27 12 2018

Քըրք Քըրքորյան՝ «Լաս Վեգասի արքա»

Քըրք Քըրքորյան՝ «Լաս Վեգասի արքա»

«Լաս Վեգաս երբ ասում ենք, պետք է ասենք նաև Քըրք Քըրքորյանի մասին, ով Վեգասի գլխավոր հիմնադիրներից մեկն է», - կամավոր հիմունքներով աշխատող Հայաստանի պատվավոր հյուպատոս Էնդի Արմենյանի խոսքով, Քըրքորյանի ներդրումը զվարճանքների համաշխարհային կենտրոնի զարգացման մեջ այստեղ հիշում են բոլորը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Ծայրաստիճան աղքատ, կարիքավոր ընտանիքում մեծացած Քըրքը կարողացավ ոչ միայն իր օգնության շնորհիվ փոխել հազարավոր մարդկանց կյանքը այլև թողնել իրենից հետո մնայուն ժառանգություն՝ քաղաք, որն այսօր Երկիր մոլորակի ամենավառ կետն է: Քըրք Քըրքորյանն այն եզակի մարդկանցից էր, ովքեր դեռևս տասնամյակներ առաջ գիտակցեցին՝ Լաս Վեգասի ապագան ոչ թե խաղատների այլ՝ զվարճանքների մայրաքաղաքի վերածվելն է:

«Քըրք Քըրքորյանը և Սթիվ Ուինն այն երկու անձինք էին, որ Լաս Վեգասի խաղատների մոտեցումը լիարժեք փոխել են, միայն խաղատների կենտրոնից դարձրել են զվարճանքների կենտրոն», - Էնդի Արմենյանի խոսքով այսօր Լաս Վեգաս, քաղաք, որը կարող է անմիջապես 150,000 մարդու հյուրանոցային համարներ տրամադրել, ժամանում են ընտանիքներով. Այստեղ յուրաքանչյուրը կգտնի իր նախասիրություններին համապատասխանող հանգիստ: Առաջին կարգի աստղերի համերգներ, Cirque du Soleil մարմնամարզիկների կրկեսի անկրկնելի ներկայացումներ, Նեվադայի անապատում ստեղծված գոլֆի 50-ից ավելի լիարժեք դաշտ: Անցյալում են մնացել ժամանակները, երբ Լաս Վեգաս ժամանող խաղամոլները բավարարվում էին արագ սննդի կետերով:

«Այսօր այդ մոտեցումը փոխվել է: Ամերիկայի ամենանշանավոր խոհարարները մասնաճյուղ ունեն Լաս Վեգասում», - պատմում է Արմենյանը:

Լաս Վեգասում են աշխարհի լավագույն 25 հյուրանոցների մեծ մասը. Այստեղ է հանրահայտ շատրվաններով և Պետրոսյան սրճարանով Բելաջիոն, իրական ոսկով օծված պատուհաններ ունեցող Միրաժը և սեփական բոուլինգի սրահ ունեցող Փալմս խաղատան հյուրանոցային համարները: Եվ այդ ամենի հեղինակներից մեկը Քըրք Քըրքորյանն է, ով, մյուս խոշոր գործարարների հետ միասին Լաս Վեգասից դուրս հանեց հանցավոր կապիտալը՝ վերջ դնելով խաղատներում փողերի լվացումը և վերածելով քաղաքը հեքիաթի: Գործ, որի համար էլ Քըրքորյանին այստեղ կոչեցին «Լաս Վեգասի արքա»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ