18 01 2019

Լապշինին սպառնացել են ՀՀ այցելելու համար

Լապշինին սպառնացել են ՀՀ այցելելու համար

Հայաստանում գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշինին Երևան ժամանալու առաջին օրն իսկ սպառնացել են ադրբեջանական մամուլով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է բլոգերը։ Ըստ Լապշինի՝ Ադրբեջանում «խանդել են» հայերի նկատմամբ ջերմ վերաբերմունքի պատճառով։

«Երեկ դեպի Երևան չվերթից հետո փորձում էի հանգստանալ: Պառկած ինչ-որ ֆրանսիական կատակերգություն էի նայում: Հանկարծ ընկերներս ուղարկեցին ադրբեջանական լրատվական կայքից հղում, որտեղ գրված էր․ «Եթե Լապշինը չդադարեցնի իր սերը հայերի հանդեպ, մեր համբերությունը կպայթի»: Չեմ կատակում, տխմարները հենց այդպես էլ գրել են»,- գրել է Լապշինը՝ հավելելով, որ այդ սպառնալիքը ևս կկցվի իր՝ Ադրբեջանի դեմ հարուցած միջազգային գործին:

«Նրանց համար քիչ էր, որ ՄԻԵԴ-ն իրենց պատասխանատվության է ենթարկել իմ հանդեպ մահափորձի համար և շուտով գործընթաց կսկսվի ԱՄՆ-ում: Նրանց նաև քիչ է, որ երեկ ԵԽԽՎ-ն խստորեն դատապարտել է Բաքվին բլոգեր Մեհման Հուսեյնովին հետապնդելու համար։ Ինձ համար հաճելի է, որ ես չնչին լումա ունեցա այդ որոշման մեջ: Եվ նրանք դեռ բացահայտ սպառնում են: Շնորհակալություն, ուղարկեցի փաստաբաններին, կկցեն գործին», - նշել է բլոգերը:

Հիշեցնենք, որ բլոգերը երկու ամսով Հայաստան է ժամանել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ