16 11 2018

Ռուս բլոգերը՝ արցախյան այցի մասին. լուսանկարներ

Ռուս բլոգերը՝ արցախյան այցի մասին. լուսանկարներ

Արցախ այցելած ռուս բլոգեր Նատալյա Անոխինան, իր այցից անչափ տպավորված, հետաքրքիր նյութ է հրապարակել Live Journal-ում՝ կենտրոնանալով բացառապես Արցախի խոհանոցային առանձնահատկությունների վրա:

Բլոգերը պատմում է, որ Արցախում մասնակցել է գինու գյուղական փառատոնին, որի ժամանակ էլ համտեսել է ավանդական ժենգյալով հացը:

«Դրա միջուկում մինչև 17 տեսակ կանաչի է օգտագործվում: Այն մատուցում են տաք-տաք: Ժենգյալով հացը շատ համեղ է ու հրաշալիորեն համադրվում է գինու հետ»,-նշում է բլոգերը:

 

Ի դեպ, զբոսաշրջիկին տպավորել է նաև արցախցիների սրտաբացությունը:

«Երբ սեղանիկի մոտ կանգնած մտածում էինք՝ քանի՞ հատ ժենգյալով հաց վերցնել, մի անծանոթ տղամարդ հետաքրքրվեց, թե որտեղից ենք: Երբ ասացինք՝ Մոսկվայից, պատասխանեց՝ «Մոսկվայի՞ց, օ՜, դուք մեր հյուրերն եք, և ես ձեզ հյուրասիրում եմ»: Այս ասելով՝ նա վճարեց մեր հացերի համար ու լուռ հեռացավ»,- վերհիշել է բլոգերը:

Նատալյան պատմել է, որ Արցախում չորս օր է անցկացրել, ու այդ ընթացքում չափազանց տպավորված է եղել տեղացիների հյուրընկալությունից և ուտեստների անկրկնելի համից:

«Ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի խոհանոցը շատ նման է հայկականին: Քաբաբ, խորոված, բանջարեղեն, կանաչեղեն, կոմպոտներ ու գինիներ. սրանք այն բաներն են, որոնցով ձեզ պատվելու են միշտ ու ամենուր»,-գրում է բլոգերը:

Նրան նաև զարմացնում է այն փաստը, որ ի տարբերություն ռուսական ռեստորանների՝ Ղարաբաղի բոլոր ռեստորաններում մատուցվում են միանման ուտեստներ՝ թարմ բանջարեղեն, թթու, կանաչեղեն, պանիր, սմբուկի խավիար, խորոված:

Բլոգերը գովել է ձվով տապակած կանաչեղենով, հատիկավոր ու կանաչ լոբով ուտեստները և իհարկե խորովածի, քաբաբի տեսականին:

Նա խորհուրդ է տալիս Արցախ այցելելու դեպքում անպայման գնալ Ստեփանակերտի շուկա, որն իսկական շուկա է՝ համեղ ուտելիքներով ու մատչելի գներով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ