազմակերպել բոլոր ցանկացողների համար, ովքեր 250 000 դոլար ունեն տոմս ձեռք բերելու համար։ Նավը դեռևս չի սկսել զբոսաշրջիկներին տեղափոխել, սակայն արդեն վաճառվել է ավելի քան 900 տոմս, այնպես էր նավի ինքնարժեքն արդեն իսկ հետ է գնացել Բրենսոնին։
3․ Սթիվեն Քոեն - վագրային շնաձուկ
Միլիարդատեր Սթիվեն Քոենը սիրում է արտասովոր իրեր հավաքել։ Այսպես, 2004 թվականին նա թափանցիկ լուծույթում «պահածոյացված» շնաձուկ է գնել 12 միլիոն դոլարով։ Դա նկարիչ Դեմիեն Հերսթի ստեղծագործությունն է՝ «Ապրողի գիտակցությունում մահվան ֆիզիկական անհնարինությունը» անունով։ Երկու տարի անց պարզվեց, որ տարայի մեջ սխալ լուծույթ է լցված եղել․ շնաձուկը սկսեց նեխել։ Այդ ժամանակ Սթիվենը պարզապես փոխեց լուծույթը և նոր շնաձուկ դրեց տարայում։
4․ Շեյխ Համադ - հողի վրա գրություն
Փոքր հասակում մենք ամեն ինչի վրա գրում էինք մեր անունը, որպեսզի բոլորն իմանան, թե ումն է այն։ Նույնն արել է արաբ շեյխ Համադը՝ 2004 թվականին գնելով սեփական կղզին և այնտեղ իր անունը գրել տալով։ HAMAD գրությունը, որի չափերն են՝ 1 700×500 մետր, հնարավոր էր տեսնել տիեզերքից։ Բայց երկու տարի անց գրությունը սկսեց դուր չգալ Համադին, և նա որոշեց այն ծածկել ավազով։
5․ Բիձինա Իվանիշվիլի - ծառեր
Գործարար և Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հիանում է հարյուրամյա ծառերով։ Վրաստանի ծովափնյա տարածքներում նրա համար պեղում են եզակի նմուշներ, որպեսզի այն տնկեն նրա անձնական բուսաբանական այգում։ Այսպես, մի անգամ 560 տոննա քաշով ծառն Իվանիշվիլիին հասցնելու համար ստիպված են եղել մի ամբողջ ջրանցք քանդել, ճանապարհ կառուցել և թունել կտրել։
6․ Բիլ Գեյթս - սեփական քաղաք
Բիլ Գեյթսը 80 միլիոն դոլար է ծախսել Արիզոնայում 100քառ․կմ տարածք գնելու համար, որպեսզի այնտեղ իր «խելացի» քաղաքը կառուցի՝ Բելմոնտը, որտեղ կարող են ապրել պրոգրեսիվ մտածելակերպով մարդիկ։ Քաղաքի գլխավոր առանձնահատկությունը բոլոր առաջատար տեխնոլոգիաների օգտագործումն է։ Բնակիչները կունենան «խելացի» տներ, առանց վարորդների տրանսպորտ, ավտոմատացված ծառայություններ, առաջադեմ դպրոցներ, մտածված ենթակառուցվածքներ և համացանցի տիեզերական արագություն։
7. Ջեֆֆ Բեզոս - «հավերժական» ժամացույց
Amazon-ի հիմնադիրը և աշխարհի ամենահարուստ մարդը 42 միլիոն դոլար է ծախսել ժամացույցի վրա, որը կաշխատի 10 000 տարի։ Այս տեխնոլոգիան ստեղծելու համար 12 տարի է անհրաժեշտ եղել։ Ժամացույցը գտնվում է արևմտյան Տեխասում։ Վերջերս արդեն սկսել են այն տեղադրել։
Իսկ եթե Դուք շատ հարուստ լինեիք, ի՞նչ կգնեիք։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը