29 01 2019

ՊԵԿ թափուր պաշտոնների մրցույթի մասնակիցները՝ խախտումների մասին․ Բաց նամակներ

ՊԵԿ թափուր պաշտոնների մրցույթի մասնակիցները՝ խախտումների մասին․ Բաց նամակներ

ՊԵԿ-ի հայտարարած թափուր պաշտոնի մրցույթին ամասնակցած քաղաքացիներից ահազանգեր ենք ստանում, որոնք վիճարկում են մրցույթի անցկացման օրինականությունը, արդյունքների արդարացիությունն ու անաչառությունը։

Հասմիկ Ադամյանը, որ մասնակցել էր ՊԵԿ թափուր պաշտոնի մրցույթին, հանդես էր եկել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին ուղղված բաց նամակով։ 

Հունվարի 24-ին լրագրողների հետ զրույցում Դավիթ Անանյանն ասաց․ «Բայց նամակին ծանոթ չեմ, բայց ես խնդրում եմ և հորդորում եմ, որ բոլոր այն անձինք, ովքեր զգում են, տեսել են, նկատել են իրենց նկատմամբ նման վերաբերմունք, որ իրենք շատ ավելի արժանի է եղել և կոպիտ ասած՝ մրցույթը չեն անցկացրել, ես այդ բոլոր տեղեկությունները խնդրում եմ հայտնել կազմհսկողական վարչություն։ Ցանկացած տեսակետ կարող է լինել սուբյեկտիվ։ Ես առաջարկում եմ, որ անձը գա, ներկայացնի իրավիճակը, որոշում կայացնենք»։

Դավիթ Անանյանի ճեպազրույցին ի պատասխան՝ ստացել ենք Հասմիկ Ադամյանի բաց նամակ-արձագանքը, ինչպես նաև նամակ մրցույթի արդյունքները վիճարկող ևս մեկ քաղաքացուց՝ Յուրա Մուղդուսյանից։

 

 Ներկայացնում ենք Հասմիկ Ադամյանի արձագանքը․

«Բարև Ձեզ, պարոն Անանյան

Այդ բաց նամակ գրող անձը ես եմ և պատրաստ եմ գալ հանդիպել և մատնանշել բոլոր այն փաստարկները, որ բերել եմ բաց նամակում՝ հատ առ հատ, բացահայտել ծանոթ-բարեկամ, փոխկապակցված անձ լինելու հանգամանքները, միայն խնդրում եմ՝ ասեք, թե երբ է Ձեզ հարմար, որ ժամանակ գտնեք ինձ լսեք: Սա միայն իմ բողոքի ձայնը ու դիտարկումը չէ, այլ այն բազմաթիվ դիմորդների, ովքեր դժբախտություն են ունեցել մասնակցելու «մրցույթ» կոչվող ներկայացմանը։ Եթե կարդաք իմ բաց նամակի տակ գրված մեկնաբանությունները, կհամոզվեք ինքներդ, թե որքան շատ են այդ մարդիկ, ովքեր համակարծիք են և սեփական կաշվի վրա են զգացել այդ ամենը:

Ձեր նշած «ներքին զգացողությունն» ու «սուբյեկտիվ կարծիքը» չեն կարող լինել տասնյակ մարդկանց մոտ միաժամանակ, կամ հենց ինձ մոտ 2-րդ տարին անընդմեջ, քանզի առաջին անգամը չէ, որ չեմ կոտրվում և դիմում եմ՝ կրկին միամտորեն փորձելով հավատալ, որ այս անգամ ուրիշ կերպ է լինելու: Հավելեմ, որ նույնաբովանդակ գրությամբ դիմել եմ նաև վարչապետի աշխատակազմ, քանզի հարկային և մաքսային ծառայությունների մրցութային և ատեստավորման հանձնաժողովի անդամներին ներկայացվող չափանիշները, հանձնաժողովի կազմը, աշխատակարգը և անդամների թվաքանակը սահմանում է կառավարությունը: Ներկայացրել եմ կետ առ կետ իմ բոլոր դիտարկումները, որոնք մասամբ նշել էի բաց նամակում:

Հիշեցման կարգով նշեմ մի քանիսը.

Դիտարկում 1. Բանավոր քննության հարցատոմսերում ներառվող հարցերը պետք է ընտրվեն պատահականության սկզբունքով, դիմորդի ներկայությամբ համակարգչային ծրագրի կամ դիմորդի բազմաքանակ տոմսերից իր ձեռքով քաշելու տարբերակով (ինչպես սովորաբար լինում է ԲՈՒՀ-երի քննություններում), որը կապահովի գաղտնիության սկզբունքը, հետևաբար կբացառի նաև պարզունակ ու բարդագույն հարցերի տարանջատումը և հասցեականությունը: Նաև կչեզոքացնի կոռուպցիոն ռիսկը: Այլ ոչ՝ ինչպես հիմա է՝ քննասենյակ մտնելուց քեզ հրամցնում են քո անուն-ազգանունով վաղօրոք նախապատրաստված տոմսը՝ իր հարցերով:

Դիտարկում 2. Դիմորդը, ինչպես մրցույթի թեստավորման փուլում, պետք է հնարավորություն ունենա բանավոր մրցույթին նույնպես իր հարցատոմսի հարցերին պատասխանելուց անմիջապես հետո՝ մինչ գնահատականների հրապարակումը, իմանալ իր հարցերի ճիշտ պատասխանները, որպեսզի կարողանա ինքնուրույն համեմատել, հասկանալ, համոզվել, թե որ հարցում է թերացել, սխալ պատասխան տվել, ըստ այդմ՝ ինքնուրույն հաշվարկել իր փաստացի գնահատականը: Դա լրիվ ռեալ է, քանի որ, ինչպես նկատեցի, հանձնաժողովի բոլոր անդամների մոտ առկա էին բոլոր հարցատոմսերի հարցերի ճիշտ պատասխաններով թերթիկներ, որոնցով և հիմանականում նրանք առաջնորդվում էին: Քանի որ դիմորդներ կային, որ գնացել էին, տանը ստուգել և հասկացել, որ իրենք տվյալ հարցերին տվել են ճիշտ պատասխաններ, սակայն իրենց այդ պատասխանները սխալ են դիտարկել, նշանակել ցածր գնահատական, և արդեն ուշ էր բողոքարկման համար:

Դիտարկում 3 . Դիմորդին պետք է հստակ ներկայացվի հանձնաժողովի անդամների՝ պարտադիր, ըստ օրենքի թվաքանակը, ու թե հանձնաժողովի քանի անդամների մասնակցության դեպքում է որոշումների կայացումը իրավազոր:

Որքան տեղյակ եմ՝ այդ 9 հոգանոց հանձնաժողովի անդամների թվում պետք է լիներ նաև վարչապետի աշխատակազմից ներկայացուցիչ: Ինչո՞ւ չկար: Ու շատ ավելի արդարացի կլինի, որ ներկա կազմով գործող հանձնաժողովն առհասարակ ցրեք և հիմնովին նոր հանձնաժողով ստեղծեք, որի կազմը որոշելու իրավունք Դուք ունեք (Խնդրին առնչվող բազմաթիվ նամակների, ինձ հասցեագրված բողոքների ծանրակշիռ մասը վերաբերվում է նաև հանձնաժողովի գործող կազմին):

Ես առաջարկում եմ նաև բանավոր քննությանը թույլ տաք դիտորդի կարգավիճակում ներկա գտնվելու նաև լրատվամիջոցների և ոլորտով հետաքրքրված կամ առնչվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Դեռ այսքանը … մնացած դիտարկումներս կներկայացնեմ հանդիպմանը, հուսամ՝ այն կլինի երկկողմ արդյունավետ:

Եվ վերջում, պարոն Անանյան, նշեմ նաև, որ Ձեզ դիմելն անհնար է, ինչպես Դուք հորդորում եք, քանի որ առանց թույլտվության, շենք մուտք գործելն ուղղակի անհնար է: Իմ կոնտակտային տվյալները կան Ձեզ մոտ՝ ՊԵԿ-ում առկա անձնական գործիս մեջ, իհարկե, եթե իրոք ցանկություն ունեք լսել և տեղեկանալ Ձեր ղեկավարած մարմնում առկա խնդիրներից: Ուզում եմ հավատալ, որ այն, ինչ հայտնեցիք տեսախցիկների առջև, իրոք Ձեր մոտեցումն է հարցին, այլ ոչ թե ասված էր լրագրողների համար, որպեսզի հարցը համարեն փակված: Ես պատրաստ եմ կետ առ կետ իմ նշած բոլոր բաղթողումները հիմնավորել, սակայն հանդիպման նախաձեռնությունը չի կարող գալ ինձանից զուտ այն պարզ պատճառով, որ ես ինքս չեմ կարող անգամ մուտք գործել ՊԵԿ-ի շենք՝ առանց թույլտվության։ Ուստի խնդրում եմ՝ Դուք Ձեզ հարմար ժամանակահատվածում հանդիպումը կազմակերպեք: Հուսամ, որ հարցն իրոք կարևոր է Ձեզ համար և Դուք նույնպես շահագրգիռ եք, որ այս լուրջ բացթողումները կարգավորվեն, այլապես ստացվում է, որ դրանք տեղի են ունենում Ձեր գիտությամբ և թույլտվությամբ: Հ.Գ  Սպասում եմ Ձեր կանչին։ Շնորհակալություն»։

Ներկայացնում ենք Յուրա Մուղդուսյանի նամակը․

«Հարգարժան պրն. Անանյան:

Մրցույթի մասնակցել եմ առաջին անգամ: Առաջին փուլը հաղթահարելով, մասնակցել եմ մրցույթի երկրորդ՝ հարցազրույցի փուլին: Իմ աչքից չեն վրիպել մրցույթի ընթացքում տեղ գտած մի շարք խախտումներ, որոնք ցանկանում եմ բարձրաձայնել: Ներկայացնում եմ քննության ընթացքը, որի մասնակիցն եմ եղել ես:

Անհայտ պատճառներով սկսվել է մոտ 1 ժամ ուշացումով: Քննասենյակում քարտուղարի կողմից ստացել եմ պատրաստի անուն ազգանունով հարցաթերթ, նախապատրաստվելը տևել է 2-4 րոպե: Չգիտեմ ինչու, ստեղծվել էր շտապողականության մթնոլորտ և արագացվել էր քննության տեմպը, որը, բնականաբար, հավասար պայմանների կոպիտ խախտում է, ավելացրած վերը նշված 1 ժամը, որը պարզ չէ՝ ինչ համամասնությամբ է տրամադրվել և որ արտոնություններ ունեցող մասնակիցներին: Մասնակիցը կարող է հասկանալ հանձնաժողովի անդամների հոգնածության գործոնը, սակայն դա հիմք չէ փոխելու քննության ընթացքը, հետևաբար՝ քննության անցկացման ձևը: Իմ  և այլ մասնակիցների համար այդ գործոնը որոշիչ ազդեցություն ունեցավ: Հարցերը բոլորը տրամաբանական էին, որոշ հարցեր՝ պրակտիկ:

Տարիներով աշխատողներն ունենալով աշխատանքային մեծ փորձ ու հաճախակի իրենց աշխատանքի ընթացքում առնչվելով տարբեր մասնագիտական իրավիճակների, կամ չեն կարողանում կամ դժվարությամբ են պատասխանում տրված հարցերին, ուր մնաց միայն տեսական գիտելիքներ ունեցող դիմորդը: Այդ հարցազրույցն ավելի շատ նման էր բլից հարցերի, որոնց պատասխանը պետք է հնչեր հարցը կարդալուց անմիջապես հետո, և անցնել հաջորդ հարցին: Բնականաբար, դա ազդում է մասնակցի հոգեբանության վրա և մասնակիցը կարող է նաև սխալ պատասխանել այն հարցին որի ճիշտ պատասխանը գիտի: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ: Երևի միայն նրա համար, որ ինձ բախտ է վիճակվել լինել ցուցակում վերջին քննվողներից մե՞կը, թե՞ այլ պատճառ կա. հուսով եմ՝ կստանամ այդ հարցի պատասխանը ևս:

1. Որոշ մասնակիցներ ունեցել են ավելի շատ ժամանակ նախապատրաստվելու, որոշները՝ 2-4 րոպե:

2. Հաջորդը վերաբերվում է հանպատրաստի անուն-ազգանունով տոմսերին, որի վերաբերյալ կիսում եմ բաց նամակում մասնակիցներից մեկի արտահայտած տեսակետը և ավելացնում, որ նշված կետը բացահայտ արձանագրված կանոնակարգի խախտում է: Տոմսերը պետք է կազմվեն դիմորդի ներկայությամբ համակարգչից՝ հարցերի պատահական ընտրությամբ:

3. Պարզ է, որ հարցատոմսերը կազմվել են կոնկրետ անձանց համար, և մասնակիցներից ոմանց տրամադրվել է անյպիսի հարցեր, որոնց չեր կարող պատասխանել նաև համակարգում աշխատանքային փորձ ունեցող աշխատակիցը, իսկ որոշներին՝ պարզունակ:

4. Հանձնաժողովի անդամների թվաքանակի հետ կապված  հաճախակի փոփոխությունները, որը գնահատման կանոնների խախտում է։ Բազմաթիվ դիմորդներ մասնակցելով քննությանը՝ հավաքել են հավասար ձայներ, որտեղ բացակայել է որոշիչ ձայնը, ընդ որում՝ 6 հոգանոց հանձնաժողովի, որը հակասում է կանոնադրությանը: Վերոհիշյալ խախտումները, բնականաբար, որոշիչ կերպով ազդել են քննության արդյունքների վրա, գոնե այն մասով որ ես ականատես եմ եղել և զգացել սեփական մաշկիս վրա:

Վստահ իմ գիտելիքներին ներկայանալով քննության, հիասթափվել եմ՝ տեսնելով, թե ինչպես է ոտնահարվում արժանապատվությունս, որը ձեռք է բերվում տարիների քրտնաջան աշխատանքի, կամքի և ձգտման շնորհիվ: Ես այլ կերպ չեմ կարող որակել, քան մարդուն գնահատել իր իրական հնարավորությունների սահմաններից շատ ցածր, որը հետևանք է վերը գրվածների. դա ոչ այլ ինչ է, քան արժանապատվության ոտնահարում և նվաստացում:

Ես ՀՀ հպարտ քաղաքացի եմ և հավատում եմ նոր Հայաստանի լուսավոր ապագային, նոր բարգավաճումներին, մարդու իրավունքների և ազատությունների խստագույնս պահպանումով նոր հզոր Հայաստան կառուցելուն, որը հնարավոր է միայն մեր բոլորի միահամուռ ջանքերով, մեր լուման ներդնելով՝ փոփոխելու համար այն արմատացած արատավոր սովորույթները և երևույթները, որոնք խանգարում են և կխանգարեն ապագայում, եթե այսօր լռեմ ես և մյուսները: ՊԵԿ ղեկավարումը վստահված է Ձեզ և վստահ եմ՝ այդ կառույցը, որը մեր երկրի համար կարևորագույն նշանակություն ունի, գտնվում է հուսալի ձեռքերում:

Կարծում եմ և հուսով եմ Ձեր հագեցած առօրյայում ժամանակ կգտնեք և կծանոթանաք Ձեզ ուղղված նամակին: Իմ իրավունքն ու պարտականությունն է բարձրաձայնելը, և խնդրանքս, որպեսզի վերացվեն քննությունների կազմակերպման գործընթացում տեղ գտած խախտումները: Իմ և բազմաթիվ մասնակիցների իրավունքն է՝ մասնակցել օրենքին համապատասխան հավասար պայմաններով քննության անցկացմանը, նոր հանձնաժողովի կազմով և պահանջել արդարության վերականգնում: Եթե այսօր չշտկվեն առկա խնդիրները, վաղը ես, կամ ինձ նման այլոք, կրկին և կրկին խաբվելու են, որն ի վերջո բերելու է համակարգի նկատմամբ վստահությունը կորցնելուն, ինչպես հեղափոխությունից առաջ էր, երբ ՊԵԿ-ում աշխատելու համար դիմում էին միայն ծանոթ-բարեկամներ ունեցողները, կամ էլ …:

Հուսամ, որ հարցն իրոք կարևոր է Ձեզ համար և դուք նույնպես շահագրգիռ եք, որ այս լուրջ բացթողումները կարգավորվեն, որպեսզի չստեղծվեն այլ տպավորություններ: Հուսով եմ՝ մեր ձայնը լսելի կլինի և կհայտարարվի կրկնակի մրցույթ, որը թույլ է տալիս օրենսդրությունը:

Շնորհակալություն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ