21 01 2019

Հայաստանը վերածվում է հին մեքենաների գերեզմանոցի. «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ

Հայաստանը վերածվում է հին մեքենաների գերեզմանոցի. «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Արթուր Միսակյանը կառավարությանն առաջարկել է անցում կատարել էլեկտրամոբիլներին, Երևանում ստեղծել լիցքավորման անվճար կայաններ, ինչպես նաև ազատել ԱԱՀ-ից: Այս մասին հունվարի 21-ին լրագրողների հետ զրույցում ասել է նա.

«Էլեկտրամոբիլները կարող են օգտագործել առաքման ծառայություններ մատուցող կազմակերպությունները: Սա զգալիորեն կնվազեցնի ապրանքների և ծառայությունների արժեքը»,- նշել է Միսակյանը՝ ավելացնելով, որ հրաշալի կլիներ, եթե կառավարությունը, հաշվի առնելով էլեկտրամոբիլների մատչելիությունը, սկսեր ծառայողական մեքենաները էլեկտրամոբիլներով փոխարինել:

Ըստ Միսակյանի՝ Հայաստանն աստիճանաբար վերածվում է հին մեքենաների գերեզմանոցի: «Դրան անչափ նպաստում է ներկայումս վարվող պետական քաղաքականությունը»,- շեշտել է նա:

Նրա խոսքով՝ այս քաղաքականության հետևանքով հարևան երկրներում գնվում են հին էժան մեքենաները: Դրանից բացի, մեծ ծավալով խորհրդային ժառանգություն կա, հատկապես գյուղական վայրերում, և բացի այդ մաքսազերծման գործում մի ամբողջ կույտ բարդություններ և բյուրոկրատիա կան: «Օրինակ՝ պահանջում են աճուրդի տեսանյութը»,- ասել է Միսակյանը՝ շեշտելով, որ չափազանց անհարմար է նաև Արարատի մաքսատան վայրը:

«Ճանապարհային պատահարների հետևանքով վնասված մեքենաների գնահատման փորձագիտության ինստիտուտն ընդհանրապես կոռուպցիոն ռիսկեր է պարունակում»,- հիշեցրել է նախաձեռնության անդամը:

Նա նաև ասաց, որ Աջ ղեկով մեքենաների հարցում Հայաստանի իշխանությունները որոշել էին Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել:

Կառավարության փաստարկները, որ աջ ղեկով մեքենաներն անվտանգ չեն և դրանց մեծ քանակը  կարող է աղավաղել աջակողմյան շարժման համակարգը, Արթուր Միսակյանը համոզիչ չի համարել:

«Այժմ աջ ղեկով մեքենաների մասնաբաժինն ընդհանուր թվի 3-5 տոկոսն է կազմում: Եթե անգամ տարեկան 10-15 հազար ներկրեին, դա չէր անդրադառնա ճանապարհային երթևեկության վրա: Միեւնույն ժամանակ վթարներում աջ ղեկով մեքենաների մասնաբաժնիը ընդամենը 9 տոկոս է: Եվ դեռ հարց է, նրանցից քանիսն է մասնակից, իսկ քանիսը մեղավոր», - ասել է Միսակյանը:

Նրա խոսքով այժմ սահմանին մոտ 500 մեքենա կա և նրանց թիվն աճում է:

«Սխալ կարծիք կա, որ մեքենաները 2-3 ամսից են առաքվում: Ճապոնիայից 4-4,5 ամսվա ընթացքում են հասնում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ