Մի շարք լրագրողական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, արձանագրում ենք, որ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները որակապես տարբերվեցին բոլոր նախորդներից՝ լրագրողների և լրատվամիջոցների աշխատանքի բարենպաստ պայմանների և անկաշկանդ գործելու առումով։ Բուն քվեարկության օրը չի արձանագրվել ԶԼՄ-ների աշխատակիցների նկատմամբ ֆիզիկական բռնության կամ մասնագիտական գործունեության խոչընդոտման որևէ լուրջ դեպք, իսկ եղած մի քանի փոքր միջադեպերն էլ տեղում հարթվել են։ Սա աննախադեպ երևույթ է, ինչը պետք է ավանդույթի վերածել։
Միևնույն ժամանակ, մենք արձանագրել ենք, որ նախընտրական ժամանակաշրջանում՝ դեկտեմբերի 7-ին, ՀՀ ոստիկանության աշխատակիցները, ակնհայտորեն չարաշահելով իրենց լիազորությունները, անօրինական գործողություններ են իրականացրել «News.am» լրատվական կայքի խմբագրությունում։ Իրավապահները պահանջել են լրատվամիջոցից քաղաքական գործիչներից մեկի օնլայն ելույթի բովանդակությունը ապացուցող հիմքեր տրամադրել, ինչը զավեշտալի է և՛ ԶԼՄ գործունեության նորմերի, և իրավունքի տեսանկյունից։ Ավելի վաղ՝ նոյեմբերի 20-ին, նմանատիպ անհիմն պահանջ է ներկայացվել նաև «Aysor.am»-ի խմբագրությանը։ Բացի այդ, մինչև հիմա ՀՀ ոստիկանությունը և Քննչական կոմիտեն որևէ ծանրակշիռ հիմնավորում և փաստարկ հանրությանը չեն ներկայացրել «Yerevan. today»-ում իրականացված խուզարկության անհրաժեշտության և դրա արդյունքների վերաբերյալ։
Խոսքի ազատության և լրատվամիջոցների անկաշկանդ գործունեության տեսանկյունից խիստ մտահոգիչ է, որ ժողովրդավարության զարգացումներին զուգահեռ՝ իրավապահների կողմից երբեմն իրականացվում են կամայականություններ ԶԼՄ-ների նկատմամբ։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք կոչ ենք անում ընտրությունների արդյունքում ձևավորվող նոր իշխանություններին՝ միջոցներ ձեռնարկել՝ ԶԼՄ-ներին զերծ պահելու ոստիկանական ապօրինի գործողություններից և առավել բարենպաստ պայմաններ ապահովել լրագրողների և լրատվամիջոցների ազատ գործունեության համար՝ անկախ դրանց քաղաքական ուղղվածությունից։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը