Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՀ Կառավարության կողմից երեկ ընդունված թիվ 1535-Ն որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացվել է 5 միլիարդ 705 միլիոն ՀՀ դրամ՝ զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող, սահմանված կարգով 2018թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ հաշվառված, սակայն զինվորական ծառայության ընթացքում սեփականության իրավունքով անհատույց բնակարան չստացած և առողջության կամ տարիքի կամ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով: Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի կողմից հայտնվել է, որ 2018 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ սահմանված կարգով` բնակարանային պայմանների կարիքավոր ճանաչված և ՀՀ պաշտպանության նախարարություն ներկայացված ցուցակների հիման վրա բնակհաշվառման հերթացուցակներում ընդգրկված են թվով 1141 նախկին զինծառայողների ընտանիքներ, որոնցից 326-ը՝ Երևան քաղաքում: Ստացվում է, որ յուրաքանչյուր նախկին զինծառայողի հատկացվելու է 5 միլիոն դրամ՝ իր բնակարանային խնդիրը լուծելու համար: Նախկին մի քանի զինծառայողների կողմից ստացել ենք ահազանգ, որ կայացված որոշումը չի լուծելու իրենց խնդիրը, ավելին, այդ գումարով իրենք չեն կարողանալու գնել բնակարաններ:
Ակնհայտ է, որ այս քայլով կառավարությունը փորձել է մեղմել նշված սոցիալական խմբի առջև ծառացած խնդիրները, սակայն դատելով արձագանքներից, այն չի լուծելու խնդիրը: Ակնհայտ է, որ 5 միլիոն դրամով որևէ մեկն այսօր չի կարող բնակարան գնել ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: ՛՛Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին՛՛ ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառված, սակայն սույն օրենքի 65-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ սեփականության իրավունքով անհատույց բնակարան չստացած զինծառայողների համար պահպանվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին սեփականության իրավունքով անհատույց բնակարան ստանալու իրավունքը: Սույն մասում նշված զինծառայողները կարող են սույն օրենքի 65-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու օրվանից հետո հրաժարվել սույն մասով սահմանված իրավունքից և օգտվել սույն օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված նպատակային ծրագրերից:
Վերը նշվածից հետևում է, որ պետությունը օրենսդրորեն ստանձնել է պարտավորություն՝ պետական բյուջեի միջոցների հաշվին սեփականության իրավունքով անհատույց բնակարան տրամադրել վերը նշված նախկին զինծառայողների ընտանիքներին: Թեև ողջունելի է, որ ՀՀ կառավարությունը փորձում է լուծել այս լուրջ խնդիրը, սակայն ակնհայտ է, որ երեկ կայացված որոշումը հակասում է ՛՛Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին՛՛ ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներին: Ուստի, հետագա բարդություններից խուսափելու, նախկին զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրներին ամբողջական լուծում տալու նպատակով, առաջարկում եմ կառավարությանը՝ վերանայել կայացված որոշումը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը