15 12 2018

Հեղափոխության ժամանակ տուրիզմի աճի տեմպի անկում է եղել

Հեղափոխության ժամանակ տուրիզմի աճի տեմպի անկում է եղել

ՀՀ տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ տոնական օրերին Հայաստանում զգուշավորություն պահպանելու մասին ԱՄՆ դեսպանատան հայտարարությունում քաղաքական ենթատեքստ չկա. դա պարզապես ստանդարտ գործընթաց է: 

«Նման հաղորդագրությանը հաջորդել է ԱՄՆ դեսպանության պարզաբանումը, որ դա ստանդարտ գործընթաց է: Դա նշանակում է, որ այդ հայտարարությունը որևէ քաղաքական ենթատեքստ կամ այլ իմաստ չի պարունակում: Ողջ աշխարհը, խաղաղ ցույցերի օրերին Հայաստանում եղած զբոսաշրջիկները ևս իրենց աչքով տեսել են, որ այստեղ ամեն ինչ անվտանգ ու խաղաղ է: Անվտանգության խնդիրներ չկան: Եվ դրա մասին միայն մենք չէ, որ ասում ենք»,-ասաց Ապրեսյանը՝ հավելելով, որ այդ հայտարարությունը պարզապես եղել է ցանկացած երկիր գնալիս զգուշավորության կոչ:

Նա նկատեց, որ հայ ժողովուրդը հազարամյակների ընթացքում է ապացուցել  իր հյուրասիրությունը: Նա նշեց, որ հայ ժողովուրդն ապացուցեց, որ հեղափոխություն անելիս էլ կարողանում է դա անել անվտանգ՝ հարգելով բոլորի իրավունքները: «Նույնիսկ զբոսաշրջիկները հաճույքով մասնակցել են երթերին, և ոչ ոք դրանից չի տուժել: Դա խոսում է նաև իրավապահ մարմինների պրոֆեսիոնալիզմի մասին: Թող բոլորը հանգիստ լինեն, Հայաստանը եղել է, և կա որպես անվտանգ երկիր»,-ասաց Ապրեսյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն էր տարածել, որով կոչ էր անում իր քաղաքացիներին տոնական օրերին զգոն լինել Հայաստանում: Դրանում նշված էր, որ տոնական օրերին կարող են աճել հանցագործությունները՝ թալանը, կողոպուտը, գրպանահատությունները:

Մեխակ Ապրեսյանը նշեց, որ հեղափոխության ժամանակահատվածում գրանցվել է տուրիզմի աճի տեմպի անկում: 

Նրա խոսքով՝ չնայած հեղափոխական իրադարձությունների խաղաղ բնույթին, այնուամենայնիվ, այդ ժամանակահատվածում Հայաստան արտասահմանցի զբոսաշրջիկների լուրջ հոսքի սպասումներ չեն եղել:

«Անկասկած, հեղափոխական իրադարձությունները առաջացրել են Հայաստանի հանդեպ համաշխարհային հանրության մեծ հետաքրքրությունը, եւ դրա արդյունքը կլինի հաջորդող տարիներին զբոսաշրջության աճը»,- նշեց Մեխակ Ապրեսյանը՝ հավելելով, որ այս տարվա առաջին 9 ամիսներին արտասահմանցի զբոսաշրջիկների թիվը կազմել է 1 մլն 275 հազար, ինչը 8 տոկոսով ավելի է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում:

«Տարեկան կտրվածքով ակնկալվում է Հայաստան զբոսաշրջիկների հոսքի 10-տոկոսանոց աճ: Եթե անցյալ ամբողջ տարում Հայաստան է այցելել 1,5 մլն զբոսաշրջիկից մի փոքր պակաս, ապա այս տարի կանխատեսվում է 1,6-1,7 մլն զբոսաշրջիկ»,- շեշտեց Մեխակ Ապրեսյանը:

Նա նշեց, որ աճը հիմնականում կապված կլինի ամանորյա տոներին Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկների թվի աճով:

«Ընդհանուր առմամբ, Հայաստանի հանդեպ հետաքրքրությունն աճում է, այդ թվում՝ Եվրոպայից, Պարսից ծոցի երկրներից, Հարավային Կորեայից զբոսաշրջիկների շրջանում: Հատկապես նկատելի է Չինաստանից եւ Հնդկաստանից զբոսաշրջիկների թվի ավելի քան կրկնակի աճ, ինչպես նաեւ ԱՄՆ-ից, որտեղից ժամանող զբոսաշրջիկների թիվն այս տարի 10 տոկոսով ավելի էր, քան անցյալ տարի»,- եզրափակեց Մեխակ Ապրեսյանը

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ