24 12 2018

Պահանջում ենք ՀՀ-ին հանձնել սպանություն իրականացրած ռուս զինծառայողին. Հանրագիր

Պահանջում ենք ՀՀ-ին հանձնել սպանություն իրականացրած ռուս զինծառայողին. Հանրագիր

Հայաստանյան մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ, կուսակցություններ հանրագիր (պետիցիա) են պատրաստել կապված Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմահենակետում տիրող իրավիճակի, ոչ կանոնադրական հարաբերությունների եւ ռուս զինծառայողների՝ ՀՀ քաղաքացինեերի անվտանգությանը սպառանացող  վարքագծի վերաբերյալ: Նրանք պատրաստվում են դեկտեմբերի 25-ին բողոքի ցույց անցկացնել Հայաստանում ՌԴ դեսպանատան առջեւ, որի ժամանակ ՌԴ դեսպանին կհանձնվի բողոքի Հանրագիր՝ պետիցիա: Կներկայացվի նաեւ ՀՀ իշխանություններին ուղղված ուղերձը:

Ստորեւ ներկայացնում ենք Հանրագիրն ու ՀՀ իշխանություններին ուղղված ուղեձրը.

«ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան

Սերգեյ Կոպիրկինին

Մենք՝ ներքոստորագրյալներս,

արձանագրելով, որ՝

Հայաստանի ինքնիշխանությունը եւ անվտանգությունը դառնում են խոցելի Հայաստանում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմահենակետի զինծառայողների մերժելի վարքագծի եւ այնտեղ տիրող ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով՝

ՀՀ ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան պրն Սերգեյ Կոպիրկինին մեր խոր վրդովմունքը եւ մտահոգություն ենք հայտնում ռազմահենակետում տիրող իրավիճակի առնչությամբ: Ռուսական ռազմահենակետն իր զինծառայողների անկառավարելի մեղսագործ վարքագծի պատճառով վերջին տարիներն ՀՀ անվտանգության երաշխավորը լինելու փոխարեն վերածվել է տեղի խաղաղ բնակչության կյանքի համար սպառնալի, ահաբեկիչ գործոնի:

2015 թ. հունվարի 12-ին ՌԴ 102-րդ ռազմահենակետի զինծառայող Վալերի Պերմյակովի դաժան բռնարարքի զոհ դարձան Գյումրի քաղաքում բնակվող Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներ: Հանցագործության սոսկալի բնույթը եւ հետաքննության ոլորանները պատճառ դարձան Հայաստանի քաղաքացիական հասարակության բուռն ընդվզման, որի արդյունքում միայն փորձ կատարվեց մասամբ թափանցիկ եւ բազմակողմ հետաքննություն անցկացնել՝ կանխելով 102-րդ ռազմահենակետի ղեկավարության փորձերը հանցագործությունը քողարկելու եւ անհրաժեշտ տեղեկատվությունը սահմանափակելու ուղղությամբ: Հայ հասարակությունը, մասնավորապես գյումրեցիները, այդպես էլ չստացան երաշխիքներ, որոնք կերաշխավորեին նման ահավոր միջադեպերի հետագա բացառումը:

ՌԴ ռազմահենակետի ղեկավարության հանցագործ անգործունեության, ինքնիրավչության հետեւանքով չձեռնարկվեցին համապատասխան քայլեր զինծառայողների վարքականոնի մշակման եւ ներքին բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման նպատակով, որի հետեւանքով շարունակվեցին Շիրակի մարզի խաղաղ բնակչության շրջանակում վախի եւ անհանգստության տրամադրությունների ուժգնացմանը նպաստող պարբերական գործողությունները, որի գագաթնակետը դարձավ սույն թվականի դեկտեմբերի 3-ին Գյումրու Սլաբոտկա կոչվող թաղամասում ռուս զինծառայողի կողմից քաղաքապետարանի բնակկոմունալ եւ շրջակա  միջավայրի պահպանության բաժնի 57-ամյա կնոջ՝ ՀՀ քաղաքացու դաժան ծեծը:

Իր աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում վայրագ ծեծի ենթարկվելով՝ ռուս զինծառայողը սպանեց  հայ կնոջը:

Մենք պահանջում ենք առավելագույն թափանցիկություն եւ հանրային վերահսկողություն սահմանել գործի հետաքննության ողջ ընթացքում, որպեսզի բացառվեն ռազմահենակետի ղեկավարության կողմից աչառու քայլերը:

Անհրաժեշտ է սահմանել այնպիսի իրավապայմանագրային հարաբերություններ եւ ռազմահենակետի ներքին նոր կանոնակարգ, որոնք գործնականում կերաշխավորեն ՀՀ խաղաղ քաղաքացիական բնակչության դեմ ոչնչով չպատճառաբանված հանցագործ միջադեպերի իսպառ բացառումը:

Մենք պահանջում ենք, որ դուք անձամբ տեղյակ պահեք ՌԴ բարձրագույն ղեկավարությանը առկա հանգամանքների մասին՝ ձեռնարկելու անհրաժեշտ, գործնական քայլեր իրավիճակը հիմնովին փոխելու ուղղությամբ:

Մենք պահանջում ենք, որ ռուս զինծառայողները հարգեն ՀՀ օրենսդրությունը եւ ենթարկվեն դրան Հայաստանի ողջ տարածքում:

Մենք պահանջում ենք հայկական կողմին հանձնել  սպանություն իրականացրած ռուս զինծառայողին:

Ելնելով վերոշարադրյալից՝

մենք ընդգծում ենք, որ այդ պահանջները չկատարելու դեպքում մենք կարձանագրենք, որ ՌԴ ռազմահենակետի հետագա գոյությունը ՀՀ տարածքում ոչ միայն վտանգավոր եւ կասկածահարույց է դառնում, այլեւ մեր ազգային շահերին հակասող եւ անհեռանկար: 

Մենք հետեւողական ենք լինելու մեր պահանջներում»:

ՈՒՂԵՐՁ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Հայաստանը միակ երկիրն է, որտեղ մշտական հիմունքներով տեղակայված են ռուսական զորքեր: Դրանք Հայաստանում են ՀՀ բարձրագույն իշխանության եւ հասարակության լուռ համաձայնությամբ: Այս հանգամանքը ի հայտ է բերում ցավալի մի իրողություն. հայ հասարակական- քաղաքական միտքը դեռ չի թոթափել «հավերժ բարեկամի» քայքայիչ մտածելակերպը:

Մինչդեռ, «հավերժ բարեկամի»՝ Ռուսաստանի ռազմաքաղաքական  ձգտումները, ինչպես ցույց են տալիս փաստերը, հաճախ հակոտնյա են հայ ժողովրդի, Հայաստանի շահերին: Ղարաբաղյան խնդրի կարգավորման՝ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանի Դաշնությունը զինում է ՀՀ ռազմաքաղաքական հակառակորդ Ադրբեջանին եւ տարածաշրջանի այլ երկրների: Դա ի ցույց է դնում ռուսական միլիտարիզմի իրական նկրտումները՝ տարածաշրջանը վերածել անկայուն տիրույթի:

Նման քաղաքականության հետեւանք է նաեւ ռուսական զինված ուժերի պահվածքը հյուրընկալ երկրի՝ Հայաստանի տարածքում: Նրանք պարբերաբար ի ցույց են դնում իրենց ցինիկ, արհամարհական վերաբերմունքը Հայաստանի պետության եւ ՀՀ քաղաքացիների հանդեպ: Փաստերը բազմաթիվ են եւ հանրությանը հայտնի:   Չնայած այդ ամոթալի իրողությանը՝  պաշտոնական Երեւանը կրկնում է Մոսկվայի՝«մի քաղաքականացրեք» թեզը:

Պետք է արձանագրել, որ «հավերժ բարեկամի» քաղաքական կարծարատիպը որդեգրել են Հայաստանի թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունները: Ռուսաստանի հետ արժանապատիվ միջպետական հարաբերություններ հաստատելու խնդիրը երբեք չի եղել Հայաստանի իշխանությունների քաղաքական օրակարգում. վասալային կախվածությունն ընդունվել է որպես անվիճարկելի իրողություն: Միջազգային ատյաններում Հայաստանը քվեարկում է՝ իր շահերը ստորադասելով Մոսկվային: ՌԴ-ի հետ ՀՀ-ն կնքում է պայմանագրեր, ուր ՌԴ շահերը դարձյալ գերակա են: Այս ամենի հետեւանքով միջազգային հարաբեություններում Հայաստանի Հանրապետության դիրքերը դառնում են խոցելի, իսկ Երեւանի նկատմամբ վերաբեմունքը՝ արհամարհական:

Մենք համոզված ենք, որ Նոր Հայաստանի իշխանությունները քաղաքական նոր խնդիրներ պետք է առաջադրեն՝ Ռուսաստանի հետ նոր՝ իրավահավասար, իրական գործընկերային, արժանապատիվ հարաբերություններ հաստատելով՝ վերանայելով ներկա անարժանապատիվ հարաբերությունները: Մասնավորապես, որպես առաջին քաղաքական քայլ, պետք է պետական իշխանությունների մակարդակով կարգուկանոն սահմանել Հայաստանում ռուսական զինուժի եւ զինտենիկայի յուրաքանչյուր տեղաշարժի  նկատմամբ՝ դրա թույլտվության բացառիկ իրավունքը վերապահելով Հայաստանին: Այդ նպատակով՝

անհրաժեշտ է ընդունել Հայաստանի տարածքում օտարերկրյա զինված միավորումների տեղաշարժի մասին նոր օրենսդրական ակտեր,

պետք է ռուսական կողմի հետ սկսել բանակցություններ՝ Հայաստանում տեղակայված ռուսական միավորումների պատասխանատվության եւ պարտավորությունների սահմանման վերաբերյալ:

Մենք, ներքոստորագրյալ ՀՀ քաղաքացիներս,

կոչ ենք անում Հայաստանի քաղաքական հանրությանը, հասարակության լայն խավերին, իշխանություններին հետամուտ լինել այդ մարտահրավերների հաղթահարմանը եւ քաղաքական օրակարգի առաջնային հարց դարձնել Ռուսաստանի հետ Հայաստանի համար արժանապատիվ եւ իրավահավասար հարաբերություններ ձեւավորելու խնդիրը:

Համոզված ենք, որ Հայաստանի առաջընթացը, միջազգային վարկանիշը, հարեւանների հետ արժանապատիվ հարաբերություններ հաստատումը մեծապես կախված է այդ խնդրի լուծումից:

Հայաստանի ինքնիշխանությունը եւ անվտանգությունը բարձրագույն արժեք են, եւ դրանց թուլացման ցանկացած փորձ պետք է արժանի պատասխան ստանա»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ