Զինված ուժերում մահացության մասին տարբեր են թե Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (ՀՔԱՎ), թե Քննչական կոմիտեի, թե Պաշտպանության նախարարության և Զինդատախազության տարածած պաշտոնական տվյալները։ Այս մասին նշված է ՀՔԱՎ-ի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։ Ինֆոգրաֆիկայի տեսքով ներկայացված են 2018 թ.-ին Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության զինված ուժերում մահացության դեպքերը, տեղեկանքում համադրված են պաշտոնական և ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տվյալները:
«Հետաքրքիր է, որ տարբերություններ կան ոչ միայն ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հավաքագրած ոչ պաշտոնական տվյալների և պաշտոնական տվյալների միջև, այլև հենց պաշտոնական տարբեր աղբյուրների՝ ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ զինվորական դատախազության, ՀՀ քննչական կոմիտեի տրամադրած տվյալների միջև:
Ընդգծենք, որ պաշտոնական երկու աղբյուրների՝ ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ զինվորական դատախազության տվյալների համաձայն՝ մահացության 63 դեպքերից 38-ը կապված են զինվորական ծառայության հետ, իսկ 25-ը՝ ոչ, մինչդեռ ՀՀ քննչական կոմիտեի տվյալներով՝ 50 զինծառայողի մահացության դեպքից 37-ն են կապված զինվորական ծառայության հետ, 13-ը՝ ոչ։
Հաշվի առնելով այն, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակին ոչ պաշտոնական աղբյուրներից հայտնի են դարձել մահվան 47 դեպքերը միայն, արձանագրում ենք, որ 63 դեպքերից միայն 47-ի մասին է տեղեկատվություն տարածվել, ընդ որում՝ դրանցից միայն 37-ի վերաբերյալ է առաջնային աղբյուր եղել պաշտոնական աղբյուրը:
Նկատենք, որ 2018 թ.-ին հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զոհերը 7-ն են, իսկ ոչ մարտականը՝ 56-ը: Ոչ մարտական մահացությունների թվում մեծ թիվ են կազմում ավտովաթարի հետեւանքով մահացությունները /17/, առողջական խնդիրներով պայմանավորված մահացությունները /13/ եւ ինքնասպանություններ որակված դեպքերը /11/:
Այսինքն՝ կարելի է եզրակացնել, որ զինված ուժերում պատշաճ ուշադրություն չի դարձվում ավտոմեքենաների շահագործման կանոնների պահպանմանը, մեքենաների շահագործման տեխնիկական պահանջներին, որոշ դեպքերում նաև վարորդների պատրաստվածությանը:
Իսկ այն, որ մահացության ամենատարածված երկրորդ պատճառը առողջական խնդիրներն են, գտնում ենք, որ պայմանավորված է զինված ուժերում բժշկական ծառայության ապահովման խնդիրներով, նաև առողջական խնդիրներով երիտասարադների զինվորական ծառայությանը պիտանի ճանաչելու փաստերով:
Համեմատության համար նշենք, որ 2017 թ-ին ՀՀ գլխավոր դատախազության տվյալներով գրանցվել է մահացության 76 դեպք, որոնցից 23-ը տեղի է ունեցել հրադադարի ռեժիմի խախտման, 10-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 16-ը առողջական խնդիրների հետեւանքով, 4-ը՝ ականի պայթյունի, 8-ը՝ սպանության (4-ը՝ դիտավորյալ, 4-ը՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտման), 6-ը՝ դժբախտ պատահարի (1-ը՝ շմոլ գազից թունավորման, 1-ը նռնակի պայթյունի, 1-ը՝ վրաերթի, 3-ը՝ հայտնի չէ), 9-ը՝ ավտովթարի:
Ինչպես տեսնում ենք, 2017 թ-ի համեմատ 2018 թ-ին հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահացության դեպքերը նվազել են մոտ երեք անգամ (16-ով), սպանություն որակված եւ առողջական խնդիրների հետեւանքով մահացության դեպքերի թիվը նվազել է 3-ով, 1-ով աճել է ինքնասպանություն որակված դեպքերի թիվը, իսկ ավտովթարի հետեւանքով մահացության դեպքերի թիվն աճել է 8-ով (մոտ երկու անգամ)»,– հաղորդում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:
Վիճակագրական այլ տվյալներ և մանրամասներ ներկայացված են ՀՔԱՎ-ի տեղեկանքում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը