Զինված ուժերի զինծառայողներին, այդ թվում նաև ժամկետային զինծառայողներին տրված է լիովին ազատ ընտրելու հնարավորություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակմանը, ըստ որի` Արցախում իրենց ծառայությունն իրականացնող զինծառայողները զանգահարում են ծնողներին՝ տեղեկացնելով, որ դեկտեմբերի 9-ին ընտրություններին մասնակցելու նպատակով իրենց տեղափոխելու են Գորիս և Կապան, որտեղ կարող են հանդիպել նաև իրենց ծնողների և հարազատների հետ:
«Հաշվի առնելով զորամասերի տեղակայման վայրերը, նրանք ընտրելու են մոտակա ընտրատեղամասերում: Նման պնդումները ավելի քան վիրավորական են մեր ժամկետային զինծառայողների հասուն գիտակցության և ինքնուրույնության նկատմամբ, որոնք վերջին տարիներին մի քանի անգամ, տարբեր էքստրեմալ իրավիճակներում ապացուցել են իրենց քաղաքական հասունությունը և կայացած անհատականություններ լինելու հանգամանքը»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ «168 ժամ» թերթը գրել էր. «Մեր տեղեկություններով՝ Արցախում իրենց ծառայությունն իրականացնող զինծառայողները զանգահարում են ծնողներին՝ տեղեկացնելով, որ դեկտեմբերի 9-ին ընտրություններին մասնակցելու նպատակով իրենց տեղափոխելու են Գորիս եւ Կապան, որտեղ կարող են հանդիպել նաեւ իրենց ծնողների եւ հարազատների հետ:
Զինվորները ծնողներին ասել են, որ դա կազմակերպում է Նիկոլ Փաշինյանը՝ պայմանով, որ զինվորները կընտրեն «Իմ քայլը» դաշինքին: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ սա համատարած բնույթ է կրում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը