Ամանորյա և Սուրբ ծննդյան տոնական օրերին՝ 2018 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2019 թվականի հունվարի 7-ը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ փոխադրել է 11 հազար 320 ուղևոր, ինչը 31%-ով գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանահատվածի ցուցանիշը:
ՓԲԸ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ միջազգային հաղորդակցությունում Երևան-Թբիլիսի-Երևան գնացքով, փոխադրվել է 1 093 ուղևոր (աճը՝ 42%), իսկ տեղական հաղորդակցությունում՝ 9 519 ուղևոր (աճը՝ 21%):
Երևան-Գյումրի-Երևան երթուղում գործող նոր էքսպրես էլեկտրագնացքով մեկնել է 708 ուղևոր:
Երկաթուղու ուղևորների թվի աճը նկատվում է հանրապետությունում ընդհանուր ուղևորափոխադրումների ծավալի անկման ֆոնին: Օրինակ, եթե 2018 թվականի հունվար-նոյեմբերին ավտոտրանսպորտի ուղևորահոսքի անկումը կազմել էր 9,4%, ապա երկաթուղում արձանագրվել է աճ 5,3%-ով:
Օպերատիվ տվյալների համաձայն՝ 2018 թվականին ՀԿԵ-ի ուղևորափոխադրումներն աճել են 5%-ով, փոխադրվել է 385 հազար ուղևոր, որից 64 հազարը՝ միջազգային հաղորդակցությունում: Երևան-Բաթումի-Երևան երթուղով փոխադրվել է ավելի քան 53 հազար ուղևոր, ինչը վերջին 10 տարիների ռեկորդային ցուցանիշ է: Նույնպես ռեկորդային 203 հազար ուղևոր տեղափոխվել է նաև Երևան-Գյումրի-Երևան երթուղով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը