Խոզերի աֆրիկական ժանտախտ և թռչնի գրիպ հիվանդությունների մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք կանխելու նպատակով՝ գործում են ներմուծման ժամանակավոր սահմանափակումներ Ռուսաստանի Դաշնության այն տարածքներից, որոնք այդ հիվանդությունների նկատմամբ ունեն «ԱՆԱՊԱՀՈՎ» կամ «ԱՆՈՐՈՇ» կարգավիճակ:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես, 2018 թվականի դեկտեմբերի 14-ից ժամանակավորապես կասեցվել է կենդանի խոզերի, նրանց գենետիկական նյութերի, խոզի մսի և այլ սննդային մսային հումքի, վայրի խոզի մսի, իրենց բաղադրության մեջ խոզի միս պարունակող պատրաստի արտադրանքների, եղջյուրակճղակային, կաշվե, աղիքային հումքի, խոզաստևի, որսորդական հաղթանշանների, խոզերի կերակրման համար բոլոր տեսակի կերերի եւ լրացակերերի (բացառությամբ սինթետիկ եւ քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), ինչպես նաև կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային եւ ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ եւ քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը:
Որոշումը կայացվել է՝ հիմք ընդունելով Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) կայքէջում հրապարակված տեղեկատվությունը, ինչպես նաեւ «Կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ Ռուսաստանի Դաշնությունում գոտիավորման» վերաբերյալ այդ երկրի Անասնաբուժության եւ բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության որոշումը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը