Հրապարակախոս Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Դատարանը մեկ շաբաթ առաջ մերժել էր Մհեր Եղիազարյանին գրավի դիմաց ազատել, արդյունքում այսօր նա մահացել է բանտում։ Մհեր Եղիազարյանը կալանվորվել է դեկտեմբերի 3֊ին գումար շորթելու մեղադրանքով, անմիջապես, 2 օր անց դեկտեմբերի 5֊ին հացադուլ է հայտարարել որպես բողոք անարդար կալանքի դեմ, հացադուլի 44֊րդ օրը առողջությունը կտրուկ վատացել է, և հացադուլից դուրս է եկել, տարել են հիվանդանոց, ապա հետ բերել խուց, և բանտում մահացել է այսօր։
Փաստբան Վահե Արմենակյանը ասում է որ նման գործերով 80 տոկոսով կալանքը խափանման միջոց չեն ընտրում, և եթե այս հանգամնքին գումարենք, որ Մհեր Եղիազարյանին ազատելու համար միջնոդրել էին ԱԺ երկու պատգամավոր, ուրեմն, հարց է առաջանում՝ ինչո՞ւ է դատավորը մերժել միջնորդությունը։ Քանի որ դատավորը մի այլ հարցի է պատասխանել, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին՝ «Հայաստանում դատավոր կա, որը կարա ինձ ասի չէ՞»։
Իսկ ո՞վ էր ասել մի դատավորի՝ «կալանքը ուզես չուզես պըտի տաս», Փաշինյանի ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը։ Ու դատավորը կալանքը տվել էր։Եղիազարյանի գործով զանգ եղե՞լ է դատավորին։ Կարևոր չի, կարևորը այն է որ դատավոր չկա ով վարչապետին չի կարող չլսել, կամ էլ եթե կա, ապա այս դատավորը՝ Արմեն Բեկթաշյանը հաստատ նրանցից չի։ Իսկ երբ չէ չասող դատավորին վարչապետի չինովնիկը ասում է «կալանքը ուզես չուզես պըտի տաս» մարդը ուզում է մեռնի, մեկ է, բերդից դուրս գալու շանս չունի։
Հաշվի առնենք նաև, որ Մհեր Եղիազարյանը նախկին իշխանության աջակից «Հայոց արծիվներ» կազմակերպության փոխնախագահն էր և haynews.am կայքի խմբագիրը, և ուրեմն, դժվար կլինի առարկել, այն պնդմանը, որ նրան կալանվորելու ու միջնորդությունը մերժելու պատճառը նրա քաղաքական դիրքորոշումն է եղել։
Հացադուլից հյուծված մարդու մահը բանտում, մանավանդ նախնական կալանքում, մանավանդ թեթև հանցանքի մեջ մեղադրվողի, մանավանդ քաղաքական հակառակորդ, մանավանդ երբ դատարանը մերժում է գրավի դիմաց ազատելու միջնորդությունը՝ սպանություն է։ Ո՞վ է մարդասպանը։ Այս սխեմայի մեջ գտեք նրան»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը