ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին երաժշտի հայտարարությանը:Հիշեցնենք, որ այսօր երաժիշտն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Ուրախ եմ լսել, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին բանտում է: Հայ ժողովուրդը ցանկանում է ու արժանի է նախկինում իրագործված անարդարությունների համար արդարության հաստատման: Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»:Լևոն Քոչարյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Սերժ,Այսօր իմացա, թե որքան ես ուրախացել հորս կալանավորմամբ: Ձեր խմբի աշխատանքը միշտ գնահատել եմ, հիմնականում այն պատճառով, որ պայքարում էիք նաև ցեղասպանության ճանաչման համար և պահանջում արդարություն, ինչի համար պայքարում էր հայրս, ում օրոք ի դեպ ամենաշատ երկրները ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը, շուրջ 15 երկիր: Ներկայանալով օրենքի երկիր ունենալու ջատագով, հակասում ես ինքդ քեզ, երբ չես դատապարտում դատարանների վրա բացահայտ ճնշումները և սպառնալիքները իշխանությունների կողմից: Քանի անգամ առիթ ունեցել ենք միասին ճաշելու և տարբեր հարցեր շոշափելու, նաև քաղաքական: Կարծում եմ ավելի անկեղծ կլիներ քո կողմից կեղծ բարյացակամության և ջերմ վերաբերմունքի փոխարեն հարցնեիր ինձ քեզ այդքան հուզող «միլիարդների» և մյուս ցածրորակ բամբասանքների մասին, որոնց մեծ մասը ի դեպ հորինվել, ծաղկացվել և տարածվել են այն իշխանության կողմից, որին դու անվերապահորեն վստահում ես:
Երգարվեստում հաջողություններ ունենալը լավ է, բայց երբ խոսում ես պատերազմ հաղթած 2 երկրների նախագահի մասին, ով հայրենիքի ազատագրման, ցեղասպանության միջազգային ճանաչման, Հայաստանի տնտեսության վերելքի առանցքային դերակատարն էր, խորհուրդ եմ տալիս մի քիչ մտածել և հետո խոսել, հատկապես հայրենասիրունությունից:
Ժամանակն իհարկե կբացահայտի իրականությունը, հուսով եմ այդ ժամանակ ևս ասելիք կունենաս»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը