11 12 2018

Լրատվամիջոցների նկատմամբ ընտրովի մոտեցում կա. Բորիս Նավասարդյան

Լրատվամիջոցների նկատմամբ ընտրովի մոտեցում կա. Բորիս Նավասարդյան

Քննչական մարմինների այցը խմբագրություններ մտահոգիչ է։ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նոր իշխանություններից ակնկալում է հստակ ուղերձ, որ որքան էլ կարևոր լինեն քննչական գործողությունները, դրանք չպետք է խոչընդոտեն մարդու իրավունքների ապահովմանը և լրատվամիջոցների կանոնավոր գործունեությանը:

Բորիս Նավասարդյանը լրատվամիջոցների գործունեության խոչնդոտում է համարում Yerevan.today-ի, Aysor.am-ի և News.am-ի խմբագրություն իրավապահների այցերը։

«Մի կողմից կարելի է հասկանալ քննչական մարմինների գործողություններն այն առումով, որ կա շատ լուրջ հանրային ակնկալիք իրենց գործողությունների վերաբերյալ, որպեսզի արդյունքի հասցնեն այն գործերը, որոնց հետևում են: Մանավանդ` բավականին աղմկալից գործեր են` երկրորդ նախագահի, գաղտնալսումների հետ կապված, այսինքն` մեծ սպասելիքներ կան, որ շուտով քննչական մարմինները բացահայտումներ են անելու: Ինչ-որ տեղ հասարակական ճնշում կա նրանց նկատմամբ: Սակայն դա չի նշանակում, որ քննչական մարմինները պետք է արհամարհեն այլ հանգամանքներ, որոնք կարևոր են արդար հետաքննության համար` մարդու իրավունքներ, խոսքի ազատություն, լրատվամիջոցների արդյունավետ գործունեության խնդիրները: Փաստորեն, սրանք հաշվի չէին առնվում և լրատվամիջոցներին իրենց օգնող անձանց թվին են դասում, այն դեպքում, երբ լրատվամիջոցներն այլ գործառույթներ ունեն»,- ասաց Նավասարդյանը:

Իրավապահների գործելաոճը, ըստ նրա, կարող է հանգեցնել նրանց սանձազերծ քայլերի, ինչն ընդունելի չէ մեր հասարակությունում: Ըստ Նավասարդյանի` անկախ այն հանգամանքից, թե ինչ քրեական գործի հետ ենք առնչվում, ինչպես ենք վերաբերվում այս կամ այն անձին, որի դեմ քրգործ է հարուցվել`մարդու իրավունքների հանդեպ հարգանքն ու լրատվամիջոցների ազատությունը պետք է մեզ համար առաջնահերթություն լինեն:

«Ստացվում է այնպես, որ «ջոկողություն» են անում` որտեղ կարելի է մտել, որտեղ` ոչ: Այսինքն` իրավապահ մարմինները մտածում են, որ կարող են մուտք գործել այն լրատվամիջոցներ, որոնք ընդդիմադիր դաշտում են: Պետք է ուղերձ հղվի նրանց, որ, անկախ լրատվամիջոցի քաղաքական ուղղվածությունից, բոլոր ԶԼՄ-ները հավասար իրավունքներ ունեն, և այդ իրավունքները ոչ թե պետք է խախտվեն իրավապահ մարմինների կողմից, այլ պաշտպանվեն: Բացի այդ` լրագրողի աղբյուրների գաղտնության իրավունքը պաշտպանված է ոչ միայն մեր, այլ նաև միջազգային մի շարք օրենքներով, ուստի չի կարելի պահանջել բացահայտել նյութի աղբյուրը, մանավանդ, որ դրա անհրաժեշտությունը չկա»,- ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ