Դեկտեմբերի 24-ի առավոտից Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ պայքարող «Իրավապահանջ քաղաքացի, հզոր պետություն» նախաձեռնությունը բողոքի ակցիա էին իրականացնում ՀՀ արդարադատության նախարարության շենքի դիմաց: Այնուհետև նրանք քայլերթով գնացել են ՀՀ գլխավոր դատախազություն և ներկայացրել իրենց պահանջները:
Նախաձեռնության անդամները նշում են, որ հանուն օրենքի ու իրավական երկիր ստեղծելու համար է իրենց պայքարը, և Մանվել Գրիգորյանի ազատ արձակումը ապօրինի որոշման արդյունք է, նա պետք է կրկին հայտնվի ճաղերի հետևում:
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ակցիայի մասնակիցներին ասաց, այսօր բողոք են տանում Վերաքննիչ դատարան՝ Մանվել Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու որոշամ դեմ:
Ցուցարարների հարցին, թե «հնարավո՞ր է, որ դատարանը հանրային ճնշման դեպքում ավելի արագ գործը քննի, քանի որ մարդիկ չեն կարող հանդուրժել Նոր տարուն Մանվել Գրիգորյանի՝ ազատության մեջ գտնվելը», դատախազը պատասխանեց.
«Պետք է մի բան հասկանանք՝ սրանք իրավական գործընթացներ են, դատարանն անկախ է, և դատարանի նկատմամբ ցանկացած ազդեցություն ընդունելի չէ, բայց այ նիստն արագ նշանակել, քննություն իրականացնել, կարծում եմ, որ կոնկրետ իրավիճակում դատարանի ծանրաբեռնվածությամբ պայմանավորված, այո՛, հնչեղ գործերով կա այսպիսի մոտեցում, և, եթե նկատեցիք, մենք էլ մեր նախատեսված հնգօրյա ժամկետից շատ վաղ՝ մեկօրյա ժամկետում տանում ենք վերաքննիչ բողոք»։
Ակցիայի մասնակիցներն էլ դադարեցրեցին բողոքը մինչև այն ժամանակ, երբ արդեն Դատախազության միջնորդությունը կմուտքագրվի:
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը դեկտեմբերի 21-ին բավարարել էր Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը և նրա նկատմամբ կիրառվող կալանքը փոխարինել էր 25 մլն դրամ գրավով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը